Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱՀՄԱՆ ԳԾԵԼ ՉԻ ՀԱՋՈՂՎԻ

Մայիս 02,2003 00:00

ՍԱՀՄԱՆ ԳԾԵԼ ՉԻ ՀԱՋՈՂՎԻ ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնած Ռոբերտ Քոչարյանը մի առիթով «Գերմանական ալիք» ռ/կ-ին տված հարցազրույցում հայտարարել էր, թե իր իշխանության օրոք ընդդիմադիր ոչ մի լրագրողի թանին թթու ասող չի եղել, թե նրանցից որեւէ մեկի նկատմամբ ոտնձգություն չի եղել: Չգիտես՝ «ՉԻ» թերթի լրագրող Մհեր Ղալեչյանի դեմ ապրիլի 29-ին կատարված բռնարարքը հետին թվով «սխալների ուղղո՞ւմ» համարես, թե՞ ժողովրդավարության ու խոսքի ազատության տիպար հանդիսացող Հայաստանում՝ ընդդիմադիր ԶԼՄ-ների ու լրագրողների դեմ կատարված ոտնձգությունների շարունակություն: Մեր հարցին պատասխանելով՝ իրավապաշտպան Վարդան Հարությունյանը նկատեց. «Եթե ճիշտ են այն լուրերը, թե այդ թերթի խմբագրություն այցելած մարդիկ ուղարկված են բարձրաստիճան պաշտոնյայի կողմից, ապա կարող ենք փաստել, որ ՀՀ-ում շարունակվում է այն արատավոր ավանդույթը, երբ ցանկացած պետպաշտոնյա, ունենալով պետական լծակներ ու համապատասխանաբար՝ նաեւ ծառայամիտ ենթականեր, վերջիններիս, ինչպես նախկինում, այսօր էլ կարող է ուղարկել իրեն դուր չեկած կամ իր թանին թթու ասած լրագրողին ծեծելու: Սա իշխանություններին «վայել» իրականություն է: Եթե լրագրողին ծեծի ենթարկած մարդիկ կապ չունեն որեւէ բարձրաստիճան պաշտոնյայի հետ, ապա՝ կարող ենք փաստել, որ այս իշխանություններն իրենց գործողություններով, իրենց պապլավոկյան քաջագործություններով ու կազմակերպած «ընտրություններով», մուտքերից արձակված կրակոցներով՝ հասարակությանը հասցրին նրան, որ որեւէ թերթի կամ լրագրողի վրա զայրացած ցանկացած մեկը կարող է մտնել խմբագրություն եւ լրագրողին ծեծի ենթարկել: Ընդ որում՝ այդ անել հենց աշխատանքի վայրում՝ ցույց տալու համար, որ նա ծեծվում է իր լրագրողական գործունեության համար»: Մեր դիտարկմամբ, նախանշվում են խաղի կանոններ, որոնք ուղղված են լրագրողին, որպեսզի նա իրեն անպաշտպան զգա, որ որեւէ հրապարակումից առաջ մտածի, թե դրանից հետո մարդիկ կարո՞ղ են ներխուժել խմբագրություն կամ ծեծել իրեն: «Հասանք այնտեղ, որ, ինչպես 70 տարի առաջ, այսօր էլ ամեն մեկը պետք է մտածի իր ասած յուրաքանչյուր խոսքից ու քայլից առաջ՝ ասե՞լ, թե՞ չասել, անե՞լ, թե՞ չանել: Ազատության սահմաններն անհամեմատ ու սարսափելի նեղացել են: «Ա1+»-ի փակումից, Մ.Ղալեչյանին ծեծելուց հետո արդեն սկսվում է լրագրողներին շրջանակների մեջ տեղավորելու փորձերը. քո տեղն այսքանն է՝ մեր գծած շրջանակի սահմաններում, իսկ ավելիի դեպքում՝ կծեծվես»: Նրա համոզմամբ, անկախ այն բանից՝ լրագրողին ծեծողները կապ ունե՞ն ԱԱԾ պետ Կառլոս Պետրոսյանի հետ, թե՞ ոչ, նա առաջին շահագրգռված անձը պետք է լինի, որը այդ մարդիկ պատժվեն: Եթե չպատժվեցին՝ միանշանակ է, որ Կ.Պետրոսյանը նրանց հետ կապ ունի: ՀՀ-ում պետական մակարդակով իրականացվող ապօրինություններից ձերբազատվելու ի՞նչ տարբերակներ կան, երբ իշխանությունները ոչ միայն արհամարհում են հասարակական կարծիքը, այլեւ միջազգային կազմակերպությունների դիտարկումները, կարծիքն ու պահանջները: «Միջազգային հանրության հայտարարություններն ու պահանջներն ընդամենը մեզ քաջալերելու համար են: Մենք ինքներս պետք է կարողանանք քաղաքացիական քաջություն դրսեւորել ու անկասկած կարող ենք այս վիճակը փոխել: Կոնկրետ Մհերի դեպքը պետք է ոչ թե ներքին գրաքննության, այլ՝ ընդվզումի առիթ տա»,- նկատեց իրավապաշտպանը: Իհարկե, խոսքի ազատության սահմանափակման հետեւողական փորձերը, որոնք ժամանակ առ ժամանակ ի ցույց են դրվում մեկ՝ հեռուստաընկերություն փակելով, մեկ՝ ԶԼՄ-ների մասին օրինագծի տեսքով, մեկ՝ լրագրողին ծեծելու, շանտաժի ենթարկելու միջոցով, միանգամայն տեղավորվում են ընդհանուր առմամբ վերջին տարիներին երկրում ստեղծված ապօրինությունների, չբացահայտված սպանությունների կամ դրանք անպատիժ թողնելու, մարդու իրավունքների ոտնահարման բազմաթիվ փաստերի ու իրադարձությունների տրամաբանության շրջանակներում: «Գործող իշխանություններն ուղղակի երազում են իրենց դիկտատուրան հաստատել Հայաստանում, բայց այդքան ուժ ու քաջություն չունեն եւ չեն ունենա, որովհետեւ գիտեն, որ չեն կարող: Հայաստանում եւ հայ ժողովրդի համար այդ ժամանակն անցել է»,- վստահեցրեց իրավապաշտպանը՝ միաժամանակ չհամաձայնելով մեր այն դիտարկմանը, թե ժամանակները, թերեւս, չեն անցել, որովհետեւ նրանց այդ քայլերին հասարակությունն արդյունավետ կերպով չի հակադարձել: Իսկ ինչ է եղե՞լ, որ. նրանց գործերն այդ իմաստով շատ էլ լավ են: «Ես վստահ եմ, որ իշխանությունների գործերն իրականում շատ ավելի վատ են, քան հասարակության, եւ դա ցույց տվեցին ընտրությունները: Նրանց համար լավագույն դեպքում՝ իրենք ունեն հինգ տարի, իսկ մեր ժողովուրդը՝ վատագույն դեպքում՝ դեռ մի քանի հարյուրամյակ ունի»: Իհարկե, սա իրավիճակը փոխելու լավագույն ու ամենակարճ ճանապարհը չէ: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել