Այքեր, Ջոնսթոն, go home! Ժուռնալիստի տանը երեկ սկսվեց ընտրություններին մասնակից կուսակցությունների հետ կլոր սեղանների «շքերթը»։ Այն բացելու հնարավորությունը տրված էր Հայաստանի նորացված կոմկուսի (ՀՆԿԿ) առաջնորդ Յուրի Մանուկյանին։ Նորացված կոմունիստը կլոր սեղանին ներկայացել էր, իր ասելով՝ «հին ու կարկառուն» կոմունիստներ Յուրի Մելիք-Օհանջանյանի եւ Վլադիմիր Հայրապետյանի հետ։ Թեպետ բանախոսեց ու հարցերին պատասխանեց մեն-մենակ։ Պրն Մանուկյանի խոսքի հիմնական մասը նվիրվեց մայիսմեկյան տոնի խորհրդի բացահայտմանը։ Հետո նա դժգոհեց ընտրակաշառքով ժողովրդին իր կողմը գրավող կուսակցություններից, քանի որ այդ պարագայում «մե՞նք ինչ պիտի անենք, որ մեր գաղափարի առավելությունը ժողովուրդը հասկանա», փնովեց մի քանի կուսակցությունների «նախընտրական փուչ խոստումները» ու եզրափակեց. «Միայն սոցիալիզմի գաղափարն է, որ բոլորին կբերի ելակետային ճիշտ ուղու վրա եւ կտանի առաջ»։ Նորացված կոմունիստները հաճախ են քննադատվում չնորացվածների կողմից՝ տարբեր մեղադրանքներով։ Մեկն էլ մարքսիզմ-լենինիզմի ուսմունքից հեռանալն է, ինչի հետ միանշանակ համաձայն չէ ՀՆԿԿ առաջնորդը։ Պատճառաբանություն էլ կա. «Ասենք, ես հեռացա։ Բա մեր կուսակցության կարկառուն դեմքերը ինձ կթողնեի՞ն այդ անել»։ Մյուս մեղադրանքը կապված է նախագահական ընտրություններում Ռոբերտ Քոչարյանին պաշտպանելու հետ։ Յ. Մանուկյանն իր ընտրության մեջ մնացել է սկզբունքներին հավատարիմ, մյուս թեկնածուին պաշտպանողներին համարելով «մեր պետականության թշնամիներ»։ Իսկ «Այքերի կամ Ջոնսթոնի նման տեսուչները մեր երկրում գործ չունեն», քանի որ «պետք չէ մեր տան աղբը դուրս հանել ու վարկաբեկել մեր ազգին»։ Ըստ պրն Մանուկյանի՝ «եվրոպական կառույցները ներկայացնում են ծրագրավորած պահանջանք-պարտադրանքներ, որոնք կառաջացնեն մեր ժողովրդի մեջ տարաձայնություններ, ինչը երկրում կստեղծի քաոսային մթնոլորտ»։ Ուստի եւ ՀՆԿԿ-ն դեմ է բոլոր արտաքին միջամտություններին՝ «ով ուզում է, որ կառույցից ուզում է, որ պետությունից ուզում է լինի»։ Իսկ որ Հայաստանը կարող է ոտքի կանգնել առանց արտաքին միջամտությունների եւ «ուրիշներին ընդօրինակելով միայն կտառապենք», ընկեր Մանուկյանը համոզված է։ Չհամոզվողներին էլ խորհուրդ է տալիս «բացել մեր պատմության ցանկացած էջն ու համոզվել, որ նման կարգի փորձերը միշտ փորձանք են բերել»։ Յուրի Մանուկյանը դեմ չէ, որ եվրոպական չափանիշները մարդասիրական են, բայց դեմ է, որ «ապուպապով մարդասեր հայ ժողովրդին պիտի սովորեցնեն կամ թելադրեն մարդասիրական ապրելակերպ»։ Կոմունիստների համար «սրբազան» տոն մայիսի 1-ը ՀՆԿԿ-ն որոշել էր նշել ոչ թե «քարացած ու հին» երթով, ինչպես ՀԿԿ-ն էր մտադրվել անել, այլ «ժամանակակից» շոու ծրագրով՝ Հաղթանակ զբոսայգում։ Նրանք գտնում են, որ շքերթի դուրս եկողը «գլուխ գովալու» փաստ-ասելիք պիտի ունենա, եւ որ «դա կարող է անել իշխանությունը, իսկ մենք դուրս գանք՝ ի՞նչ ասենք»։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ