ԿԻՆՈՆ ՆԱԽԱՄԱՐԴՆ Է ՍՏԵՂԾԵԼ Կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանը հավաստիացնում է, որ իր «Սուրբ ծեսերի երկիրը» ֆիլմը նկարահանված է այնպիսի որակյալ տեխնիկական միջոցներով, ինչպիսին Հայաստանում երբեւէ չի եղել։ Վերջերս Բոլոնիայում կազմակերպված հայ կինոյի ցուցադրման օրերին Հայաստանից տարված 12 ֆիլմերի թվում է եղել նաեւ «Սուրբ ծեսերի երկիրը»։ Ֆիլմի նկարահանման վայրերը տարբեր են՝ Հայաստան, Թուրքիա, Իրան, Երուսաղեմ, Հռոմ, Վենետիկ։ «Սրանցից որ մեկն է սուրբ ծեսերի երկիրը» հարցին ռեժիսորը պատասխանում է. «Խոսքը հոգեւոր երկրի մասին է, որ գտնվում է յուրաքանչյուր քրիստոնյայի հոգում»։ – Ֆիլմում ներկայացված ծեսերը՝ Վարդավառ, Տրնդեզ, գալիս են հեթանոսական շրջանից, հետագայում դրանց վերագրվել է քրիստոնեական գաղափարախոսություն։ Ի՞նչ խորհուրդ ունեն ծեսերը ձեր ֆիլմում։ – Էթնոգրաֆիկ վերլուծություններ չեմ փորձել անել։ Դա գրականության ու գիտության ոլորտ է։ Ֆիլմում երեխաները ջրում են միմյանց, առանց հասկանալու, թե ինչ են անում։ Նրանց մեջ խոսում է գենը, պատմությունը։ Թեեւ ֆիլմում չկան դերասաններ, բայց Է. Բաղդասարյանը պնդում է, որ ինքը ոչ թե վավերագրական, այլ խաղարկային ֆիլմ է նկարահանել, քանի որ «վատ դերասաններ չեն նաեւ օդը, ջուրը, քարը, երկինքը»։ – Ֆիլմը նկարահանելիս ի՞նչ դժվարությունների եք հանդիպել։ – Ամենամեծ դժվարությունը թեման էր, որ բավական շահարկված էր, ուստի պետք է փորձեինք նորովի մեկնաբանել։ Կարծում եմ, մեզ հաջողվեց ասելիքը նոր ձեւով ներկայացնել։ Էդգարի կարծիքով, Հայաստանում այսօր բարձր արվեստ չկա։ Այն, ինչ ստեղծվում է, ընդամենը իմիտացիա է, գավառականություն. «Երբ խորհրդային երկաթյա վարագույրը քանդվեց, նրա փոխարեն ստեղծվեց մի ուրիշ՝ դրամական վարագույր։ Այժմ շատ արվեստագետներ գոռում-գոչում են, որ իշխանությունը վերականգնի կոչումները, առանց հասկանալու, որ կոչումը արվեստագետին կամակատար դարձնելու ձեւ էր՝ Ստալինի «ամենահանճարեղ» մտահղացումներից մեկը։ Ինձ հայի ստեղծագործ տեսակն է հետաքրքրում։ Այդպես եմ տարբերում հային ուրիշ ազգերից։ Հիսուսն ամենաճշմարիտ «սցենարն» է գրել, որը մենք առաջինը ընդունեցինք, բայց դրանից սարքել ենք կատակերգություն։ Հիշո՞ւմ եք, ինչ էր կատարվում, «1700-ամյակ» արտահայտությունը տեսնում էինք անգամ անձեռոցիկների վրա։ Եթե հոգեւոր արժեք չենք ստեղծելու, ուրեմն ազգ չենք, ազգաբնակչություն ենք, ամբոխ։ Այսօր ինչ-որ բաներ են անում, անունն էլ դնում արվեստ։ Բայց իրականում դրանց հեղինակները ցեխ են շպրտում մեզ վրա, իրենք իրենց վրա։ Իսկական արվեստագետն այն է, որ 98% վատի միջից գտնի 2% ադամանդը, դարձնի 5, 10 տոկոս եւ ավելի»։ Էդգարը նաեւ համոզված է, որ կինոն արվեստների հիմքն է ու ոչ թե կինոն է 100 տարեկան, այլ ժապավենը։ Ըստ նրա, կինոն մարդու հետ է ծնվել։ Այն պահին, երբ նախամարդը բացեց աչքերը, տեսավ իր շրջապատը, հենց այդ պահից էլ ստեղծվեց կինոն։ «Այսօր թատերական ինստիտուտի ուսանողներին սովորեցնում են, թե իբր կինոն թատրոնի համեմատ երկրորդ սորտի արվեստ է։ Իրականում ընդհակառակն է, թատրոնն է դուրս եկել կինոյից։ Այս սխալ դպրոցի արդյունքն են Հայաստանում ստեղծվող շատ ֆիլմեր, որոնք ընդամենը թատրոն են ժապավենի վրա։ Մեզ մոտ ինչքան դերասանը վատ է խաղում, այնքան շատ են «բրավոները»։ Մի ցավ էլ ունենք. տաղանդավոր ֆիլմը պետք է ունենա ոչ պակաս տաղանդավոր հանդիսատես։ Մարիոնետը, երբ տեսնի իր թելերը, այլեւս հնարավոր չի լինի նրան խաղացնել։ Էլիտար արվեստը իրենց թելերը տեսած մարիոնետների համար է»,- վստահ է Է. Բաղդասարյանը։ «Սուրբ ծեսերի երկիրը» Էդգար Բաղդասարյանի երրորդ ֆիլմն է՝ «Խաղեր» եւ «Սեւ պատեր» ֆիլմերից հետո։ Դրանցից յուրաքանչյուրը ռեժիսորի համար «ինչու եմ ապրում» հարցի պատասխանը գտնելու փնտրտուք է։ Ու քանի դեռ չի գտնվել այդ պատասխանը, աշխատում է նոր ֆիլմի («Մարիամ») վրա, որը միայնակ կնոջ պատմություն է։ ԱՇԽԵՆ ՔԵՇԻՇՅԱՆ