Օլիգարխ եւ ֆյուրեր չունեն «Արժանապատվություն, ժողովրդավարություն, հայրենիք» դաշինքը մինչ շրջայցեր կատարելը երեկ հանդիպեց լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։ Քաղաքական թիմը ներկայացնում էին խորհրդի համակարգող, նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը, ԵՊՀ սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Լյուդմիլա Հարությունյանն ու ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Ասլանյանը։ «Որո՞նք են քաղաքական այս ուժի առանձնահատկությունները» հարցով էլ սկսվեց հանդիպումը։ Ա. Դարբինյանի ներկայացմամբ, դաշինքը հայ մտավորականության ներկայացուցիչն է, նոր ուժ չէ, երկու քաղաքական կուսակցությունների միավորում է, կոնստրուկտիվ ուժ, նրա լիդերներին ճանաչում է աշխարհը։ Հատկապես շեշտվեց, որ իրենք չվարկաբեկված քաղաքական ուժ են եւ չունեն «ոչ մի կցված օլիգարխ»։ Ընտրությունները, ըստ համամասնական ցուցակը գլխավորող Լյուդմիլա Հարությունյանի, դժվար է ընթանալու, քանի որ «քաղաքական մրցակցության մեջ են շատ լուրջ ուժեր եւ տնտեսական շահերի գերիշխումն էլ հանգեցրել է նրան, որ քաղաքական պայքարը դարձել է տնտեսական պայքարի միակ ձեւ»։ Լ. Հարությունյանը նույնպես հիշատակեց օլիգարխներին, իբրեւ գործոն։ Լ. Հարությունյանը հայտնեց, որ իրենք պաշտպանելու են երեք արժեք՝ արժանապատվություն, ժողովրդավարություն եւ հայրենիք, ու տեսնում են իրենց գործունեությունը աջ ու ձախ ժողովրդավարական թեւերում։ Ընդդիմադիր քաղաքական գործիչներին չգրանցելու հարցի բարձրացումը Գագիկ Ասլանյանը «շատ տեղին եւ ճիշտ» համարեց, մասնավորապես Արամ Կարապետյանին չգրանցելու հետ կապված, ասելով. «Մեկն ու մեկը անպայման պետք է պատժվի։ Կամ այն մարդը, որը սկզբում Ա. Կարապետյանին փաստաթուղթ է տվել, որով գրանցվել է նա իբրեւ նախագահի թեկնածու, պիտի պատժվի, կամ նա, որը մերժում է տալ փաստաթուղթ, որով մերժվել է գրանցվել իբրեւ պատգամավորության թեկնածու»։ Այս ֆոնի վրա առնվազն տարօրինակ էր Արմեն Դարբինյանի մոտեցումը նախագահական ընտրություններին։ «Ընտրություններում հաղթել է Ռոբերտ Քոչարյանը, ըմբշամարտի տերմինով ասած՝ տանելով մաքուր հաղթանակ»։ Եթե պարզվի, որ Արամ Կարապետյանը հանրապետությունում վերջին 10 տարում չի բնակվել, բայց նույնպիսի մաքուր ձայներ է ստացել, ի՞նչ կստացվի։ «Առավոտի» հաջորդ դիտարկմանը, թե տասներեք տնօրեն ու ՍՊԸ-ների բազմաթիվ նախագահներ դաշինքում ունենալը չի՞ խոսում, որ իրենց էլ են «կցված» օլիգարխներ, Ա. Դարբինյանը պատասխանեց. «Եթե «Առավոտ» թերթը նրանցից որեւէ մեկին դարձնի օլիգարխ, դա նրան չի հաջողվի»։ Որպես օրինակ բերվեց «Գարուն» ԲԲԸ-ի գործադիր տնօրեն Գոհար Ենոքյանը. «Բազմափորձ գործարանի տնօրեն է, թեթեւ արդյունաբերության լավագույն գիտակներից մեկը։ Որեւէ մեկը թող ասի, որ Գոհար Ենոքյանը օլիգարխ է»։ Լ. Հարությունյանը հավելեց նաեւ, որ իրենց գործարարները «ԱԱ» կուսակցության անդամներ են։ Լյուդմիլա Հարությունյանն ուշադրություն հրավիրեց մի նոր երեւույթի վրա՝ «ֆյուրերիզմի։ Դիտեք ընտրարշավը։ Դուք կտեսնեք նկարագրված ամբոխներ, հոծ զանգված։ Մի լիդեր, որը իշխում է ամբողջ բազմության վրա։ Ժողովրդավարական հասարակությունում այդպիսի երեւույթներ չեն լինում»։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ