Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Մայիս 02,2003 00:00

ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ Դեմ-ձեռնպահ չկա, անցավ միաձայն Երեկ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը (ՀԿԿ) աշխատավորության համերաշխության միջազգային օրվա կապակցությամբ շքերթ ու հանրահավաք էր կազմակերպել։ Լավագույն ավանդույթները պահպանված են. եկել էին հանրապետության տարբեր շրջաններից, դպրոցականները՝ վզկապներով, վետերանները՝ շքանշաններով, բոլորը՝ կարմիր դրոշներով ու պաստառներով, երեխաները՝ փուչիկներով։ Պահանջում էին սոցիալիզմ եւ գոչում էին «ուռա՜»։ Տարեց կոմունիստների հաշվարկներով, երթին մասնակցում էր «մի 20 հազար կոմունիստ» (տես՝ լուսանկարը), մեր աչքաչափով, մի այդքան էլ հանդիսատես՝ խանութների լուսամուտներից, շենքերի մուտքերից ու պատշգամբներից։ Այս «հանդիսատեսներն», ի դեպ, զայրացնում էին երթի մասնակիցներին. «Էս են, էլի, էրեւանցիք, վերեւներից նայում են, չեն միանում», մյուսն էլ՝ «սազական չի, իրենք էդ կուսակցության օրո՞ք չեն ձեւավորվել, չեն սնվել»։ Երթը սկսվեց Բաղրամյան-Օրբելի խաչմերուկից եւ կանգ առավ Հանրապետության հրապարակի եզրին, որովհետեւ այնտեղ, ինչպես հայտնի է, շինարարություն է ընթանում ոչ կոմունիստ միլիարդատիրոջ միջոցներով։ Իրենց սիրելի «Լենինի հրապարակի այս վիճակը» (տես՝ լուսանկարը), ի դեպ, ոչ բոլոր կոմունիստներն էին միանշանակ ընդունում. «Իրենք մեղավոր չեն (ստեղծված անհարմարությունների համար- Ա. Ու.), շինարարություն է», մեկ ուրիշը՝ «Տականք արտասահմանցիները փող են ուղարկել, որ մի քանիսը լափեն, գոնե գործարաններն աշխատացնեն, որ մարդիկ գործ ունենան»։ Չնայած տեսակետ կա, թե ՀԿԿ-ն թաքնված իշխանամետ է, այնուամենայնիվ, ելույթ ունեցող կոմունիստ ընկերները քննադատեցին իշխանություններին, խոսեցին «հանրապետությունը կապիտալիզմի ճիրաններից ազատելու անհրաժեշտության» մասին։ Հատկապես պատկերավոր էր ՀԿԿ կենտկոմի երկրորդ քարտուղար Սանատրուկ Սահակյանի հորդորը իր կուսակիցներին. «Մենք պետք է համախմբվենք եւ բռունցք ցույց տանք այս իշխանություններին։ Ոչ միայն բռունցք ցույց տանք, այլ բռնցքահարենք, որ մեզ վերադարձնեն մեր իրավունքները»։ Խոսքը կրթության, առողջության, աշխատանքի իրավունքի մասին էր։ Բաժին հասավ նաեւ մրցակիցներին. «Մեկն ասում է փոխենք կյանքը, թե ո՞վ էր խանգարում փոխել», «մյուսն ասում է ձեւավորենք միջին խավ, կարծես պիտի նկարենք», «մյուսն ասում է «Օրինաց երկիր»։ Թե ո՞վ է խանգարում դա անել՝ ունենալով հանրապետության նախագահի հովանավորությունը»,- տարակուսում էր Վանաձորի ներկայացուցիչ հռետորը։ Հավաքվածների «ուռաներից» դատելով՝ «մեր փրկությունն» էլ «մնում է Ռուսաստան-Բելառուսին միանալը, Սովետական Միությունը վերականգնելը»։ Իսկ Գյուղատնտեսական ակադեմիայի ամբիոնի վարիչ Ռազմիկ Արզոյանը նկատեց, որ «մեր հավաքը չափազանց խորհրդանշական է։ Մենք բոլորս մեր հողի վրա հայտնվել ենք հայրենիք չունեցող մարդու կարգավիճակում։ Արդյոք չկա՞ ելքը այս ահագնացող վիհից դուրս գալու համար։ Կա ելքը»։ Բնականաբար, մատնանշվում է նաեւ ելքը. «Այսօր կա առաջադիմական կուսակցություն։ Վերականգնվելու է Խորհրդային Միությունը։ Այդ մեծ նպատակը մեր առջեւում է»։ Հռետորը զգուշացրեց նաեւ, որ «կա մեկ Կոմունիստական կուսակցություն. Ստեփան Շահումյանի, Անտոն Քոչինյանի հիմնադրած կոմկուսը։ Մնացածը հարմարվողական եւ խնդիրներ լուծող են։ Դրանց գնահատականը կտա պատմությունը»։ Թե ինչպես էր Անտոն Քոչինյանը 1960-70-ական թվականներին հիմնադրել Կոմկուսը, պրն Արզոյանի խոսքից պարզ չդարձավ: Վերջում հանրահավաքի մասնակիցները խորհրդարանական առաջիկա ընտրություններին կոմկուսին ընտրելու անհրաժեշտությունը բացատրող կոչ ընդունեցին՝ ուղղված հայ ժողովրդին, որի քվեարկությունն անցավ ավանդական եղանակով. «Դեմ-ձեռնպահ, չկա, անցավ միաձայն»։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել