ԶԱՐԹՈՆՔԻ ԱՎԵՏԻՍԸ Չարիքի հոգեվարք Հիշեցնեմ, որ ՀՀ Կառավարությանն առընթեր միգրացիայի եւ փախստականների վարչության պատասխանատուն ընդամենը մեկ-երկու ամիս առաջ ավետում էր 8230 /երանելի/ ներգաղթի մասին՝ փորձելով չեղած նոր ձեռքբերում ավելացնել վերընտրության հավակնորդի «արժանիքներին» /միայն պաշտոնական տվյալներով՝ անցյալ տարի նախորդի համեմատ 3 հազարով նվազել էր արտագաղթողների թիվը, այս տարի՝ միանգամից 60 հազարով «նվազեցվել» էր նույն ցուցանիշը/: Փետրվարի սկզբին «մասնագիտական» ԶԼՄ-երով նույն անձը հաշվարկ էր ներկայացրել առ այն, որ արտագաղթ, այնուամենայնիվ, գոյություն ունի: Գիտությունների թեկնածուն մոռացել էր նշել, թե ինչպես է հաշվառել ավտոբուսներով /քանի որ ամենաէժան փոխադրամիջոցն է/ Հայաստանից Ռուսաստան, այնտեղից էլ ավելի հեռավոր երկրներ մեկնածներին, որոնց փոխարեն նույն փոխադրամիջոցը լեցուն ապրանքներ է ներկրում: Այս ամենը, բնականաբար, շրջանցում է նյութապես սիրաշահված մաքսավորի գրանցամատյանը. արդյունքում՝ ոչ արտահանման-ներմուծման օրեցօր աճող բացասական հաշվեկշռին է ավելանում, ոչ էլ՝ արտագաղթ-ներգաղթինը… Իսկապես տարիմաստությունների երկիր ենք դարձել, եթե չասենք՝ անհեթեթությունների: Դատելով տնտեսական աճի եւ բազմահազարանոց աշխատատեղերի վերաբերյալ հորինված թվերից, ստացվում է՝ որքան իշխանությունները լավացնում են մարդկանց կյանքը, այնքան մարդիկ ավելի շատ են արտագաղթում իրենց երկրից, թողնում հարազատներին, տունը, տեղը: Փաստն այն է՝ որքան իշխանություններն ավելի շատ փող են ստանում արտասահմանից, այնքան վատանում է ժողովրդի վիճակը: Այլ եկամուտ չունեցող թոշակառուներին սիրաշահելու համար նրանց թոշակները ձեւականորեն մի քանի դրամով են ավելացնում, իսկ մի քանի բիզնեսների «տանիք» դարձած պաշտոնյաներինը՝ մի քանի հարյուր դոլարով: Ըստ որում, եթե վերջին անգամ կենսաթոշակների բարձրացման ժամանակ դրամի սղաճի մակարդակը համեմատենք այսօրվա հետ, կտեսնենք, որ դրամն այնքան է արժեզրկվել, որ կենսաթոշակի ոչ թե բարձրացում, այլ բացարձակ անկում է տեղի ունեցել, չխոսելով արդեն սպառողական զամբյուղի եւ նվազագույն աշխատավարձի տարբերության, գնողունակության անկման եւ այլ երեւույթների մասին: Չէ՞ որ սրանք փաստեր են եւ այս փաստերն են ուզում ավելացնել՝ վերջնականապես բարոյալքելու եւ բարոյազրկելու հայ մարդուն: Ամեն կերպ փորձում են պարտադրել համակերպվելու այն մարդկանց իշխանությանը, ում օրոք ավելացավ ժողովրդի ունեցվածքի անվերահսկելի թալանը, դրան այսօր ավելացնելով նաեւ հիվանդանոցներ, առողջարաններ, արտադրական վերջին ձեռնարկությունները: Եվս մի քանի փաստեր, որոնց մասին իշխանական կլանը լռում է: Ահա այդ փաստերը. – 1998-2002թ. ներդրումներն արդյունաբերության մեջ կրճատվել են 12 անգամ, – վերջին հինգ տարիներին պետական բյուջեի պակասորդը կրկնակի աճել է, – բյուջեի ճեղքվածքը հիմնականում ֆինանսավորվում է արտաքին աղբյուրների հաշվին, – մտահոգիչ չափերի է հասել երկրի արտաքին պարտքը՝ մոտ մեկ միլիարդ ԱՄՆ դոլար: Թվարկումը կարելի է շարունակել եւ փաստերի թիվը կավելանա այնքան, քանի դեռ հանդուրժում ենք դրանց հեղինակներին: Հանդուրժում կոչերը՝ թվացյալ կայունությունը չխախտելու վերաբերյալ, անգամ՝ ժողովրդի հանդեպ չեղած սիրո ջղաձիգ խոստովանությունները: Այս ամենը գիտակցելով՝ պետք է վերջապես ուշքի գալ: Որքան էլ ընդդիմության շահերին համահունչ լինեն ներկա իրավիճակի արտերկրի գնահատականները, այնուամենայնիվ, ճիշտն այն է, որ ոչ թե օտարը, այլ մենք լուծենք մեր խնդիրները, հավատանք, որ ժողովրդի ու երկրի ճակատագիրը հենց մեր ձեռքերում է: Եվ ինքներս տեր կանգնենք մեր երկրին: Հարցը շատ ավելի պարզ է, քան թվում է. քաղաքական դաշտում այլեւս գունավոր նրբերանգներ չկան: Ամեն ինչ սահմանազատվել է՝ լույս ու ստվեր, սեւ ու սպիտակ, ծուռ ու շիտակի, արդարություն ու… Տիրոջ իրավունքով պայքարի անհրաժեշտություն կա՝ օր առաջ ձերբազատվելու հոռի երեւույթներից եւ դրանք արմատավորող ու մարմնավորող խորթ արարածներից: Մարտահրավեր Ոքան էլ ազդեցիկ լինեն քաղաքական ուժերն ու անհատները՝ մարտահրավերը, այնուամենայնիվ, նետում է ժամանակը: Հասարակությունը հարկադրված է դիմագրավել այն, պատվով անցնել նաեւ երբեւէ չնախատեսված փորձությունների շրջանը: Սա՝ որպես անհրաժեշտ նախապայման: Մարտահրավերը նետվում է բոլորին՝ ինքնակայացման եւ ժառանգված որակի, կերպի պահպանման ու արժանի զարգացման գործում: Այն, թերեւս, անխուսափելի է, երբ վտանգվում է ոչ միայն երկրի ներքին ու արտաքին անվտանգությունն իր բազմաճյուղ ոլորտներով, այլեւ ժողովրդի արժեքային համակարգն ընդհանրապես: Ասել, թե իշխանությունն ու ժողովուրդը երբեւէ եղել են ներդաշնակ միասնության մեջ, կնշանակի ինքնախաբեությամբ զբաղվել: Ժողովրդավարությունը նոր է արմատավորվում մեր աշխարհամասում, թեեւ պետության ղեկավարի հանդեպ ժողովրդի անվերապահ վստահության նախադեպեր պատմության մեջ եղել են: Ակնհայտ է նաեւ, որ նման ներդաշնակությունն է միակ ճանապարհը՝ իրական ժողովրդավարության հաստատման համար: Ժողովրդի մասնակցությունը պետության կառավարման գործերին այսօր ոչ միայն հնարավոր է, այլեւ՝ անհետաձգելի հրամայական: Անհրաժեշտ է, թերեւս, հասարակության ձեւավորված հավաքական կամքը վերածել քաղաքական կամքի եւ հետեւողականորեն կյանքի կոչել գործունեության նպատակներ հռչակած ծրագրային հիմնադրույթները: Հոգեբանորեն ամենածանր ճնշումը, որին նետվում է ժամանակի մարտահրավերը՝ շարունակվող մեկուսացումն է իշխանության եւ ժողովրդի միջեւ: Մեկուսացում, որ վերաճել է իշխանության կողմից ժողովրդի անտեսմանը, երկրի ներսում ձեւավորված հասարակական կարծիքի արհամարհմանը, ինչպես նաեւ արտերկրում մեծ դժվարությամբ նվաճած ազգային դրական նկարագրի ստվերմանը եւ դրան համապատասխան գնահատականների «ինքնատիպ» մեկնաբանություններին: Ու եթե նախկինում նշյալ մեկուսացումից առաջացած հուսալքությունը պատճառ էր դառնում արտագաղթի, ապա այսօր այն վիրավորանք-վրդովմունք-ցասում շղթայով վերածվում է համաժողովրդական մի մեծ ալիքի, որի դեմ ելնելը նույնն է, ինչ բնության տարերքը սանձելը: Հետեւաբար, դժվար չէ կանխատեսել, որ մեկուսացման պտուղները «բաժին կընկնեն» ակամա մեկուսացածներին… Մարտահրավեր՝ բռնակալությանն ու ապօրինությանը, օրենքի բռնաբարմանն ու մի խումբ անհնազանդ մահկանացուների «օրենքից դուրս» կարգավիճակին: Գրեթե բոլոր երկրներում գոյություն ունի համամարդկային արժեքներին համապատասխանող, միաժամանակ՝ տվյալ երկրի առանձնահատկություններից բխող մարդու տարբեր հավակնությունները սանձող իրավաօրենսդրական որոշակի կարգ: Որքան համատարած են այդ կարգն ու օրենքը եւ պարտադիր բոլորի համար, այնքան կայացած ու կայուն է տվյալ երկիրը, այնքան կանխատեսելի են նրա զարգացման հնարավոր միտումները: Տարածաշրջանում կամ միջազգային ասպարեզում հավակնել լուրջ դերակատարության՝ հռչակած, սակայն ամեն օր հանրային կյանքի բոլոր ոլորտներում փշուր-փշուր եղող ժողովրդավարական սկզբունքներով, դառնում է ինքնարբունքի մեջ իրականության հետ կապը կորցրած իշխանությունների անիրատեսական պատրանքը: Չեղած օրենքով, այսինքն ապօրինի, ձերբակալում են մարդկանց, անհեթեթ, անհիմն մեղադրանքներով: Ըստ որում, ընդունված կարգ է դարձել ոչ միայն ապօրինի, այլեւ իր բնույթով նենգ գործելաոճը. մարդկանց ձերբակալում են ոչ թե իրենց հորինած «ապօրինի արարքի» դեպքի վայրում, այլ անկողնուց հանելով, սուտ մատնությամբ եւ ահաբեկելով ընտանիքներին: Անհնար է քողարկել օրենքի մեկնաբանության այնպիսի խտրականությունը, երբ որեւէ քաղաքացու /գործազուրկ կամ բարձրաստիճան պաշտոնյա/ սպանության բացահայտմանը իշխանական բուրգում հետամուտ են լինելում ամեն գնով, անգամ դրամական պարգեւներ խոստանալով, մեկ այլ դեպքում՝ միեւնույն օրենքը կիրառվում է՝ արդարացնելու մարդասպանին եւ հնարավորին չափ արագ մոռացության մատնելու տեղի ունեցածը: Օրենքի գերակայությունը դարձել է երկրի, նրա ժողովրդի հոգեբարոյական նկարագրի վերակենդանացման ու ազգային առաջընթացի կարեւորագույն եւ անսակարկելի նախապայմանը: Թեեւ մեր երկիրը որոշակի պարտավորություններ ունի միջազգային հանրության հանդեպ՝ երաշխավորելու խղճի, դավանանքի ազատությունը, այսուամենայնիվ, քրիստոնեական արժեքները հայության համար եղել եւ մնում են առավել հարազատն ու ընդունելին: Արժեքային ավանդական համակարգի փլուզման պարագայում առաջընթացի, զարգացման ցանկացած ծրագիր կարող է լինել իմաստազուրկ եւ ինքնանպատակ: Այս իմաստով կարեւոր մարտահրավեր է նետված մերօրյա կռապաշտությանը, որը բարձրացված է պետական գործելակերպի մակարդակի: Դժվար չէ նկատել առերես հավատացյալ ներկայացող, իրականում ձեւապաշտ ամենաթողներին: Ով է ընդունելու նրանց մատաղն ու վառած մոմերը, եթե Աստծո խորանից դուրս գալով, կենսաբնազդով ուղղվում են այնպիսի «խիզախումների», ուր հետքն անգամ չկա այն պատվիրանների հավատարմության, որոնց վկայակոչմամբ երբեմն նաեւ խրատներ են հորինվում մնացած մահկանացուներին հնազանդ պահելու համար: Իրականում՝ «Մի ստիր» խրատով լկտի ստեր են ներկայացնում չեղած աշխատատեղերի, ներգաղթի եւ պետական բյուջեի չեղած ավելցուկի մասին. «Մի գողացիր» ասելով կողոպտում են ժողովրդի ձայները, դրա հետ միասին՝ վստահությունը հենց իշխանությունների նկատմամբ: Կողոպուտն իրականացնում են նախապես ծրագրված եւ «պատրաստված» վիճակագրական տվյալներով: Սակայն իրենց իսկ հրապարակած պաշտոնական տվյալները հուշում են, որ բնավ տնտեսագետ լինել պետք չէ ուղղելու առաջին դասարանցու մակարդակի սխալը, որն իրականում ոչ թե սխալ է կամ սուտ, այլ քրիստոնյայի համար՝ մեղք, իսկ կռապաշտների համար՝ նաեւ քրեական հանցանք: Այսպես, օրինակ, ասում են, որ երկրում «հաշվառած» 3,2 միլիոնից տվյալ պահին առկա 3 միլիոն բնակչությունից /որը խիստ կասկածելի է/ եթե հանենք ընտրության իրավունք չունեցողների թիվը՝ 1 միլիոնից ավելի /նույնպես պաշտոնական տվյալ է/, ստացվում է 2 միլիոն մարդ: Հայաստանում անցկացված նախագահական եւ խորհրդարանական բոլոր ընտրություններին, ներառյալ 1991թ. ազգային որոշակի վերելքի փուլում անցկացված նախագահական առաջին ընտրություններին, բնակչության համար խիստ նպաստավոր աշնանային եղանակին, ընտրողների մասնակցությունը կազմել է 58-62%, այսինքն միջին հաշվով՝ 60%: Այս պարագայում լավագույն դեպքում 2003թ. նախագահական ընտրություններին հնարավոր էր 1,100.000- 1,200.000 մարդու մասնակցություն, որն անգամ խիստ կասկածելի է գործող նախագահի եւ ընտրությունների անցկացման վերաբերյալ մարդկանց անվստահության, պասիվության եւ անբարենպաստ եղանակի պատճառով: Ավելորդ է խոսել անգամ, որ եթե այդ թվից հանենք վերջին տարիների բնական աճի կրճատման /մահացած ընտրելու իրավունք ունեցողներ, ծնված նման իրավունք չունեցողներ/, բանտարկյալների, այս տարիներին ավելացած հիվանդների, հետախուզման մեջ գտնվող զինակոչիկների, արտագաղթածների եւ այլոց քանակը, ապա պարզ է, թե ինչքան է կազմելու իրական ընտրազանգվածը: Պաշտոնապես «նկարել» էին 1 միլիոն 600 հազար ընտրողների ձայներ: «Շանթ» հեռուստատեսությամբ մի քանի օր առաջ «Ինտերնյուս»-ի լրագրողական հետաքննությունը, ի թիվս այլ աղաղակող փաստերի՝ պարզել էր նաեւ, որ Սյունիքի մարզի Գնիշիկ գյուղում, որտեղից եղած 12 բնակիչն էլ ձյան բարձր ծածկույթի՝ ճանապարհների անանցանելիության պատճառով ոչ բոլորն են կարողացել մասնակցել հարեւան գյուղերից մեկի ընտրատեղամասում անցկացվող ընտրություններին: Արդյունքում «միասին աշխատելու» կոչ անողի օգտին նույն գյուղի 12 բնակչից գրանցվել էր 108 ձայն: Կան նաեւ այլ փաստեր, որոնց հրապարակումը կարող է ավելի ընկճել մարդկանց, իսկ ավելի շատ՝ ինքնակոչներին: Գողանում են երկրին ու նրա ժողովրդին հատկացվող ամենատարբեր բնույթի աջակցությունը՝ մարդասիրական, վարկային, դրամաշնորհային, ինչպես նաեւ բոլորիս հարկերից ձեւավորված պետական բյուջեի եկամուտները՝ ոչինչ չտալով դրանց դիմաց կամ լավագույն դեպքում՝ մի մասը ցուցադրաբար ծախսելով վաղուց սպասված ծրագրերի իրականացման վրա: «Մի սպանիր» պատվիրանն ուղղակի եւ անուղղակի, թիկնապահներով միջնորդված, թե տասներորդ միջնորդի օգնությամբ, իսկ որ ավելի ծանր մեղք է՝ մարդկանց հույսն ու վստահությունն ընդհանրապես մարդկային, քրիստոնեական արժեքներով առաջնորդվող իշխանություն ունենալու, ոմանց համար՝ երբեւէ բարգավաճ հայրենիք ունենալու նկատմամբ: Իսկ սպանվածների հարազատների հույսերը սպանելը, թերեւս, կրկնակի հանցանք կարելի է համարել: «Մի շնացիր» ասելով շատ պարզունակ պետք է համարել շատերի համար մի բաժակ ջուր խմելու պես սովորական դարձած երեւույթը: Իրականում, ավելի պիղծ են հոգիներն այն այրերի, որոնց ժողովրդի ծառայի կարգավիճակ է շնորհված8230 իրենց նմաններից: Ավելին, մինչեւ այդ աստիճանի չստորանան եւ իրենց հոգին չտան երկրային սատանաներին՝ շնանալու, շատերը պետք է առժամանակ մոռանան, որ հնարավոր է պարկեշտության սահմաններում պետական աշխատանքի ձեռքբերումներ ունենալ՝ ըստ արժանիքների: Շնանալուն համարժեք ստորաքարշությունը, դավաճանությունն ու սուտ մատնությունները դարձել են բուրգի տիրոջը հաճոյանալու եւ «նվաճումների» անհրաժեշտ նախապայմանը: Ավելորդ է խոսել, միգուցե քո մերձավորի, ասել է թե՝ քո հարազատ ժողովրդի ունեցվածքին աչք ունենալու պատվիրանի մասին, որը գուցե այդ ունեցվածքի ստեղծմանն անհաղորդ ու անտեղյակ նորօրյա ալիբաբաների ծիծաղն է առաջացնում: Նրանք առանց բացառության կարող են աչք ունենալ ազգային հարստության մասը կազմող ցանկացած արժեքի վրա: Վկան՝ այսօրվա զարմանահրաշ «գործարքները»: Իհարկե, անիմաստ է թվարկել մնացած պատվիրանները /Հին կտակարան, Ելից գիրք. 20-րդ գլուխ, էջ 2-17/: Առավել եւս, որ դրանց «կատարումը» միայն իրենց է հայտնի եւ իրենց հայտնի աստվածներին եւ ոչ երբեւէ՝ մեր Տիրոջը… Շարունակելի ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ