Լրահոս
Օրվա լրահոսը

«ՊԱՏՎԵՐՈՎ ՈՐՈՇՈՒՄ»

Մայիս 03,2003 00:00

«ՊԱՏՎԵՐՈՎ ՈՐՈՇՈՒՄ» Թեեւ դիտորդները շարունակում են պնդել, որ ՀՀ իշխանությունը չպիտի կիրառի վարչական կալանք՝ Դատարանների նախագահների խորհուրդն օրինական համարեց ընդդիմության ակտիվիստներին վարչական պատասխանատվության ենթարկելը: Այդ որոշման մասին զրուցեցինք Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի հետ: -Դատարանների նախագահների խորհուրդն ապրիլի 25-ի որոշմամբ անհիմն համարեց այն տեսակետը, թե «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքի 1801 հոդվածը՝ «Ժողովների, միտինգների, փողոցային երթերի ու ցույցերի կազմակերպման եւ անցկացման սահմանված կարգի խախտումը», հակասում է խաղաղ ցույցեր անցկացնելու սահմանադրական իրավունքին, քանի որ այն կարող է սահմանափակվել օրենքով, եւ դա 1988-ին ընդունված «ՍՍՀՄ-ում ժողովների, միտինգների, փողոցային երթերի եւ ցույցերի կազմակերպման եւ անցկացման կարգի մասին» օրենքն է: Ինչպե՞ս եք գնահատում նման որոշումը: – ՍՍՀՄ փլուզումից հետո, որպեսզի Խորհրդային Հայաստանից ժառանգած օրենքները շարունակեին մնալ ուժի մեջ՝ ՀՀ Գերագույն խորհուրդը հատուկ օրենք ընդունեց օրենսդրական որոշակի ակտեր՝ մինչեւ նոր օրենքների ընդունումը, ուժի մեջ թողնելու մասին: Այդ ցանկում չկա՛ հանրահավաքների եւ երթերի մասին որեւէ օրենք, քանի որ Խորհրդային Հայաստանը չուներ նման օրենք՝ կար միայն 1988-ին Գերագույն խորհրդի նախագահության ընդունած որոշումը: – Դատարանների նախագահների խորհուրդը խորհրդային շրջանում ընդունված մի շարք օրենքներ է թվարկել, որոնք այժմ ուժի մեջ են՝ Վարչական, Աշխատանքային, Բնակարանային օրենսգրքերը եւ այլն, որոնք, ըստ այս որոշման՝ գործում են ՀՀ Սահմանադրության 116 հոդվածի հիմքով, համաձայն որի՝ «օրենքները եւ մյուս իրավական ակտերը գործում են այնքանով, որքանով չեն հակասում ՀՀ Սահմանադրությանը»: Գուցե ՍՍՀՄ այդ օրենքն իրո՞ք չի հակասում մեր Հիմնական օրենքին: – Ի տարբերություն ՍՍՀՄ այդ օրենքի՝ թվարկված բոլոր օրենսգրքերը կան ցանկում այն օրենքների, որոնք շարունակում են կիրառվել: Նշեմ նաեւ, որ դրանք բոլորը Խորհրդային Հայաստանի օրենսդիր մարմնի ընդունած օրենսգրքեր են, իսկ ՍՍՀՄ օրենքը տրամաբանորեն չէր կարող լինել այդ ցանկում: Ի՞նչ է նշանակում այս որոշումը, որ Հայաստանը ՍՍՀՄ ժառանգո՞րդն է: Ինչքան գիտեմ՝ մինչեւ հիմա միայն Ռուսաստանի Դաշնությունն էր իրեն համարում ՍՍՀՄ իրավաժառանգորդը: ՍՍՀՄ այդ օրենքին ծանոթ չեմ եւ չեմ կարող գնահատել՝ ինչքանով է այն հակասում կամ չի հակասում Հայաստանի Սահմանադրությանը: Կարող եմ ասել, թե այնքանով է հակասում, որ դա ՍՍՀՄ օրենք է, իսկ սա՝ անկախ Հայաստանի Սահմանադրությունը: – Ուշագրավ է, թե ինչ օրենք է վկայակոչվել՝ 1988-ին ընդունվածը, որով նպատակ ունեին ճնշել ՍՍՀՄ-ում սկսված շարժումները: – Այո, ակնհայտ է, որ այդ օրենքը հատկապես ուղղված էր անկախական եւ ժողովրդավարական (այդ թվում նաեւ՝ Հայաստանում) շարժումները զսպելուն: Խորհուրդը ճիշտ է իր որոշման մեջ նշել, որ հավաքներ եւ երթեր անցկացնելու սահմանադրական իրավունքը կարող է սահմանափակվել օրենքով՝ այդպես է նաեւ ըստ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի: Բայց քանի որ ՀՀ-ում գոյություն չունի այդ օրենքը՝ «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքի տվյալ հոդվածը կիրառելն արդեն իսկ հակասում է Սահմանադրությանը: – Ինչո՞ւ այդ օրենքը պետք եկավ 2003-ի Հայաստանում: – «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգիրքն ունի հնացած եւ չգործող դրույթներ: Այն պիտի վաղո՜ւց ընդհանրապես հանված լիներ գործածությունից: Բայց այդ օրենսգիրքը շատ ձեռնտու է՝ իբրեւ իշխանության մի մահակ, որ կարող են օգտագործել ցանկացած պահի: – Այս որոշումը հիշեցնում է ՍԴ որոշումը՝ ցույցերի մասնակիցներին պատասխանատվության ենթարկելու դատավարությունների թերությունները հանգամանալից մեջբերելուց հետո՝ Խորհուրդը նշում է, թե որոշումներն «օրինական եւ հիմնավորված են»: – Իսկ ի՞նչ պիտի աներ Դատարանների նախագահների խորհուրդը. արդյոք այն անկա՞խ մարմին է: Եթե այն կախված չլիներ գործադիր իշխանությունից՝ թերեւս չէինք ունենա նաեւ վարչական պատասխանատվության ենթարկելու այս ապօրինի որոշումները: Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի բանաձեւը կար, ԵԱՀԿ դիտորդների առաջարկները՝ այս ամենին ի պատասխան, պետք է մի կերպ արդարացներ իշխանություններին, թե ամեն ինչ կատարվել է օրենքի համաձայն: Սա պատվերով ընդունված որոշում է: Բայց քանի որ ինչքան էլ չարչարվեն՝ չեն կարող ոչ օրինականը դարձնել օրինական՝ միշտ երեւում են բացերը: Օրինակ՝ 1801 հոդվածը պատասխանատվություն է նախատեսում հանրահավաքների, երթերի եւ ցույցերի «կազմակերպման եւ անցկացման սահմանված կարգի խախտման համար»: Թող Դատարանների նախագահների խորհուրդը ցույց տա վարչական իրավախախտումների առնչությամբ վերջին շրջանի դատական գոնե մեկ որոշում, որ վերաբերում է կազմակերպմանը եւ անցկացմանը: Այդ հոդվածը կիրառվել է միայն մասնակիցների՛ նկատմամբ: – Այս որոշումը, այնուամենայնիվ, լավ կետեր էլ ունի: Ասենք, թեեւ նախագահին առընթեր Մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի նախագահը հայտարարել էր, թե վարչական իրավախախտումների գործերում պարտադիր չէ փաստաբանի մասնակցությունը, այժմ խորհուրդը նշեց, թե ժամանակ ու հնարավորություն է ընձեռել փաստաբան հրավիրելու: – Եթե հաշվի ենք առնում, որ Հայաստանում վերջին շրջանում կատարվածը, «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքի կիրառումը անօրինական էր՝ փաստաբանի ներկայության խնդիրը լուծելն այնքա՜ն փոքր բան է, որ չարժե խոսել այդ մասին իբրեւ դրական առաջխաղացման: Կամ՝ նշել են, թե «դատական որոշումներում հաճախ մանրամասն չի շարադրվում իրավախախտման էությունը, պատճառաբանական մասում ապացույցների շարադրանքն, ու դատարանի հետեւություններն արվում են հակիրճ, երբեմն առանց վերլուծությունների»: Մինչդեռ ոչ թե «հաճախ» չի արվել, այլ որոշումներում ընդհանրապե՛ս են բացակայում վերլուծությունները, հետեւությունները եւ այլն: Դատարանները վարչական պատիժ են կիրառել միայն ոստիկանության բերած արձանագրության հիման վրա: Եվ բացարձակապե՛ս չեն լսել այսպես կոչված՝ «զանցառուների», ոչ էլ՝ բացառիկ դեպքերում, պաշտպանների բացատրությունները: – Ցուցարարներին վարչական պատասխանատվության ենթարկելու թեման հրատապ դարձավ նախագահի ընտրության ընթացքում կատարված զանգվածային ձերբակալություններից հետո: Հիմա նման որոշման ի հայտ գալը չի՞ վկայում, որ փորձում են ամրապնդել «իրավական հիմքերը», առաջիկա ընտրությունների ընթացքում եւս ընդդիմությանը զսպելու այդ մեթոդը կիրառելու համար: – Ցույցերի եւ երթերի մասնակիցների այս ապօրինի կալանավորումներն ունեն ավելի հին պատմություն: Բոլորը մոռացել են, որ Արկադի Վարդանյանի կազմակերպած հանրահավաքների մասնակիցների նկատմամբ կիրառվեց այդ մեթոդը, հետո՝ Պետրոս Մակեյանի, իսկ 2002-ին՝ «Ա1+»-ի փակման առնչությամբ բողոքի ցույցերի մասնակիցների հանդեպ: Այդ ժամանակ առանձնապես մեծ ուշադրության չարժանացան այդ փաստերը: Սակայն դա, կրկնում եմ, մի զենք էր իշխանության ձեռքին, որով ամեն անգամ սաստում էին ժողովրդին: Եվ չեմ կարծում, թե իշխանությունները դեռեւս պատրաստ են հրաժարվել իրենց այդ մահակից. այն անպայման կկիրառեն ոչ միայն ընտրությունների, այլ բողոքի ցանկացա՛ծ գործողության ժամանակ: Զրուցեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել