Լրահոս
Օրվա լրահոսը

Ելակետը սպառողն է

Մայիս 01,2003 00:00

Ելակետը սպառողն է «Տնտեսությունը մեխանիզմ է հանրության համար բարեկեցիկ կյանք ապահովելու»,- ասում է Քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ Խոսրով Հարությունյանը։ Ըստ այդմ էլ, վերջինիս կարծիքով, տնտեսական քաղաքականությունը պետք է ծառայի մարդուն, ոչ թե հակառակը։ Իսկ պետության խնդիրը ՔԴՄ նախագահը տեսնում է ոչ թե տնտեսական կյանքին ուղղակի միջամտությամբ, այլ «ազատ մրցակցությունը եւ առաջարկի ու պահանջարկի վրա խարսխված գնագոյացումը պահպանելու մեջ»։ ՔԴՄ գաղափարախոսությամբ այսպիսին է սոցիալական պետության մոդելը։ Չնայած պարագաների բերումով հայտնված բարդ աշխարհագրական իրավիճակին, կոմունիկացիաների, ընդերքի հարստության եւ այլ ռեսուրսների բացակայությանը, այդուհանդերձ՝ «մենք դատապարտված ենք մրցունակ պետություն ունենալու»,- ասում է Խոսրով Հարությունյանը։ Դա պետք է կարողանանք ապահովել մեր «մտավոր պոտենցիալի շնորհիվ»։ Արտագաղթը, սակայն, խաթարում է այդ հարաբերական առավելությունը։ Ուստի՝ «արտագաղթի ծավալները սպառնում են երկիրը մրցունակ դարձնելու հեռանկարին»,- եզրակացնում է ՔԴՄ առաջնորդը եւ առաջարկում հայտնի ճշմարտությունը՝ «քաղաքական կայունություն եւ սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավում»։ Վերջինիս նկատմամբ ՔԴՄ-ն յուրօրինակ մոտեցում է առաջարկում։ Արտադրության անընդհատ աճ ապահովելու համար՝ վճարունակ պահանջարկի ձեւավորում. «սպառողը, երբ իր առօրյա հոգսերն է հոգում, ըստ էության, ձեւավորում է պահանջարկ, որն անպայմանորեն նոր առաջարկով պետք է լրացվի»։ Այսինքն, տնտեսությունը սկսում է աշխատել սպառողի պահանջարկը բավարարելու համար։ Այս դինամիկան, պարոն Հարությունյանի համոզմամբ, կհանգեցնի աշխատատեղեր ստեղծելուն, որոնք կհամալրվեն այսօրվա գործազուրկներով։ Վերջինս, արտադրության կամ սպասարկման ոլորտ մտնելով եւ աշխատավարձ ստանալով՝ դառնում է սպառող եւ նոր պահանջարկ ձեւավորում։ Ըստ էության, սպառման միջոցով մշտապես ավելանում է պահանջարկը, որին արձագանքում է առաջարկը։ «Ինչպե՞ս դա անել» տրամաբանական հարցին պատասխանելով, Խ. Հարությունյանը պետության դերն ընդգծում է ոչ թե աշխատատեղ ստեղծելու համար, այլ՝ «մտահոգվի, որ սպառողը վճարունակ լինի»։ Դա, պարոն Հարությունյանի կարծիքով, պետք է արտահայտվի կենսաթոշակների եւ ուսուցիչների աշխատավարձերը սպառողական զամբյուղին (30-35 հազար դրամ) մոտեցնելով։ «Միջինը 6 հազար դրամ թոշակ կամ 12 հազար դրամ աշխատավարձ ստացողը ի՞նչ պետք է սպառի, որ արտադրությանը պահանջարկ ներկայացնի,- հիմնավորում է ՔԴՄ նախագահը,- բնակչության 60%-ը ծանր սոցիալական վիճակում է, ուստի 60%-ն ի վիճակի չէ լիարժեք սպառելու»։ Ուսուցիչներին եւ թոշակառուներին լիարժեք սպառող դարձնելով եւ պահանջարկ առաջացնելով, ըստ Խ. Հարությունյանի, լուրջ ներդրում կանենք արտադրության ոլորտում, քանզի «ոչ ոք այդ գումարները չի պահելու, այլ ուղարկելու են արտադրության ոլորտ»։ Իսկ իբրեւ, այսպես կոչված, հավելյալ էֆեկտներ, ՔԴՄ նախագահը վկայակոչում է գյուղատնտեսության աշխուժացումը, կապիտալի հոսքը մայրաքաղաքից մարզեր, բուժսպասարկման համակարգի կենդանացումը։ Այսպես. «Բուժսպասարկման կարիք ունեցող, բայց 6 հազար դրամ ստացող թոշակառուին չենք կարող պարտադրել բժշկական ապահովագրում։ Մինչդեռ 20-25 հազարի դեպքում նա ինքնակամ կվճարի եւ կգնա բուժվելու։ Գյուղացին գիտակցաբար իր բերքն էլ կապահովագրի. դա ձեռնտու կլինի ե՛ւ իրեն, ե՛ւ կառավարությանը»։ Եվ՝ «ոչ թե ջանանք միջին խավ ձեւավորել, այլ պայմաններ ստեղծենք, որ ձեւավորվի»,- եզրակացնում է Խ. Հարությունյանը։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել