Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՖՌՌԱՑՆԵԼԸ» ՀԵՇՏ ՉԻ ԼԻՆԻ

Մայիս 03,2003 00:00

«ՖՌՌԱՑՆԵԼԸ» ՀԵՇՏ ՉԻ ԼԻՆԻ ԿԸՀ-ն Բարրիին չէր համոզել ՀՀ ԱԺ ընտրությունները դիտարկելու նպատակով Երեւան ժամանած ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը՝ ի դեմս իր ղեկավար Ռոբերտ Բարրիի, ըստ ամենայնի, արդեն որոշակի տեղեկատվություն եւ կարծիք ունի մեր երկրում ժողովրդավարության ու մարդու իրավունքների առկա մակարդակի եւ ընտրական ձեւավորված ավանդույթների մասին: Ու, թերեւս, այդ հանգամանքով ու նաեւ ՀՀ նախագահական ընտրություններից հետո ԵԱՀԿ եւ ԵԽ դիտորդական առաքելության ներկայացրած եզրակացության ու արված առաջարկների նկատմամբ ՀՀ իշխանությունների վերաբերմունքով պետք է բացատրել նրա ընդգծված դժգոհությունը ԿԸՀ-ի հանդեպ: Տպավորություն կա, որ ԵԱՀԿ դիտորդական այս առաքելությունը, եթե ոչ ավելի, գոնե պակաս խիստ ու կտրուկ չի լինելու հնարավոր որեւէ օրինախախտում, կեղծիք արձանագրելու հարցում, քան Պիտեր Այքերը: Երեկ, հանդիպելով ՀՀ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ, Ռ.Բարրին, ի տարբերություն իր անդրանիկ ասուլիսի, արդեն հստակ կարծիք հայտնեց ԿԸՀ գործունեության վերաբերյալ՝ ափսոսանք հայտնելով, որ վերջինս իր ապրիլի 30-ի որոշումով, ըստ էության, հրաժարվել է ԱԺ ընտրությունների ժամանակ մեկ տեղամասում օգտագործել մի քանի թափանցիկ քվեատուփ, ինչն, ի դեպ, դեռ մարտին առաջարկել էր ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակը: «Թափանցիկ քվեատուփերի կիրառումը նախագահական ընտրությունների ժամանակ առաջադիմական քայլ էր: Եթե ԱԺ ընտրությունների երկու քվեարկությունների համար թափանցիկ քվեատուփեր չկիրառվեն, դա կլինի ետընթաց»,- հայտարարեց Ռ.Բարրին: Վերջինս նկատեց, թե հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջիկա ընտրությունների ժամանակ քվեարկություն կատարվելու է երեք տարբեր քվեաթերթիկով՝ երկուսը ԱԺ ընտրությունների եւ մեկը՝ հանրաքվեի համար, ուստի երկու թափանցիկ քվեատուփի կիրառումը կօգներ այդ քվեաթերթիկների հաշվառման արդյունավետությանը եւ տնտեսապես ավելի շահավետ կլիներ, քան մեկ մեծ քվեատուփի կիրառումը: Նրա ասելով, այդ դեպքում՝ «երեք առանձին քվեաթերթիկների հաշվառումը կկատարվեր ընտրության գիշերը՝ ներառյալ հանրաքվեի քվեաթերթիկը»: «Երեւան ժամանելիս մենք վստահ էինք, որ մեր առաջարկը ԿԸՀ-ն կպաշտպանի, սակայն մեր հույսերը չարդարացան»,- արձանագրեց նա: Լրագրողներից մեկը փորձեց ճշտել նաեւ պրն Բարրիի վերաբերմունքն այս հարցի առնչությամբ ԿԸՀ հակափաստարկին, այն է. ՀՀ գործող օրենսդրությունը ընտրությունների ընթացքում մի քանի քվեատուփի օգտագործում չի նախատեսում: Ռ.Բարրին իր հերթին նկատեց, թե ՀՀ «Ընտրական օրենսգրքում» վկայակոչումները քվեատուփերի կիրառման մասին ամենեւին էլ չեն արգելում մի քանի քվեատուփի կիրառման հնարավորությունը: ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավարը հասկացնել տվեց, որ ինքը տիրապետում է ՀՀ «Ընտրական օրենսգրքին», իսկ այն, այդ իմաստով, ըստ Ռ.Բարրիի, «կտրուկ սահմանումներ չունի, հետեւաբար՝ չի արգելում երկրորդ քվեատուփի գործածումը»: Խնդիրն ավելի հստակ ներկայացնելու համար մեջբերենք «ԸՕ»՝ քվեատուփերին վերաբերող հոդված 49-ը՝ «Քվեաթերթիկի, քվեատուփի, ընտրական հանձնաժողովների կնիքների նմուշները հաստատում է ԿԸՀ-ն: Քվեատուփը կարող է պատրաստված լինել թափանցիկ նյութից»: ԵԱՀԿ առաջարկը մերժելու պատճառաբանություններից մեկն էլ այն է եղել, թե տեղամասային ընտրական հանձնաժողովների 9 անդամներից յուրաքանչյուրն ունի որոշակի պարտականություններ, եւ քվեարկության ժամանակ դժվար կլինի վերահսկել երկրորդ քվեատուփը: Ռ.Բարրին դրա պատասխանն էլ ուներ. հանձնաժողովների 9 անդամներից միայն 4-ն ունեն կոնկրետ պարտավորություններ: Ասել է թե, մյուս 5 հանձնաժողովականները կարող էին այդ պարտականությունը ստանձնել, եթե բարի կամք լիներ. «Ցանկացած դեպքում ԿԸՀ-ն կարող էր իր որոշումներով կանոնակարգել այս հարցը»: ԵԱՀԿ առաքելության ղեկավարը նաեւ առիթ ունեցավ անդրադառնալու ԿԸՀ նախագահ Արտակ Սահրադյանի այն հայտարարությանը, թե մայիսի 25-ի ընտրություններից հետո տեղամասային ընտրական հանձնաժողովների գերհոգնած անդամներն ի վիճակի չեն լինի «օրենքով նախատեսված 12 ժամում ամփոփել ընտրության ու հանրաքվեի արդյունքները, ապա՝ ավելացրել, թե «Ընտրական օրենսգիրքը» նման բան չի էլ պահանջում»: Հիշեցնենք, որ նման պահանջ ուղղակիորեն ամրագրված է ԸՕ հոդված 61-ի 6-րդ կետում, նաեւ՝ «Հանրաքվեի մասին» օրենքի հոդ. 32-ի 7-րդ կետում: Ի դեպ, Ռ.Բարրին պահանջել էր, որ ընտրությունների նախնական արդյունքների ամփոփումը տեղամասային հանձնաժողովները ներկայացնեն 12 ժամվա ընթացքում, նաեւ, որ այդ տվյալները գրաֆիկներով ներկայացվեն: Ըստ պրն Բարրիի, իրենք դեմ չեն լինի, եթե այդ պրոցեսն օբյեկտիվ պատճառներով երկարաձգվի, ասենք, մինչեւ 24 ժամ: Իհարկե, եթե իշխանությունները համաձայնեին քվեարկություններն անցկացնել ԱԺ ընտրությունների եւ հանրաքվեի համար տարբերակված քվեատուփերով, այս հարցը, թերեւս, օրակարգից դուրս գար: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել