Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դպրոցն ի՞նչ ենք անում

Մայիս 02,2003 00:00

Դպրոցն ի՞նչ ենք անում Խմբագրություն այցելած թիվ 71 դպրոցի ուսուցիչները բողոքում էին, որ ինչ-ինչ ուժեր ցանկանում են իրենց ձեռքից վերցնել դպրոցի շենքը։ Մանրամասները ճշտելու համար գնացինք Երեւանի թիվ 71 դպրոց, որի մուտքի մոտ մեզ դիմավորեցին ծնողների եւ ուսուցիչների բազմամարդ խմբեր, որոնք պատրաստվում էին բողոքի ցույցեր կազմակերպել իշխանական ատյանների մոտ։ Դպրոցի տնօրեն Գ. Դեմիրյանի ջանքերը՝ զսպել զայրացած ծնողներին եւ մանկավարժներին, կարծես թե ապարդյուն էին անցնում։ Երեւանի կենտրոնում գտնվող թիվ 71 դպրոցի շենքը, պարզվում է, հրապուրել է ոմանց։ Շենքը բավականին գեղեցիկ է, ոչ տիպային, լավ պահպանված, վերջին տարիներին նույնիսկ վերանորոգվել է։ Մեր ձեռքի տակ է կառավարության որոշման մի շատ հետաքրքիր (բայց եւ զարմանալի) նախագիծ։ Ըստ այդ նախագծի, թիվ 71 դպրոցի շենքը պետք է հաշվեկշռից հաշվեկշիռ անհատույց հանձնվի առողջապահության նախարարության «Երեւանի «Էրեբունի» պետական բժշկական քոլեջ» փակ բաժնետիրական ընկերությանը։ Ամենազարմանալին այն է, որ կառավարության սույն որոշման նախագծի տակ գրված էր, ոչ ավել, ոչ պակաս՝ «Էրեբունի»։ Կարելի է եզրակացնել, որ «Էրեբունի» անունը կրող հիմնարկում նստած՝ կառավարության որոշման նախագծեր են մշակում։ Ըստ այդ նախագծի՝ «Երեւանի «Էրեբունի» պետական բժշկական քոլեջ» ՓԲԸ-ն պարտավորվում է թիվ 71 դպրոցին 10 տարի ժամկետով անհատույց օգտագործման տրամադրել համապատասխան տարածք։ Նշենք նաեւ, որ դպրոցի շենքում 2-րդ հերթափոխում գործում է Հյուսիսային համալսարանը, որը, պետական գույքի կառավարման նախարարության հետ կնքած պայմանագրի համաձայն, դպրոցում պետք է գործի մինչեւ 2006 թվականը։ Ուշագրավ է, որ նշված նախագծում, հավանաբար միտումնավոր, ուռճացված է դպրոցի տարածքը. ավել է ցույց տրված 2760 քմ տարածք։ Նշենք նաեւ, որ «Էրեբունի» բժշկական քոլեջն ունի իր շենքը, սակայն երեւի այն քոլեջի ղեկավարությանը չի բավարարում եւ որոշել են տեղավորվել 380 աշակերտ ունեցող դպրոցի շենքում։ Թե այս առթիվ ինչ են մտածում կրթության համակարգի պատասխանատուները, տեղեկացանք, որ դպրոցի շենքային խնդիրն իրենց չի վերաբերում, եւ իրենք այդ հարցում անելիք չունեն։ ԼԻԼԻԹ ԳՐԻԳՈՐՅԱՆ Քաղաքապետարանի կրթության վարչության պետ Օնիկ Վաթյանը տեղեկացրեց, որ դպրոցներում վարձակալության սկզբունքով տարածքներ տրամադրելն ընդունված ձեւ է: «Դպրոցն առաջարկություն է ներկայացրել, որպեսզի «Էրեբունի» բժշկական քոլեջը տեղավորվի դպրոցի շենքում, երկրորդ հերթում՝ չխաթարելով թիվ 71 դպրոցի բնականոն ուսումնական գործընթացը՝ առաջին հերթափոխում: Իսկ «Հյուսիսային համալսարանն» այնտեղ ընդամենը երկու սենյակ է զբաղեցնում: Խնդիրը դեռ քննարկման փուլում է, բայց դա թիվ 71 դպրոցի շահերին երբեք չի ազդի, դա կապ չունի դպրոցի հետ»,- այսպես եղավ վարչության պետի պատասխանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել