ՀՀԿ-Ն ԳԵՂԵՑԻԿ ԾՐԱԳՐԵՐ ՉԻ ՀՆՉԵՑՆՈՒՄ Երեկ ՀՀԿ խորհրդի անդամ, ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, ՀՀԿ-ի՝ քարոզարշավի ընթացքում որդեգրած սկզբունքին հավատարիմ, ներկայացրեց հանձնաժողովի ապագա իրատեսական ծրագրերը՝ միաժամանակ հիշեցնելով անցյալի բեղմնավոր աշխատանքը: «Հանձնաժողովը սերտ համագործակցելով համապատասխան նախարարությունների եւ վարչապետի հետ անմիջականորեն, իր որոշակի ներդրումն ունի այն տնտեսական աճի մեջ, որ առկա է այսօր: Այս նախընտրական շրջանում հաճախ ենք ամբիոններից լսում ծրագրերի մասին, որոնք առաջին հայացքից լինելով գեղեցիկ եւ հրապուրիչ, ըստ էության իրենց իրատեսությամբ ցանկալի մակարդակի չեն հասնում: Եվ այս իրավիճակում հասարակ ընտրողի համար դժվար է կողմնորոշվել»: Շեշտելով, որ այս հանձնաժողովի օրենքները հաշվարկված են մինչեւ վերջին դետալը՝ Գագիկ Մինասյանը բերեց մի տիպիկ օրինակ, երբ ՀՀԿ երկու պատգամավոր՝ Գառնիկ Բադալյանը եւ Գագիկ Մելիքյանը, նախաձեռնեցին խմելու եւ ոռոգման ջրի հետ կապված օրենսդրական նախաձեռնությունը եւ շուրջ 3 ամիս համագործակցելով կառավարության համապատասխան գերատեսչության ներկայացուցիչների հետ՝ ստացան հիմնավորված մի օրենք, որի արդյունքում «առաջիկայում կլուծվի խմելու ջրի պրոբլեմը։ Օրենքի գործելուց հետո ավելացան մուտքերը պետբյուջե եւ նույն ծավալի ջրով կարողանում ենք 24 ժամ սպասարկել ավելի մեծ թվով ազգաբնակչության»: Անելիքների շարքում Գ. Մինասյանը կարեւորեց հատկապես հարկային օրենսդրության մեջ առկա տարընթերցումներն ու հակասությունները վերացնելու անհրաժեշտությունը: «Որովհետեւ սա պարարտ հող է մեր ոչ բարեխիղճ չինովնիկների եւ ոչ պարտաճանաչ հարկատուների համար»: Այս առումով ամենակարեւոր խնդիրը, որին նոր ԱԺ-ն պետք է ձեռնամուխ լինի եւ հաջողությամբ պսակի, ըստ Գ. Մինասյանի, հարկային օրենսգրքի մշակումն ու ընդունումն է: Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆ