Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԶՈ՜Ր ՀԱՅՐԵՆԻՔ՝ ՀԶՈ՜Ր ԷԼԻՏԱ

Մայիս 02,2003 00:00

ՀԶՈ՜Ր ՀԱՅՐԵՆԻՔ՝ ՀԶՈ՜Ր ԷԼԻՏԱ «Հզոր Հայրենիք» կուսակցությունը համամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավորության թեկնածուների ցուցակում ընդգրկել է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանին։ Ցուցակում նրա՝ «կուսակցական պատկանելություն» տողի դիմաց գրված է. «չի աշխատում»։ -Մեր կուսակցությունից, ըստ էության, միայն ես եմ ներկայացված «Հզոր Հայրենիքում»։ Եթե վերցնենք ցանկը գլխավորողին՝ Երեւանի քաղաքապետին, ապա նա ընդհանրապես կուսակցական չէ։ Քննարկումների արդյունքում մեզ հաջողվեց ճշտել ընդհանուր մոտեցումները։ Կար «Ազգային անվտանգություն» կուսակցության առանձին ցուցակը, ընդ որում, հայտնի քաղաքական դեմքերով, բայց այն դնելը ինքնանպատակ կլիներ։ Հաշվի առնելով ներկա քաղաքական, տնտեսական, սոցիալական վիճակը՝ նշանակություն ուներ, թե քարոզարշավի ընթացքում ինչ հնարավորություններով կարող ես գնալ ընտրության։ Ինձ համար տարօրինակ հայտնագործություն կատարվեց, որ «Հզոր Հայրենիքը» հստակեցրել էր քաղաքական էլիտայի ձեւավորման սկզբունքները, որն արդիական է այսօրվա համար։ Եվ երկրորդը, ինչը խիստ կարեւոր էր, ճշտելն էր, թե որ սոցիալական խումբն տեր կանգնելու այս պետականությանը։ Ցուցակում ընդգրկվածները պետական պաշտոն զբաղեցնելու խնդիր չունեն, որովհետեւ ունեն բավական լուրջ պաշտոններ։ 1990-ականներից առաջ հստակ կուսակցական հիերարխիա գոյություն ուներ, վերից վար նշանակովի էին պաշտոնները։ Հայ իրականության մեջ Թատերական հրապարակից սկսվեցին գործընթացներ։ Մարդիկ առաջին փուլում բավական լուրջ դեր ունեցան պետության կայացման մեջ, դրական գործ կատարեցին։ 1995-ին մշակվեց երկրի Հիմնական օրենքը, որը քաղաքական էլիտայի ձեւավորման հարցում լուրջ թերացումներ ունեցավ։ Չստեղծվեցին այն ինստիտուտները, որի շնորհիվ հնարավոր էր մրցակցության մեջ ներգրավել քաղաքական գործիչներին եւ այդ մրցակցության պայմաններում էլ ընտրազանգվածին հնարավորություն տալ, որ ըստ կատարած գործի մարդը ընտրվի պետական իշխանական որեւէ օղակում։ Ստացվեց, որ մարդիկ իշխանական բուրգի մեջ էին եւ ուղղակի աշխատում են իշխանություն պահպանել՝ եւ մարդիկ, որոնք Թատերական հրապարակում են ու շահարկելով վիճակը՝ հիմնական մեղավոր ճանաչելով հանրապետության առաջին դեմքին, գտնում են, որ եթե նա փոխվի, ամեն ինչ փոխվելու է։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կան օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ։ Եվ ստացվում է, որ ԱԺ ընտրությունից՝ ԱԺ ընտրություն, նախագահի ընտրությունից՝ նախագահի ընտրություն, հայտնվում ենք քաղաքական մի իրավիճակում, որտեղ մրցակցություն է գնում հանրապետության առաջին պաշտոնը զբաղեցնելու համար։ Ցանկացած մանր սոցիալական խնդրի մեղավորը առաջին դեմքն է դառնում։ – Պարոն Իսագուլյան, մոդայիկ չի՞ դառնում «քաղաքական էլիտայի ձեւավորման» հարցը դնելը, ինչը կրկնվում է տարբեր քաղաքական միավորումների հավաքներին։ Տարակուսելի է, երբ էլիտայի ձեւավորման հայտ են ներկայացնում քաղաքականության մեջ հնաբնակները։ Եվ, վերջապես, էլիտայի ձեւավորմա՞ն համար եք մտնում ԱԺ։ – Քաղաքական էլիտա կա։ Բայց գործունեության հնարավորության առումով գտնվում է վատ վիճակում։ – «Կառավարելի» լինելը վա՞տ վիճակ է։ – Էլիտայի մի մասը գտնվում է իշխանական բուրգում, մի մասը տեղ չունի իրեն դրսեւորելու եւ ակամայից հայտնվում է Թատերական հրապարակում։ Իբրեւ ծրագրային դրույթ «Հզոր Հայրենիքն» է առաջինը հանդես եկել։ Առկա է նաեւ համակարգի ձեւավորման ընդհանուր մտահոգություն։ Տեսեք Վազգեն Մանուկյանին, Վիգեն Խաչատրյանին, գործիչների, ովքեր ընդդիմության դաշտում են։ Դրսեւորման հնարավորությունը որտե՞ղ կարող էր լինել։ – Ինչպե՞ս եք վերաբերվում այն հանգամանքին, որ գործադիր իշխանության ներկայացուցչի հետ է քաղաքական գործիչը ձգտում ձեւավորել ԱԺ։ «Հզոր Հայրենիքի» ցուցակում նրանք քիչ չեն։ – Ո՞ւմ նկատի ունեք՝ Ռոլանդ Շառոյանի՞ն, վարչապետի խորհրդական Ստեփան Մարգարյանի՞ն։ Այս մարդիկ նույնպես մտահոգություն ունեն, թե որ սոցիալական խումբն է, որը շահագրգռված է պետության կայունությամբ։ Մեզ համար տարօրինակ է, երբ կուսակցությունները տեղերում չեն տեսնում առաջընթացի հեռանկար։ – Ձեզ գոհացնո՞ւմ է քարոզարշավի ընթացքը։ – Հանդուրժողական է, չենք գնում հայհոյելու ճանապարհով։ Թե ընդդիմադիրների, թե դիմադիրների հետ խնդիր չունենք։ Ընդհակառակը, ձգտում ենք, որ այս երկու դաշտերը կարողանան միասնաբար աշխատել։ Կայունը այն պետությունն է, ուր ընդդիմությունն ու դիմությունը ժողովրդի մեջ միեւնույն վարկանիշն ունեն։ Այն երեւույթը, որ Վազգեն Մանուկյանի նման փորձառու քաղաքական գործիչը կարող է հայտնվել Թատերական հրապարակում եւ ակամայից պաշտպանել մի գործչի, որն ըստ էության, քաղաքական ճանապարհի առումով որեւէ առավելություն չունի, արժեք էլ չունի, մտահոգիչ է։ – Ինչպե՞ս են ընդունում ձեզ նախագահական ընտրություններից՝ շոկային վիճակից հետո։ – Ունենք 7 քարոզչական խումբ, որ այցելել են մարզեր (Կոտայքի, Արարատի, Արագածոտնի, Երեւանի 4 համայնքներ)։ Ընտրողի համար կարեւոր է իր համայնքի, իր մարզի ղեկավարը, քան հանրապետության առաջին դեմքերը։ Սա է, որ լավ է ընկալվում։ Չկա պոպուլիզմը, թե ձեր ավանդները կվերականգնվեն, աշխատավարձերը կբարձրանան։ Իսկ վիճակը շոկային է եղել այն մարդկանց պատճառով, որ ժողովրդին տարել են։ Ժողովուրդը շատ լավ հասկանում է, որ թե՛ ընդդիմադիր, թե՛ դիմադիր դաշտից ինքը խաբված է։ – Նախկին խորհրդարանականը կարո՞ղ է ասել, թե 5% արգելանքը «Հզորը» կհաղթահարի։ – Եթե բավականին լուրջ անակնկալ գրանցվի այս ընտրությունների արդյունքում, կապված «Հայրենիքի» հետ, թող որեւէ մեկը չզարմանա, որովհետեւ առաջ է քաշվում պետության զարգացման նոր տեսություն։ Եթե հաղթահարենք 10%-ն էլ՝ դա արդարացի կլինի։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել