Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԻԴԵՐԻ «ՄԻԿՐՈԲՈՎ» ԿԻՆԸ

Մայիս 06,2003 00:00

ԼԻԴԵՐԻ «ՄԻԿՐՈԲՈՎ» ԿԻՆԸ «Արդյունաբերողների եւ կանանց միություն» դաշինքի համանախագահ Ժաննա Մանուկյանը կանանց հասարակական կազմակերպությունների մի քանի անդամների հետ ՀՀ նախագահական ընտրություններից 20 օր առաջ հանդիպել է Ռոբերտ Քոչարյանին: Սակայն նրան չի հաջողվել Ռ. Քոչարյանի հետ զրուցել խորհրդարանական ընտրությունների մասին ու տեղեկանալ, թե ինչ վերաբերմունք ունի նա իրենց դաշինքի նկատմամբ: «Նրանք /նկատի ունի մյուս կանանց,- Լ. Ս./ ե՞րբ էին թողնում որ: Մի բան էլ խանգարեցին, չթողեցին, որ մի երկու բառ ընտրությունների մասին խոսեմ, պատկերացնո՞ւմ եք: Նրանք որ այնտեղ չգտնվեին, հո էդպես չէ՞ր լինի: Նրանք չէին ուզում ընտրվել: Նրանք գրանտային կանայք են»,- իր դժգոհությունն արտահայտեց Ժաննա Մանուկյանը՝ ավելացնելով, թե ինքը Ռ. Քոչարյանից «մի փոքր» շնորհակալ է, քանի որ նա լսել է նախագահին կից կանանց խորհուրդ ստեղծելու մասին իր առաջարկը: Ժ. Մանուկյանը համոզված է, որ եթե իր նմանները չլինեն, ապա ամեն ինչ այս երկրում կփոշիանա. «Ես ֆանատիկ ազգային գործիչ եմ: Մարդը կարող է մտավորական է, բայց չկարողանա Ժաննայի նման մաֆիայի հետ պայքարի: Ես հիմա ինձ ավելի ուժեղ եմ զգում, քան 1999-ին, քանի որ հիմա հենման կետ ունեմ՝ ֆինանսական, եւ այլն: Ակադեմիկոս այնպիսի մոզգեր կան, որ կարողանում են աշխատել տեխնիկայի, բանի հետ, նրանք մեր հետ են: Համակարգիչների մասին չի խոսքը, համակարգիչն ի՞նչ է, որ՝ ռոբոտների նման են դրանք աշխատում»,- բացատրում է նա: Ժ. Մանուկյանը վստահ է, որ հայերը շատ «արժանիքներ» ունեցող ազգ են. «Եթե այդ արժանիքները աշխարհով մեկ էլ բաժանենք, միեւնույն է՝ մի բան էլի կմնա»: Ժ. Մանուկյանից հետաքրքրվեցինք, թե իրենց դաշինքն ընդդիմությո՞ւն է, թե՞ դիմություն, ինչին ի պատասխան նա ասաց. «Ես ես եմ մնացել, որ ասեմ՝ փոխվել, դարձել եմ ուրիշ Ժաննա, այդպես չէ: Իմ խնդիրն աշխատատեղեր բացելն է: Հզոր գործարանները սեփականաշնորհման անվան տակ փոշիացվեցին, վաուչերներով ռազ-դվա վաճառեցին: Ես ուզում եմ մտնել ԱԺ, որ այն գործարարներին, որոնք ուզում են ներդրումներ անել՝ վստահություն ներշնչեմ, որ նրանք իմանան՝ Ժաննան, Վազգենը /Սաֆարյան,- Լ. Ս./, Պողոսը /անհայտ,- Լ. Ս./ վստահություն են ներշնչում, ու փող դնեն: Թե չէ աշխարհում մեր տեղը ո՞նց կունենանք: Ես ճշգրիտ գիտությունների մասնագետ եմ եւ լավ եմ հասկանում, թե ինչպես է պետք զարգացնել մեր երկիրը. ամեն ինչ ճշգրիտ չափել եմ»: Ժ. Մանուկյանը նաեւ նշեց, որ եթե Ռ. Քոչարյանն իր կադրային քաղաքականությունը «չհստակեցնի», ապա իրենք ԱԺ-ում «առողջ» ուժերով կհամախմբվեն ու իրենց ձայնը երկրում «լսելի» կդարձնեն. «Լավ է արել, բարով է արել՝ ընտրվել է, բայց եթե դա չանի, ապա երկու տարի էլ չի դիմանա իր տեղում»: Իսկ ինչ վերաբերում է նոր աշխատատեղերի ստեղծմանը, ինչը Ժ. Մանուկյանը համարում է իր հիմնական առաքելությունը, ապա նա գտնում է, որ այդ դժվարին աշխատանքում անհրաժեշտ է Ռ. Քոչարյանին «օգնել». «Ինքը մենակ չի կարող դա անել, եթե մեր նման լավ կադրերով չհամախմբվի»,- ասաց նա: Ժ. Մանուկյանի խոսքերով, «Արդյունաբերողների եւ կանանց միություն» դաշինքի իր գործընկեր Վազգեն Սաֆարյանը «հայկական հիվանդությամբ» չի «տառապում». «Նա ասում է՝ ի՞նչ տարբերություն, թող կանայք լինեն ցուցակի առաջին տեղերում: Մենք ենք նրանց առաջ տանում: Ես իմ էությամբ լիդեր եմ: Մարդուն ինչքան ուզում ես՝ դաստիարակի, եթե նրա մեջ հրամանատարի միկրոբ չկա, ուրեմն նա լիդեր լինել չի կարող: Իսկ ես հենց դա եմ: Հենց մտնում եմ շտաբ, բոլորն ակտիվանում են, գիտեն, որ ես եկա: Ես ինձ համարում եմ քաղաքական կայացած կին: Չէի ասի՝ ես Վազգեն Սաֆարյանից շատ խելոք եմ. մենք երկուսով մեկս մյուսին լրացնում ենք: Ինքն իմ հետեւից է ելույթ ունենում, ոնց որ մինուսները լրացնի»,- պատմում է Ժ. Մանուկյանը՝ ավելացնելով, թե ժողովուրդը հենց իրեն տեսնում է՝ ուրախանում է. «Այլապես գիտեն՝ մի հատ Ժանետա է մտել Հայաստան եւ ուզում է հեղափոխություն անել»: ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել