Լրահոս
Օրվա լրահոսը

Ես այլ կերպ բացահայտեցի հայերին

Մայիս 03,2003 00:00

Ես այլ կերպ բացահայտեցի հայերին Եվգենի Գլադունչիկի անունը, թերեւս մեր հասարակությանն առանձնապես ծանոթ չէ, սակայն բավական է ասենք, որ նա Հայաստանի բաշխիչ ցանցերի սեփականատեր «Միդլենդ ռեսուրսիսի» ներկայացուցիչն է Հայաստանում՝ ամենքին պարզ կդառնա։ Ի տարբերություն իմ զրուցակից դիվանագետների, Եվգենի Անատոլեւիչի՝ գործարար մարդ լինելու հանգամանքը միանգամից աչքի զարնեց: Իր կյանքի ու հետաքրքրությունների մասին նա խոսում էր կարճ ու կոնկրետ՝ իմ տպավորությամբ առանձնապես ցանկություն չունենալով էլ նման թեմաների մասին խոսելու, համաձայնել էր հանդիպման միայն այն բանի համար, որ հարցազրույց տալը եւս աշխատանք է համարում: Եվգենի Անատոլեւիչի մայրը արդեն թոշակառու բժիշկ է, հայրը՝ վաղուց մահացած է: Ծնվել է Բելգրադում: Մանկուց երազել է իրավաբան դառնալ։ Երբ ավարտել է դպրոցը, պարզվել է, առանց զինվորական ծառայության իրավաբանական ֆակուլտետում ընդունելություն չի թույլատրվել: Ուստի, նույն տարին նա ընդունվել է Պոլիտեխնիկական ինստիտուտ, ու այդպես էլ դարձել էներգետիկ: Ի պատասխան իմ այն հարցի, թե ափսոսո՞ւմ է իրավաբան չդառնալու համար, Եվգենի Անատոլեւիչը պատասխանեց. «Ապրել կյանքի մեծ մասը ու ինչ172որ բանի համար ափսոսալ, կարծում եմ, անլուրջ կլիներ։ Ոչ, արդեն չեմ ափսոսում։ Շատ հետաքրքիր մասնագիտություն եմ ձեռք բերել»: Եվգենի Անատոլեւիչը միակ էներգետիկը չէ իրենց ընտանիքում. նրա կինը եւս էներգետիկ է, որի հետ ծանոթացել է ուսանողական տարիներին: Հետաքրքիր է, որ նրանց երեք զավակներից եւ ոչ մեկը ոչ միայն չի գնացել ծնողների հետքերով, այլ նաեւ չեն իրականացրել իրենց հոր մանկության երազանքը: Առանց մարդկային գործոնի պարոն Գլադունչիկը չի պատկերացնում գործնական փոխհարաբերությունները: Նա կարծում է, որ ամեն ինչ կախված է մարդու խառնվածքից, նույնիսկ հումորի ընկալումը. «Եթե մարդը թեթեւ, նորմալ բնավորություն ունի, նա իր հետ կատարվող իրադարձությունները հումորով է ընդունում։ Իսկ եթե ամեն ինչին չափից ավելի լուրջ է վերաբերվում՝ շատ դժվար է կյանքում»։ Ի դեպ, Հայաստանում Եվգենի Անատոլեւիչին հատկապես դուր են եկել ապարանցիների մասին անեկդոտները։ Ընդ որում, ազատ ժամերին, երբ գործընկերներով այցելում են սպորտդահլիճ, տեղացի գործընկերները սիրում են խաղալ իրենց ապարանցի ընկերոջ հոգու հետ։ Իսկ Եվգենի Անատոլեւիչին հենց ուրախացնում է այն հանգամանքը, որ իր ապարանցի գործընկերը ապարանցիներին վերագրվող անհեթեթ իրավիճակները հումորով է ընդունում. «Նա նույնիսկ ինքն է երբեմն սկսում ապարանցիների թեման: Ես շատ եմ հարգում նրան, նրա հումորով մոտեցումը: Գիտեք, կյանքում էլ է այդպես, եթե դու ինչ172որ բանից անընդհատ ամաչում ես, քաշվում ես, սկսում են ավելի մեծ ուշադրություն դարձնել։ Օրինակ, եթե ճաղատությունը տղամարդուն կոմպլեքսավորում է, նրան անընդհատ հիշեցնելու են այդ մասին»: Եվգենի Գլադունչիկի առաջին ծանոթությունը հայերի հետ կայացել է դեռ վաղ մանկուց: Նրա հոր մարտական ընկերը հայ է եղել, որը շատ համակրելի մարդու տպավորություն է թողել: Բացի այդ, Բելգրադի այն շրջանում, ուր ապրում է Եվգենի Անատոլեւիչը, հայկական մեծ գաղթօջախ կա, շատ հայերի հետ նա նույնիսկ ջերմ ու մտերիմ հարաբերություններ ունի: «Այն ժամանակ ինձ թվում էր, թե կովկասյան ժողովուրդներից հայերին ամենից լավ եմ ճանաչում: Հիմա ես փոքր172ինչ կասկածում եմ: Թեպետ իմ բանակային ընկերը եւս հայ է, որի հետ մինչ օրս լավ ընկերներ ենք: Ճանաչում էի, լավ էի ճանաչում հայերին: Բայց այն, ինչ գիտեի առաջ եւ ինչ գիտեմ հիմա՝ լրիվ տարբեր բաներ են: Ինձ թվում է, շեշտադրումներն են փոխվել։ Ես այլ կերպ բացահայտեցի հայերին, որակներն են այլ։ Ինձ թվում էր, հայերն ավելի համերաշխ են։ Երեւի հենց այդպես էլ կա, երբ հայերը իրենց երկրից դուրս են հանդիպում։ Նրանք, եթե իրար թիկունքի չեն կանգնում, գոնե շատ հարգալից են միմյանց նկատմամբ: Այստեղ իմ կարծիքը փոքր172ինչ փոխվեց»։ «Դեպի բացասակա՞ն կո՞ղմ»: «Ոչ, այն պարզապես ուրիշ դարձավ: Ես հասկացա, որ այստեղ, այնուամենայնիվ, հարազատաբարեկամական հարաբերություններն են որոշողը։ Եթե մեկը ազգակից է, նրա նկատմամբ այլ վերաբերմունք կա, իսկ եթե մյուսը բարեկամ չէ՝ իմիջիայլոց են վերաբերվում։ Ինձ թվում է, ուժեղ շերտավորում կա, եւ այդ շերտերը իրար հետ չեն փոխհարաբերվում»: Եվգենի Անատոլեւիչը կարծում է, որ հայկական խոհանոցը շատ պարզ եւ համեղ է։ Նրա բնորոշմամբ, որոշ կերակուրներ կան, որոնք միանգամից դժվար է ընկալել, բայց դրանց էլ պետք է սովորել, օրինակ, իր համար դժվարընկալելի է եղել սպասը։ Ամենից շատ պարոն Գլադունչիկին դուր է գալիս ուկրաինական խոհանոցը, իսկ Երեւանում սիրում է այցելել «Չարլի» ռեստորանը: Եվգենի Գլադունչիկի սիրած տարվա եղանակը աշունն է: Սիրելի գրողներին առանձնացնում է տրամադրությունից ելնելով, նախընտրած երաժշտությունը դասականը չի, բայցեւ հաստատ ռեպն ու ռուսական պոպսաները չեն: Շատ սիրում է ջազ, իսկ Հայաստանում իր համար հայտնագործել է դուդուկը: Ժամանակին իր համար ցնցում է եղել Բուլգակովի ստեղծագործության հիման վրա նկարահանված «Փախուստ» ֆիլմը: Քաղաքական գործչի իդեալ է համարում գեներալ Դը Գոլին, Բորիս Ելցինին։ Իսկ այն քաղաքակական գործիչներից, որոնց հետ անձնապես է ծանոթ, շատ հարգում է Նիկոլայ Ռիժկովին, Անատոլի Չուբայսին եւ Ռոբերտ Քոչարյանին: Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել