ԵՐԿՈՒ ՀԱԿԱՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՆՔ ՀՀ նախագահի թեկնածուն, որը երկրի բյուջե էր մուծել թեկնածու դառնալու համար անհրաժեշտ ընտրագրավը՝ հինգ միլիոն դրամը, մասնակցել էր նախագահական ընտրություններին՝ հավաքելով ընտրողների քվեների մոտ հինգ տոկոսը, պարզվում է՝ չի կարող գրանցվել որպես պատգամավորության թեկնածու։ Էրեբունի համայնքի առաջին ատյանի դատարանը երեկ մերժեց Արամ Կարապետյանի հայցն ընդդեմ թիվ 17 ընտրատարածքային հանձնաժողովի որոշման՝ իրեն չգրանցելու մասին։ Դատարանը հաշվի չառավ ո՛չ հարեւանների վկայությունները, ո՛չ Արամ Կարապետյանի եւ նրա շահերը ներկայացնող փաստաբան Աշոտ Սարգսյանի ներկայացրած համապատասխան փաստաթղթերն առ այն, որ Արամ Ռաֆիկի Կարապետյանը մշտապես բնակվել է Երեւանում՝ իր հայրական տանը։ Չի բացառվում, որ տեղի ունենա այն, ինչ կատարվեց Աղասի Արշակյանի պարագայում՝ Արամ Կարապետյանին դուրս կմղեն մեծամասնականից եւ «կթույլատրեն», որ ընտրությունների գնա համամասնական ընտրակարգով։ Ինչ կլինի, եթե Արամ Կարապետյանը կամ մեկ այլ ՀՀ թեկնածու դիմի Սահմանադրական դատարան եւ պահանջի, որ թեկնածուներից մեկի «ոչ լեգիտիմության» պատճառով անվավեր ճանաչվեն 2003 թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրություննե՞րը։ Արամ Կարապետյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Աշոտ Սարգսյանը դատական նիստից հետո, պատասխանելով մեր հարցին, ասաց. «Դատարանի վճիռն ապօրինի է։ Ես առայժմ չգիտեմ, թե ինչ հիմքեր են ընդունվել, կստանանք վճիռը եւ մանրամասն կտեղեկացնենք։ Համենայն դեպս, պարզ է, որ հղումը կատարվել է մի փաստաթղթի, որը ձեռք չի բերվել օրինական ճանապարհով։ Արամ Կարապետյանի մշտապես Հայաստանում բնակվելու վերաբերյալ կան երկու հակասական տեղեկանքներ, տրված նույն կազմակերպության՝ Անձնագրերի եւ վիզաների վարչության կողմից։ Մեկում տրված է, որ նա 10 տարի մշտապես բնակվել է Հայաստանում, այսօր էլ դատարանում հաստատեցին մի տեղեկանք, որում նշված է, որ Արամ Կարապետյանը հինգ տարի չի բնակվել Հայաստանում»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ