«ՀԱՅԸ ԵՍ ՉԵՄ, ԴՈՒ ԵՍ» Եթե ուզում ես հասցնել մահացու վիրավորանք, պետք է հակառակորդիդ հայ անվանես: Դատելով Ադրբեջանում պարբերաբար ահագնացող ներքաղաքական պայքարի ոճից, այս երկրի տարբեր ուժեր որպես կոմպրոմատ սկսում են հայկական արմատներ փնտրել իրենց ոխերիմ թշնամիների գենետիկայի մեջ: Մեկ շաբաթ է, ինչ տարածված այս զբաղմունքի զոհն են դարձել նաեւ ադրբեջանցի իրավապաշտպանները՝ Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի ու Ադրբեջանի իրավապաշտպան կենտրոնի ղեկավարները: Ինչպես հաղորդում են արեւմտյան ու ռուսական տեղեկատվական աղբյուրները, այս երկու կազմակերպությունների գրասենյակների, անձամբ ղեկավարների ու նրանց ընտանիքների անդամների վրա հարձակումները, սպառնալիքները պարզապես հիշեցնում են 1990 թվականի Բաքվի ջարդերը: Բայց այս անգամ հարձակվողները իշխանական շրջանակներն են, Միլի մեջլիսի պատգամավորները եւ նրանց սպասարկող մամուլը: Թերթերում տպագրվում են հոդվածներ նրանց երկրից վտարելու անհրաժեշտության մասին, հեռուստակայաններով հաղորդվում են նրանց գրասենյակների հասցեներն ու հեռախոսահամարները, կոչ է արվում ջարդուխուրդ անել հայկական լրտեսների, հայերին ծախված ու նրանց հետ տարբեր սեմինարների ու քննարկումների գնացող շտրեյքբրեխերների որջերը: Ադրբեջանի իրավապաշտպանները, որոնք կոչված են պաշտպանելու այս երկրի քաղաքացիների իրավունքները, այսօր իրենք ունեն աջակցության կարիք, եւ դիմել են միջազգային տարբեր ատյանների՝ «Եվրոպական չափանիշներին ձգտող» երկրի իշխանություններին ուշքի բերելու պահանջներով: Հակամարտությունը դեռ շարունակվելու է, թերեւս մինչեւ բոլոր ադրբեջանցիների հոր՝ Հեյդար Ալիեւի ապաքինումը, քանի որ, ինչպես նշվում է հետապնդվող իրավապաշտպանների ապրիլի 30-ին տարածած հայտարարության մեջ, այս ամենը նպատակ ունի «նախագահական ընտրությունների շեմին շեղել երկրի եւ միջազգային հանրության ուշադրությունը իրավապաշտպանների դեմ կազմակերպված ջարդերի, հնարավոր ձերբակալությունների եւ հետապնդումների միջոցով»: ԼԱՈՒՐԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ Մանրամասները՝ www.hetq.am/am/region.html