ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ Թեեւ նախագահի ընտրությունից հետո որեւէ ընտրախախտում չպատժվեց, ոչ մի ընտրակեղծարար չենթարկվեց պատասխանատվության եւ որեւէ նախանշան չկա, թե մայիսի 25-ին սպասվում են այլ որակի ընտրություններ, ինչ նախագահականն էին՝ ընդդիմությունն աննպատակահարմար է համարում բոյկոտը: Ի պատասխան «Առավոտի» հարցին, թե ինչպես է գնահատում այս դիրքորոշումը՝ առաջին նախագահի նախկին խորհրդական Վահագն Խաչատրյանն ասաց. «Իմ կարծիքով՝ ընդհանրապես պետք չէր մասնակցել ընտրություններին: Ի վերջո, անգամ ՍԴ որոշումը վերջակետ չդրեց նախագահի ընտրության ժամանակ կատարվածին՝ ամեն ինչ կատարվել էր հարյուր հազարավոր մարդկանց աչքի առջեւ, եւ ընդդիմությունը պարտավոր էր առաջին հերթին՝ հենց այդ մարդկանց բացատրություններ տալ, թե ինչ գործողություններ են պատրաստվում ձեռնարկել այդ առնչությամբ: Սակայն նրանք քաղաքական պայքարը շարունակելու ճանապարհ ընտրեցին ԱԺ ընտրություններին մասնակցելը»: Վահագն Խաչատրյանը վստահ է, որ սպառված չեն քաղաքական մեթոդները. «Ուղղակի պետք է լուրջ հետեւություններ անեն: Հաջողության հասնելու համար այժմ պիտի կարողանան ցույց տալ, որ ոչ թե պարզապես պատգամավոր են ցանկանում դառնալ, այլ ԱԺ են գնում, որ լուծեն իրենց հիմնական խնդիրը՝ վերականգնել երկրում սահմանադրական կարգը եւ նախագահի ընտրության արդյունքները: Այդ ճանապարհին ընդդիմությունը պիտի կարողանա նաեւ մեծացնել իր շարքերը եւ ստեղծել մի քիչ ավելի լայն ճակատ»: Մեր նկատառմանը, թե շարքերը գուցե եւ նոսրանան, քանի որ որոշակի հիասթափություն կա. չնայած խոստումներին՝ ընդդիմությունը չկարողացավ տեր կանգնել իր ձայներին, եւ այժմ ընտրողների հետ ամեն հանդիպումից առաջ ստիպված ներողություն են խնդրում դրա համար՝ պրն Խաչատրյանն այսպես արձագանքեց. «Իհարկե, կա հիասթափություն: Զարմանալի կլիներ, եթե չլիներ: Շատերն այն աստիճանի հուսալքված են, որ ընդհանրապես չեն մասնակցի ոչ մի ընտրության կամ քաղաքական գործունեության: Եվ որպեսզի ընդդիմությունը կարողանա հանել մարդկանց այդ վիճակից՝ պիտի իր քաղաքական քայլերի մեջ որոշ փոփոխություններ անի եւ ավելի հստակ ներկայացնի իր մոտեցումներն ու ծրագրերը, եւ ոչ թե ներկայացնի «հանուն արդարության» եւ նման ընդհանուր անորոշ լոզունգներ՝ չնշելով որոշակի մեխանիզմներ»: