Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-Ի ՊԱՏՎԵ՞ՐՆ Է

Մայիս 01,2003 00:00

ՀՅԴ-Ի ՊԱՏՎԵ՞ՐՆ Է Երեկ Հայոց համազգային շարժում կուսակցության վարչության եւ խորհրդի համատեղ նիստերում քննարկվել է «ՀՀ Սահմանադրություն. փոփոխություններով» հանրաքվեի դրված փաստաթուղթը, եւ հանգել են այն եզրակացության, որ այն «իրականում ոչ թե փոփոխություններ, այլ գործող Սահմանադրության նենգափոխումն է»։ Հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀՇ առաջին դեմքերը՝ Արարատ Զուրաբյանի գլխավորությամբ, լրագրողներին ներկայացրին կուսակցության տեսակետները՝ հայտարարության տեսքով։ Վերջինում մասնավորապես ասված է. «Գործող Սահմանադրությունն ստեղծվեց բազմակուսակցական Սահմանադրական հանձնաժողովի երեք տարվա հետեւողական եւ բաց աշխատանքի շնորհիվ։ Այսօրվա հանրաքվեի դրված, այսպես կոչված, «սահմանադրական փոփոխությունները» ստեղծվել է խիստ գաղտնի պայմաններում, ոչ թե պաշտոնական մարմնի, այլ անհայտ եւ անանուն մի խմբակի կողմից։ Խորհրդարան է ներկայացվել միայն քննարկման նախօրյակին եւ 1-2 ժամ է քննարկվել։ Փաստաթղթի ստեղծման գաղտագողի մեթոդը, ուղղվածությունն ու արդյունքները վկայում են, որ այն ակնհայտորեն Դաշնակցության քաղաքական պատվերն է. բռնապետություն հաստատելու եւ ժողովրդի վրա անմանդատ իշխելու նրա ծրագիրն է դրված այս նենգափոխման հիմքում։ Նրան է հատուկ՝ գործել գաղտնի պայմաններում, նրա սովորությունն է՝ մնալ չբացահայտված եւ խուսափել պատասխանատվությունից»։ Նախագծում, ըստ հայտարարության՝ «հետեւողականությամբ ներմուծված են բազմաթիվ ներքին հակասություններ, անհամապատասխանություններ, ընդհուպ՝ զավեշտներ»։ Որոնք, ըստ ՀՀՇ-ի՝ «արված են դիտավորյալ՝ հանրության աչքում որպես արժեք նսեմացնելու, վարկաբեկելու պետության, օրինականության հիմքերը եւ խորհրդանիշը։ Սա յուրատեսակ վրեժ է. Քոչարյանը եւ ՀՅԴ-ն լուծում են իրենց այնքան տհաճություններ պատճառած գործող Սահմանադրության նկատմամբ»։ Սակայն, ամենից առաջ՝ «սա պետականության հիմքերի խարխլում է»,- ասված է հայտարարության տեքստում։ Ելնելով այս քաղաքական գնահատականից, ՀՀՇ-ն կոչ է անում բոլոր քաղաքական եւ հասարակական ուժերին՝ «խոչընդոտել ակնհայտ դավադրությունը», համոզված, որ «ժողովուրդն անմասն կմնա այս խայտառակությունից եւ չի ստորագրի սեփական ստրկության դատավճիռը»։ Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել