Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՇԽԱՐՀԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՏԵՂ Է ԴԱՐՁԵԼ»

Մայիս 03,2003 00:00

«ԱՇԽԱՐՀԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՏԵՂ Է ԴԱՐՁԵԼ» Նորայր (Բոբ) Տեր-Գեւորգյանը 1997թ. Թաիլանդում հիմնադրեց «K-Tech» շինարարական եւ ինժեներական սեփական ընկերությունը։ Ծնունդով անգլիահայ է։ Բոբ Գեւորգյանին Թաիլանդում ճանաչում են բոլորը եւ իր ընկերության աշխատանքներով, եւ բարեգործություններով։ Առաջին անգամ նա Հայաստան է եկել 1997թ., Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Առաջինի հրավերով, որից հետո նրան առաջարկվել է լինել Թաիլանդում Հայաստանի պատվո հյուպատոսը (Թաիլանդի հայ համայնքը 46 հոգի է՝ բեյրութահայեր, սիրիահայեր, ամերիկահայեր եւ այլն)։ Բոբ Գեւորգյանի երկու դուստրերն ապրում են Անգլիայում, երկու որդիները՝ Բանգկոկում։ Մի քանի տարի առաջ նրանք ընտանիքով որդեգրեցին թաիլանդցի մի ծնողազուրկ երեխայի։ – Բանգկոկում ծնողազուրկ եւ սպիդով հիվանդ անչափահաս երեխաների խնդիրը տեսնելով, կնոջս հետ միասին որոշեցինք օգնել այդ երեխաներին։ Նրանց ոչ ոք չի որդեգրում, եւ կառավարությունն էլ այդքան ֆինանսներ չուներ դեղեր գնելու, հոգ տանելու համար։ Մի տուն գնեցինք, կոչեցինք «Նոր կյանքի տուն» եւ մոտ 17 երեխայի վերցրինք մեր խնամքի տակ։ Իսկ մենք որդեգրեցինք մի տղայի, որը հիվանդ չէ։ Այժմ նա 5 տարեկան է, Սամուել Տեր-Գեւորգյան է, որին 1999թ. Էջմիածնում կնքեցինք եւ հայերեն ենք սովորեցնում։ Բոբ Գեւորգյանը ինժեներական եւ շինարարական ոլորտում աշխատում է մոտ 35 տարի, ավելի քան 22 երկրում։ Իր սեփական «K-Tech» ընկերությունում շուրջ 5000 աշխատող ունի եւ Թաիլանդի 5 խոշոր ընկերություններից մեկն է, որը կառուցում է բարձրահարկ շենքեր, օդանավակայաններ, հիվանդանոցներ, փողոցներ։ Վերջերս Բոբ Գեւորգյանը Հայաստան էր այցելել Թաիլանդի վարչապետի հատուկ բանագնացի եւ տարբեր նախարարությունների աշխատակիցներից կազմված խմբի հետ։ – Մեզ հետ Հայաստան է այցելել Թաիլանդի ոսկերչության եւ ադամանդի գործերի ամենախոշոր մարդկանցից մեկը։ Թաիլանդը գունավոր քարերի խոշոր շուկա ունի։ Հայաստանում կա քարերի շատ տեսականի, որոնք մեծ ճանաչում ունեն մի շարք երկրներում։ Թաիլանդը կարող է միջնորդ հանդիսանալ, որպեսզի Հայաստանի քարերը մուտք գործեն ասիական շուկաներ։ Համագործակցության այլ բնագավառներ եւս կան։ – Տարբեր կարծիքներ կան Հայաստանի տնտեսության զարգացումների հնարավոր ուղիների մասին։ Այդ թվում նշվում է նաեւ տուրիզմը։ – Թաիլանդը տուրիզմի կազմակերպման մեջ մեծ վարպետ է, տարեկան 11 միլիոն տուրիստ է այցելում։ Կարծում եմ, որ պետք է իրենց փորձը որոշակիորեն կիրառել նաեւ Հայաստանում։ Գյուղատնտեսության ոլորտում նույնպես կարող է համագործակցություն լինել, հատկապես դեղաբույսերի առումով։ Թաիլանդցիները դրանք գնում են Չինաստանից եւ գիտեն, որ Հայաստանը հարուստ դեղաբույսեր ունի։ Մեր պատվիրակության անդամներից մեկը մի հանդիպման ժամանակ Հայաստանի իշխանության ներկայացուցիչներից մեկին ասաց. «Մենք 500 մլն ժողովրդի շուկա ունենք։ Դուք Թաիլանդը գործածեք եւ ձեր ապրանքները վաճառեք, մենք էլ Հայաստանը՝ այս տարածաշրջանի շուկաներ մուտք գործելու համար»։ Ինչ վերաբերում է տուրիզմին, ապա Հայաստանում, հատկապես Երեւանում, տասնյակ հյուրանոցներ են բացվել, սակայն տուրիզմ զարգացնելու համար միայն հյուրանոցը բավարար չէ։ Բնականաբար, Հայաստանը Թաիլանդի չափ տուրիստներ չի կարող ունենալ, սակայն տարեկան գոնե 20 հազար մարդ պետք է գա։ 5-6 տարվա մեջ նրանք կարողացան տարեկան 11 միլիոնի հասցնել տուրիստների թիվը։ Առաջին հերթին պետք է օդանավակայանը վերանորոգել, ուղիղ չվերթեր բացել։ – Հայաստանի անկախացումից հետո շատ սփյուռքահայեր եկան հայրենիք՝ ե՛ւ գործ սկսելու, ե՛ւ տեսնելու նպատակով։ Հայրենիքի մասին նրանց առասպելը կարծես քանդվեց։ Արդյունքում մի մասն ասում է, որ հիասթափվել է, հուսահատվել է, մյուս մասը փորձում է գործ անել, մի մասն էլ հայրենիքը դիտում է իբրեւ զբոսաշրջության կամ կարճատեւ արձակուրդի համար հարմար վայր։ Ո՞րն է հիասթափության պատճառը։ – Ամենակարեւորը, պետք է իմանանք, որ թեեւ Հայաստանը հազարավոր տարիների պատմություն ունի, սակայն անկախացումից հետո ընդամենը 11 տարեկան երեխա է։ 70-80 տարի կոմունիստական հասարակարգի մեջ էր ապրում եւ հիմա այդ դռները բացվել են։ Շատերը եկան, փորձեցին ինչ-որ գործեր սկսել, սակայն անհաջողության մատնվեցին։ Չի կարելի որեւէ գործ սկսել այն գաղափարով, որպեսզի գաս Հայաստան եւ 1-2 ամսից ներդրածդ ետ ստանաս։ Այդպիսի երկիր չենք։ Դա կարող էին անել 20 տարի առաջ՝ Սաուդյան Արաբիայում։ Այստեղ պետք է գաս գործ անես, լավ օրեր էլ ունենաս, վատ օրեր էլ։ Սխալ է մտածել, որ Հայաստանում անպայման սփյուռքահայերը պետք է ներդրում կատարեն։ Օրինակ, Թաիլանդում գործերի մեծ մասը ճապոնացիներն են անում, ես հայ եմ… Եթե երկիրը վստահելի է, ցանկացած ազգության մարդ կցանկանա այդտեղ գործ սկսել։ Չի կարելի ասել, որ սփյուռքահայերը Հայաստանում ներդրում պետք է կատարեն, որովհետեւ սա իրենց հայրենիքն է։ Այդպես կարող ես գալ, մի բարի գործ անել կամ չանել՝ դա էլ խնդիր է։ Բայց որեւէ մեկը չի գա, ասելով, որ սա Հայաստանս է, հայրենիքս է, եկել եմ եւ դրամ պիտի կորցնեմ։ Հայության խնդիր չէ սա. բիզնեսում եւ պիտի շահես, եւ պիտի կորցնես։ Ոչ թե սփյուռքահայերին Հայաստան բերելու մասին պետք է մտածել, այլ անել այնպես, որ բոլորը ցանկանան գալ եւ ներդրում կատարել։ – Ասում ենք՝ տուրիզմի զարգացում, բայց Հայաստանի տասնյակ հյուրանոցների գնացուցակները միջին տուրիստի համար շատ թանկ են։ – Բանգկոկում, «Շերատոնում» այստեղից 4 անգամ մեծ սենյակում կարող ես բարձրակարգ սպասարկում ստանալ ընդամենը 100 դոլարով։ Չեմ ասում, որ Հայաստանի հյուրանոցները լավը չեն, բայց «Օրիենտալ» հյուրանոցում անգամ, ուր տարբեր երկրների նախագահներ են մնում, 300 դոլարով կարող ես ամենալավ սենյակը վերցնել։ Խենթություն է. այստեղ ուզում են արագ գումար աշխատել, բայց հյուրանոցները դատարկ են։ Տուրիստն ամբողջ տարին աշխատում է, եւ 2-3 շաբաթով ճամփորդում։ Նա իր դրամին համապատասխան սպասարկում եւ պայմաններ է ակնկալում։ 100-ից ավելի երկրներ կան, ուր կարող են գնալ։ Պետք է նրանց այստեղ բերել։ Հայաստանը դրսում տուրիստին վաճառողներ չկան։ Ասում ենք՝ դրսում քանի միլիոն սփյուռքահայ կա, պետք է անպայման այստեղ գան։ Ինչո՞ւ։ Սիրով կուզենք, որ հայերը գան, բայց պետք է ամեն մարդ ցանկանա գալ։ – Հայաստան հաճախակի չեք այցելում։ Ինչպիսի՞ն է այն երեւում։ – Վերջին տարիներին դրական փոփոխություններ, իհարկե, տեսնում եմ։ Միակ խնդիրն այն է, որ սոցիալական մեծ բեւեռացում կա։ Հարուստները շատ հարուստ են, աղքատները՝ չափազանց աղքատ։ Հայաստանում կան մարդիկ, ովքեր ճաշի դրամ չունեն։ Ինձ այստեղ մեկը հարցրեց. «Թաիլանդում աղքատություն կա՞»։ Ասացի՝ աղքատություն շատ կա, բայց անոթիություն չկա։ Հատուկ տեղեր կան անտունների եւ աղքատների համար։ Բանգկոկից դուրս մարդիկ կան, որ ամսական 70-80 դոլար աշխատավարձ են ստանում, որը, սակայն, բավարարում է նրանց ապրել մի փոքրիկ տան մեջ եւ ունենալ իրենց օրվա ճաշը։ – Որքան հայտնի է, ձեր օգնությամբ վաճառվելուց փրկվեց Սինգապուրի եկեղեցին։ – Սինգապուրում շատ քիչ հայեր կան այսօր՝ 24 հոգի։ Եկեղեցին փաստաթղթերով մի ընտանիքի հսկողությանն էր հանձնված։ Եկեղեցու ունեցած դրամները կորել-փոշիացել էին. չեմ ուզում այլ բառեր օգտագործել վիճակը նկարագրելու համար։ Բանգկոկում էի եւ վեհափառ հայրապետ Գարեգին Առաջինը զանգահարեց ինձ, որպեսզի տեսնեմ ինչ է կատարվում Սինգապուրի եկեղեցու հետ։ Գնացի տեսնելու, պարզվեց, որ այդ մարդիկ փորձում են վաճառել եկեղեցին, պատճառաբանելով, որ Սինգապուրում գրեթե հայ չի մնացել։ Վեհափառ հայրապետի կարգադրությամբ դատարան դիմեցինք եւ դատը շահեցինք։ Ապա 17-20 հայերով հավաքվեցինք, գումարներ ներդրեցինք, նորոգեցինք։ Մեզ համար սա մեծ հպարտություն է. Սինգապուրի մեջ Հայաստանի մի փոքրիկ կտոր փրկեցինք։ – Այսօր դուք հաստատվել եք մի երկրում, որի կենցաղն ու ողջ կյանքը լի է կրոնական ավանդույթներով։ Այնուամենայնիվ, չե՞ք տեսնում, որ հոգեւոր արժեքները դուրս են մղվում կյանքից։ – Այո, եւ շատ հեշտ է ասել, բողոքել, որ Աստված այստեղ չէ, որ մեզ ցույց տա մեր սխալը։ Առաջինը, որ հայն ասում է՝ քրիստոնյա ենք։ Եկեղեցի չենք գնում, բայց քրիստոնյա ենք։ Եկեղեցին պետք է աշխատի, որ մարդիկ մոտենան իրեն։ Եկեղեցին միայն աղոթքի համար չէ, եւ մարդիկ պետք է կարողանան իրենց պրոբլեմներից, հոգսերից այնտեղ ազատվել։ Ամբողջ աշխարհում կրոնի դերը նվազել է։ Բայց վստահ եմ, որ այս գիշեր (Հարցազրույցի օրը ԱՄՆ-ի կողմից դեռ Իրաքը չէր ռմբակոծվել- Ս. Ս.) ամեն մարդ աղոթում է։ Եկեղեցին պիտի մարդուն հույս տա եւ լույսի ճանապարհ ցույց տա, եւ այն չպետք է գործածվի միայն պատարագի համար, այն պիտի դառնա մարդկանց տունը։ Բուդդիզմը լավ կրոն է եւ մոտ է քրիստոնեությանը։ Թաիլանդցիները տարին մեկ անգամ երկու օրով գնում են աղոթելու, որը քեֆի պես են անցկացնում։ Իրենց ուտելիքը տանում են, նստում-զրուցում, աղոթում։ Պետությունը եւ եկեղեցին միասին պետք է աշխատեն։ Եկեղեցին այսօր մի կողմ է, կառավարությունը՝ ուրիշ կողմ։ Պետք է միանան եւ տեսնեն, թե ինչով կարող են իրար օգնել։ Երկուսի նպատակը եւ գաղափարը պետք է մեկը լինի, այն, որ հայի վիճակը լավանա։ Ժամանակ չպետք է կորցնել։ – Մտադի՞ր եք Հայաստանում որեւէ գործ սկսել։ – Գործ սկսելուց առաջ մտածում եմ՝ այդ գործի պետքությունը կա՞, թե՞ ոչ։ Օրինակ, եթե պիտի հյուրանոց կառուցենք, եւ տեսնում եմ, որ հարյուր հատ կա, ուրեմն ավելորդ է, եւ դու չես կարողանալու ինձ վճարել։ Ավելի լավ է 10 հատ պետքարան շինել, որի կարիքն այսօր կա։ Վստահություն ասվածը դա է։ Հայաստանի համար առավել եւս պարապ գործեր չպետք է անել։ Ֆրանսիական պատմության մեջ հայտնի է Գիզո անունով սոցիալիստ առաջնորդը։ Իշխանության գալուց առաջ նա ասաց՝ ամեն մարդու համար պիտի գործ ստեղծենք։ Կառավարություն եկավ, հարցրին՝ ի՞նչ գործ պիտի անենք, չգիտեր։ Փարիզի փողոցներում մեծ փոսեր փորեցին։ Ասացին՝ լցրեք։ Երկու տարի հետո իրեն դուրս արեցին։ – Մեր քաղաքում ինչն է շատ՝ փոսերը։ Փորելու կարիք չկա։ Իբրեւ շինարար, ի՞նչ տպավորություն ունեք փողոցներից։ – Ամենը քանդված են։ Ճանապարհների անսարքության պատճառով ավտոմեքենաները վնասվում են, որոնց մասերը դրսից բերելու համար մեծ փողեր են դուրս գալիս երկրից։ Ավելի էժան կլինի, եթե այդ դրամը գործածվի փողոցները կարգի բերելու համար։ – Բայց աշնանն են դրանք վերանորոգվել։ – Լսել եմ, բայց եթե ես արած լինեի՝ այդպես չէր լինի։ Ինչ գործ որ անում ենք, պետք է մարդու պես անենք։ Այնպես պետք է նորոգվի, որ ամեն տարի չքանդվի։ Ինչ գործ որ անես, թեկուզ պետքարան մաքրես կամ բանկի նախագահ աշխատես, պետք է սիրես։ Եթե առավոտյան արթնանում ես ու ինքդ քեզ հարցնում՝ գնամ ի՞նչ անեմ, ուրեմն թող գործդ։ – Ամբողջ աշխարհում կարծես չարություն կա կուտակված, պատերազմներ են։ Տեղեկատվությո՞ւնն է շատացել, թե՞ իսկապես այդպես է։ – Սա չեմ ասում որպես դիպլոմատ, այլ զուտ իմ կարծիքն եմ հայտնում։ Եթե Իրաքի նախագահը լավը չէ, դա իրաքցիները պետք է շտկեն։ Սա բարի չէ։ Չեմ ուզում ասել, թե Սադամ Հուսեյնը լավն է կամ վատը, բայց եթե բարի գործ ենք անում, ուզում ենք աշխարհը շտկել, չպետք է առաջնորդվենք տվյալ մարդուն սիրել-չսիրելով։ Ո՞վ է ասել, որ Ամերիկան պետք է իրավունք ունենա այդ զենքը գործածելու, իսկ, օրինակ, Իրաքը, Հնդկաստանը կամ այլ երկիր չպետք է ունենա։ Ճապոնիայի վրա էլ Ամերիկան կիրառեց։ Պետք է օգնենք այն մարդկանց, ովքեր փախչում են այդ երկրից եւ ոչ թե ասենք, թե երկրի պրեզիդենտին չենք սիրում։ Այգն ինքը պետք է փոխի նախագահին։ Իրաքցիները որքան չեն սիրում Սադամ Հուսեյնին, նույնքան եւ ավելի չեն սիրում, երբ օտար մեկը գալիս-ասում է, որ այսինչը պետք է լինի քո նախագահը։ Ասում են, Բուշն ամեն օր աղոթում է։ Բայց ես չգիտեմ մեկին, որն ամեն օր աղոթում է, սակայն հաջորդ օրը խոսում է սպանության մասին։ Դատարան բեր, սխալները ցույց տուր, օրենքով պատժիր, բայց մի ասա՝ կսպանենք։ Այս դեպքը աշխարհը դարձրեց անվստահ մի տեղ։ Մի անգամ Բրման էի գնացել։ Մի կին կար, որին տնային կալանքի էին դատապարտել։ Երկու զինվորներ էին դրսում հսկում, շուրջը ծաղիկներ էր։ Նույն գիշերը մի ուրիշ տեղ գնացինք եւ մի ուրիշ տուն տեսանք, որի առջեւ 4-5 տանկ կար, 100-200 զինվոր էր հսկում, ցանկապատված էր։ Հարցրի՝ ի՞նչ է։ Ասացին՝ գեներալ Նեուի տունն է, որը դիկտատոր էր Ստալինի պես, զինված ուժերի առաջնորդն էր, հերոս էր։ Իսկ հիմա ոչ ոք չի սիրում։ Կատակով ասացի՝ հիմա ո՞վ է տնային կալանքի մեջ։ Նրան երկու զինվորով են հսկում, իսկ սա բռնված է իր բանակի մեջ։ Ես իհարկե, լավատես եմ, բայց աշխարհը վտանգավոր տեղ դարձավ բոլորիս համար, եւ շատ կարգին մարդիկ, որ իրենց կյանքում սխալներ չեն գործել, այս ամենից կտանջվեն։ ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել