Երեկ Մարզահամերգային համալիրում Գրանդ Հոլդինգի նախաձեռնությամբ մեծ շուքով նշվել է աշխատավորների օրը՝ Մայիսի 1-ը: Աշխատանքի միջազգային օրվա տոնակատարությունը նորանկախ Հայաստանում պետական մակարդակով վերականգվել է 2000 թվականից՝ հայրենական խոշոր արտադրողներից՝ Գրանդ Հոլդինգի հիմնադիր Հրանտ Վարդանյանի շնորհիվ:
2000 թվականից ի վեր, ամեն տարի հայ աշխատավորի տոնը Գրանդ Հոլդինգի 7 հազար աշխատողները նշում են միասին Մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում:
Հիշելով խորհրդային տարիները, երբ աշխատավորներն արժանանում էին խրախուսանքի, Հրանտ Վարդանյանը որոշեց բարի ավանդույթը վերականգնել և Գրանդ Հոլդինգի լավագույն աշխատողներին ամեն տարի մայիսի 1-ին արժանացնել խրախուսանքի և պարգևների: Հրանտ Վարդանյանը վերականգնեց նաև ևս մեկ գեղեցիկ ավանդույթ՝ սոցիալիստական աշխատանքի բոլոր հերոսներին նշանակվեց ամենամսյա թոշակ: Տարիների վաստակ ունեցող աշխատողները մայիսի 1-ին հրավիրվում են նաև ամենամյա տոնական համերգին: Հայրենական արտադրության վերականգնման գործում ներդրած ավանդի համար Հրանտ Վարդանյանը 1999 թվականին արժանացել է Անանիա Շիրակացի մեդալի:
Չնայած նորանկախ Հայաստանում շատ բան է փոխվել՝ սակայն աշխատավորին գնահատելու, մեծարելու և խրախուսելու ավանդույթը շարունակվում է առ այսօր: