Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆԱԶԱՏ ԵՎ ԿԱԽՅԱԼ ՀԱՅ ՄԱՄՈՒԼ

Մայիս 06,2003 00:00

ԱՆԱԶԱՏ ԵՎ ԿԱԽՅԱԼ ՀԱՅ ՄԱՄՈՒԼ Մեկ տարի առաջ 17 լրատվամիջոցներ հայտարարում էին, թե «Ա1+»-ի փակմամբ խոսքի ազատությունը վտանգված չէ: Մինչդեռ այդ եթերազրկումը դարձավ հիմնական պատճառը, որ Հայաստանը հայտնվի «ոչ ազատ մամուլ» ունեցող երկրների ցանկում: Սա ամփոփումն էր: Հայաստանի մամուլը մասնակի ազատ կամ նույնիսկ ժողովրդավարական թերեւս համարում են միայն ղրղըզները, թուրքմենները եւ մեզ հարազատ մենթալիտետով՝ ԱՊՀ այլ երկրները: Իսկ եվրոպացիները կամ ամերիկացիները վերջին շրջանում մեկը մյուսից անխնա գնահատականներ էին տալիս հայաստանյան լրատվամիջոցներին: «Ոչ ոք անկախ չէ» ԱՄՆ Պետքարտուղարությունը 2002-ին Հայաստանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ զեկույցում առանձին բաժին է հատկացրել լրատվամիջոցներին, որտեղ մասնավորապես նշված է. «Որպեսզի խուսափեն պատիժներից, որոնք անցյալում կրել են զորեղ պաշտոնյաներից եւ այլ անձանցից՝ շատ լրագրողներ շարունակում են ինքնագրաքննություն իրականացնել, մասնավորապես՝ կոռուպցիայի կամ ազգային անվտանգության խնդիրներին առնչվող հարցերը լուսաբանելիս»: Զեկույցի հեղինակները նաեւ նշել են, թե Հայաստանի «նախագահի աշխատակազմը շարունակում է էականորեն ներազդել Հանրային հեռուստաընկերությամբ նորությունների լուսաբանման վրա»: Այդ հեռուստաընկերության առնչությամբ առանձին նշված է, թե այն առաջնորդվում է իշխանության քաղաքական ուղեգծով, եւ հիմնականում ձեռնպահ մնում «իշխանության գործողությունների քննադատությունից»: «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի առնչությամբ նշվում է, թե դրանում կան «սողանցքներ, որոնք կարող են օգտագործվել պետական մարմինների կողմից՝ լրատվամիջոցների վրա ավելի մեծ վերահսկողություն հաստատելու համար»: Իսկ տպագիր լրատվամիջոցների առնչությամբ նշված է, որ աշխատում են խիստ սահմանափակ ռեսուրսներով եւ «թերթերից եւ ոչ մեկն ամբողջովին անկախ չէ տնտեսական, քաղաքական խմբերի կամ անձանց շահերից»: Իբրեւ խոսքի եւ մամուլի ազատության ոտնահարումների որոշակի դեպքեր՝ ԱՄՆ Պետքարտուղարությունը նշել է Տիգրան Նաղդալյանի սպանությունը, «Ա1+»-ին եւ «Նոյյան Տապանին» հեռարձակման արտոնագիր չտրամադրելը եւ Մարկ Գրիգորյանի նկատմամբ մահափորձը: «Ո՞վ ավելի մեծ գին կտա» Ամերիկյան «Լրագրողների պաշտպանության կոմիտեն»՝ CPJ-ին, նույնպես վերջերս իր զեկույցում անդրադարձավ 2002-ին Հայաստանում մամուլի դեմ գործված հարձակումներին: Մասնավորապես նշված է, որ նախագահի ընտրության նախօրեին Ռոբերտ Քոչարյանը փորձեց լռեցնել մամուլում հնչող «դժգոհ ձայները» եւ կոչ արեց, որ լրատվամիջոցներն ավելի լոյալ լուսաբանեն իշխանության քաղաքականությունը. «Լրագրողները շարունակում էին գտնվել քրեական հետապնդման, հարձակումների եւ գրաքննության սպառնալիքների ներքո: Միեւնույն ժամանակ՝ տնտեսական ծանր պայմանները ստիպեցին մամուլի առանձին ներկայացուցիչների՝ մի կողմ թողնելով լրագրողական չափանիշները՝ վաճառել սեփական հմտությունները նրանց, ովքեր ավելի մեծ գին էին առաջարկում՝ նույնիսկ եթե դա նշանակում էր դառնալ զորեղ քաղաքական գործչի կամ գործարարի խոսափող»: Ոչ ոք չի պատժվել «Freedom House» ամերիկյան իրավապաշտպան կազմակերպությունը, որը եւ մեր մամուլը գնահատեց անազատ, իր զեկույցում հայաստանյան լրատվամիջոցների ազատության վրա ազդող գործոններ է դիտել քաղաքական ազդեցությունը, փոքր-ինչ պակաս՝ օրենսդրական դաշտը: Ազդող գործոն են դիտվել նաեւ տնտեսական ճնշումները: Զեկույցում արձանագրված է, որ իրավապահ պաշտոնյաները հաճախ են անպատժելի թողնում լրագրողների դեմ իրագործված հարձակումները՝ նշելով նման պայմաններում լրագրողների ինքնագրաքննության մասին: «Պատժեք Հ1-ին եւ ՀՀ-ին» Լրատվամիջոցների մասին առանձին բաժին կա նաեւ Հայաստանի նախագահի ընտրության վերաբերյալ ԵԱՀԿ դիտորդական առաքելության վերջնական զեկույցում: Դիտարկելով ընտրարշավի ընթացքում հեռուստաընկերությունների եւ թերթերի աշխատանքը՝ նրանք որեւէ մեկին չեն արժանացրել «անկողմնակալ էր» գնահատականի: Զեկույցում սակայն առանձնացված է Հանրային հեռուստաընկերությունը, որի տեղեկատվական եւ վերլուծական հիմնական թողարկումներում Ռոբերտ Քոչարյանն առաջին փուլի քարոզարշավում ստացել է ժամանակի 41%-ը, հիմնականում՝ ոչ որպես գործող նախագահ, այլ որպես թեկնածու: Միաժամանակ, լուսաբանումը եղել է դրական կամ չեզոք երանգներով: Մինչդեռ ընդդիմադիր թեկնածուներինը՝ բացասական էր: Զեկույցի հրատապ առաջարկներում նշում է, որ Հանրային հեռուստաընկերությունն ու «Հայաստանի Հանրապետություն» թերթը՝ «Ընտրական օրենսգիրքը» խախտելու եւ թեկնածուներին հավասար քարոզարշավի պայմաններ չընձեռելու համար պետք է պատժվեն, իսկ իշխանություններն էլ՝ երաշխավորեն նրանց չեզոքությունը խորհրդարանի ընտրությունների ընթացքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել