«ՈՂՋԱԽՈՀ» ԸԼԼԱԼՈՎ ԴԱՏԻ Է ՏԱԼԻՍ «ՉԻ՞»-Ն Հայաստանի առաջադիմական միացյալ կոմկուսի նախագահ Վազգեն Սաֆարյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք ինքն իր կոմունիստական կյանքում հիշո՞ւմ է գոնե մեկ դեպք, երբ Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղարը կամ ընդհանրապես կոմունիստը կոմունիստին դատի տա, ինչը սպառնում է իրականացնել ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Վլադիմիր Դարբինյանն ընդդեմ բյուրոյի անդամ Նորիկ Պետրոսյանի: «Նման բան, իհարկե, չի եղել: Ես հիմա էլ չեմ հավատում, որ Դարբինյանը մինչեւ վերջ կարող է գնալ ու դատի տալ Ն. Պետրոսյանին, որովհետեւ Դարբինյանը շատ ողջախոհ, լայնախոհ եւ կյանքի փորձով իմաստնացած մարդ է: Բայց կյանքի այս պայքարում, երբ կուսակցության շահերը բախվում են իշխանությունների գործելաոճի հետ, ոմանց ներվերը տեղի է տալիս, չի դիմանում, եւ իրենք չեն կարողանում պահպանել քաղաքական էթիկետը, որը պետք է բնորոշ լինի հատկապես կոմունիստներին,- վստահեցրեց Վ. Սաֆարյանը՝ ավելացնելով,- մեր որոշ կոմունիստ ընկերների շատ ելույթներ հավասարակշիռ չեն եղել, որոնք պահի ազդեցության տակ կամ ուրիշների դրդմամբ նման ելույթներ են ունեցել: Կոմկուսում էլ կան ծայրահեղականներ, դրա համար Կոմկուսի ներսում որոշ մարդիկ իրենց այդպես են պահում»: Վ. Սաֆարյանի դիտարկմամբ, այդ ծայրահեղությունը հետեւանք է «նրանց չափից ավելի շատ կոմունիստ լինելու կերտվածքի», որոնք կարծում են, թե մեկ ավելի «հատուկ» կամ «կտրուկ խոսքով» կարելի է ինչ-որ բաներ փոխել: «Սակայն կյանքը ցույցը տվեց, որ այդ բոլոր ելույթները չբերեցին իրենց սպասած արդյունքին, եւ նրանց անհավասարակշիռ կեցվածքն իրենց դուրս դրեց Կոմկուսում իրենց դիրքերը պահելու համար»,- նկատեց Վ. Սաֆարյանը: Իսկ Ն. Պետրոսյանին հասցեագրվող մեղադրանքի առնչությամբ, թե՝ ՀԿԿ համամասնական ցուցակը «ձեւավորվել» է Սերժ Սարգսյանի «կաբինետում», Վ. Սաֆարյանը նշեց. «Նման բան ո՞վ կարող է ասել, թե որ ցուցակն ում կաբինետում է ձեւավորվել: Դա ոչ մեկը չի կարող ոչ պնդել, ոչ հերքել: Եվ նման բան Կոմկուսի անդամներն իրավունք չունեն ասելու, եթե նրանք չունեն կոնկրետ փաստեր, եթե նրանք մասնակից չեն եղել այդ գործընթացներին: Ենթադրություններով գցել Կոմկուսի վարկը հասարակության մեջ, դա ոչ միայն իրենց պատիվ չի բերում, այլեւ՝ շարքային մարդկանց, որոնք հավատում են, թե ՀԿԿ-ն կկարողանա իրենց ցանկություններն իրականություն դարձնել: Այն աղբյուրը, որից ջուր են խմում, չպետք է դրա մեջ քարեր նետեն»: Իսկ ինչ վերաբերում է կուսակցության ցուցակում Խ. Սարգսյանին ու Ն. Պետրոսյանին չընդգրկելու վերաբերյալ դժգոհություններին, ապա Վ. Սաֆարյանը հայտարարեց. «Ես դրա մեջ տրագեդիա չեմ տեսնում. եթե դու մի անգամ պատգամավոր ես եղել, քեզ ցույց ես տվել, ժողովուրդը քեզ տեսել է, կարող ես գնալ մեծամասնականով»: ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ