Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատերազմում հաղթեցինք, խաղաղ կյանքում պարտվեցինք»

Մայիս 03,2003 00:00

«Պատերազմում հաղթեցինք, խաղաղ կյանքում պարտվեցինք» Հայտնի գործարար Գուրգեն Արսենյանն իրեն օլիգարխ չի համարում, որովհետեւ կարծում է, որ դրա համար ինքն իր երկրի առնվազն էմիսիոն գործընթացների, դրամական միավորի կայունության վրա պետք է կարողանար ազդեցություն ունենալ։ Բացի այդ, «օլիգարխը չի ձգտում իշխանության, որովհետեւ արդեն իշխանություն ունի՝ ե՛ւ քաղաքական, ե՛ւ ֆինանսական», որը, ենթադրաբար, ինքը չունի, եթե ձգտում է իր կուսակցությունը խորհրդարանում ներկայացված տեսնել։ Նրա խոսքերից դատելով, իր բիզնեսը կամ այն բիզնեսները, որոնց հետ պարոն Արսենյանն առնչություններ ունի, ԱԺ մտնելու հետ կապ չունեն, որովհետեւ «եթե մեր բիզնեսների տեսանկյունից նայենք, դրանք շատ ավելի լավ կզարգանային հայկական տնտեսական դաշտից դուրս։ Հայկական տնտեսական դաշտը շատ փոքր է։ Այն էներգիան, այն մտավոր էներգիան, որ ծախսում ենք, շատ ավելի մեծ մուլտիպլիկացիայով հետ կգա, եթե դրսում անենք մեր բիզնեսը։ Բայց սա մեր երկիրն է»։ Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը քաղաքական հավակնություններով հանդես գալու մի քանի պատճառ է նշում. «Ի տարբերություն բիզնեսի, որն իր քաղաքական հավակնություններն իրացնում է միայն կոնստրուկտիվ (կառուցողական) դաշտում, իշխանական վերնախավի անձնական ազդեցությունները բիզնեսի վրա հանգեցնում են դեստրուկտիվ գործընթացների։ Քաղաքական գործիչների անհանգստությունը չե՞ք զգում, երբ մամուլի միջոցով անընդհատ ասում են՝ օ՜, օլիգարխները գալիս են իշխանության, օ՜, Լուսակերտի Հարո՜ւթը, Արսենյա՜նը կամ մյո՜ւսը։ Շատ կներեք։ Եթե դուք չէիք ուզում, որ մենք գայինք քաղաքականությամբ զբաղվելու, բարի լինեիք դուք զբաղվեիք քաղաքականությամբ՝ առանց բիզնեսին դեստրուկտիվ միջամտելու, առանց փորձելու քաղաքական իշխանությունն օգտագործելու, ուրիշների բիզնեսների մեջ փայ մտնելու։ Չօգտագործեիք ձեր այդ լծակը»։ Քաղաքականություն մտնելու մյուս պատճառները բխում են մեր իրականության եւ հասարակության վերաբերյալ ՄԱԿ-ի գնահատականներից։ Գուրգեն Արսենյանի գնահատմամբ, «մենք մի կատակլիզմ ապրեցինք, որի անունը Խորհրդային Միություն էր։ Հետո գնացինք անկախության վերականգնման ճանապարհով եւ հասանք 100 տոկոսանոց արդյունքի։ Ստեղծեցինք պետություն։ Սկսվեց պատերազմ, որում հաղթեցինք, հետո սկսվեց կյանքի բնականոն ենթակառույցների վերականգնումը, նորմալ կյանքի ու հասարակության ստեղծումը։ Հաղթելով պատերազմում, իմ կարծիքով, մենք որոշակի պարտություն կրեցինք խաղաղ կյանքում։ Հռչակեցինք արժեքներ, համախմբվեցինք դրանց շուրջ, բայց մեր առօրյա կյանքում դավաճանեցինք դրանց»։ Պատճառն այն է, որ «մենք ասում ենք նոր բան՝ ժողովրդավարություն, ազատ տնտեսություն, բայց շարունակում ենք մտածել Սովետական Հայաստանին բնորոշ մտածելակերպով։ Դրա համար էլ սկսեցինք ներսում պարտություններ կրել»։ Ըստ պարոն Արսենյանի, մենք այդպես էլ չկարողացանք հասարակության ամեն մի անհատի ցույց տալ, որ կարեւորագույն արժեքների արդյունքներից օգտվելու իրավունք ունի յուրաքանչյուրը։ ՄԱԿ-ի նախագահն ասում է, որ մեծ նշանակություն են վերապահում բարոյական արժեքներին. «Հասարակությունը բարոյալքված է, երկակի ստանդարտները չափից դուրս ծավալով զարգանում են, մորթապաշտությունն է շատ զարգացած, ընչասիրությունը, պնակալեզությունը։ Մենք ուզում ենք, որ դա հասարակության մեջ գերիշխող չդառնա»։ Գուրգեն Արսենյանը կարծում է, որ այս բոլոր խնդիրները լուծելու գործում «մեր սերնդի վրա մեծ պատասխանատվություն է դրված»։ Դրանք լուծելու համար «անհրաժեշտ է, որ մենք (ՄԱԿ-ը- Ա. Ու.) դառնանք իշխանական լիազորություններով օժտված թիմ։ Եթե իշխանական լիազորություններով օժտված թիմ ես, դու մի քանի անգամ ավելի հնարավորություններ ունես վերահսկելու»։ Սրա ճանապարհին ՄԱԿ-ը հասարակությանն ասում է, որ «այս տեսակն էլ կա, ու թող հասարակությունը գնահատի»։ Իսկ ԱԺ ընտրություններին մասնակցելը գերխնդիր չէ, պարզապես, «կուսակցությունների չափման միավորը բնակչության կողմից տրված քվեն է, եւ 4 տարին մեկ կարող ենք չափել այդ քվեն»։ Նորաստեղծ ՄԱԿ-ին 100 տարուց ավելի պատմություն ունեցող կուսակցությունների հետ մրցելու հանգամանքը հավակնոտ չի թվում. «Մենք վաճառքի չենք հանում մեր արարքները», թեեւ գնահատում է վերջիններիս «հսկայական ներդրումը հայկական էթնոսի, հայապահպանության, հայկական գաղափարախոսության խնդիրներում»։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել