Լրահոս
Օրվա լրահոսը

Նորից ամպեր են կուտակվել

Մայիս 01,2003 00:00

Նորից ամպեր են կուտակվել ՀԿԿ-ն դատի է տվել «Չորրորդ իշխանությանը» Կոմունիստների առաջնորդ Վլադիմիր Դարբինյանը դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան եւ պահանջում է «անհապաղ պարտավորեցնել հերքել 04.03.03թ. «Ծտի խելքով կուսակցությունը» եւ 25.03.03թ. «Սերժի ցուցակն ու Վալոդի մարտի 8-ը» հոդվածներում հրապարակված եւ դատաքննության առարկա հանդիսացող ՀԿԿ եւ իր պատիվն ու արժանապատվությունը արատավորող բոլոր տեղեկությունները»: Վլ.Դարբինյանը նաեւ նույնքան անհապաղ պահանջել է կասեցնել «Չորրորդ իշխանության» գործունեությունը: Իսկ իր «պատվի ու արժանապատվության պաշտպանության պահանջով» դատարան դիմած Վլ.Դարբինյանն իր հայցադիմումում սեփական անձի ու կուսակցության «բարի անունը, պատիվն ու արժանապատվությունը արատավորող կեղծ, չստուգված եւ իրականությանը չհամապատասխանող» է որակել այն տեղեկությունները, որոնք վերաբերում էին մասնավորապես մարտի 11-ին տեղի ունեցած եւ կուսակցության ԱԺ համամասնական ցուցակի ձեւավորմանը վերաբերող ՀԿԿ բյուրոյի նիստին, որին «Առավոտն» էլ էր անդրադարձել: Այն, ինչ հրապարակել էր «Չորրորդ իշխանությունը», զուտ տեղեկատվական իմաստով ստուգված եւ իրականությանը համապատասխանող կարելի է որակել, որովհետեւ նիստի մասին նույնաբովանդակ հրապարակում եղել է ոչ միայն ՀԿԿ պաշտոնաթերթ «Կոմունիստում», այլեւ այդ մասին տեղեկություններ էր տրամադրել ՀԿԿ բյուրոյի անդամ Նորիկ Պետրոսյանը: Այլ խնդիր է, որ հիշյալ նիստն իր բովանդակային իմաստով արդեն կուսակցության անունն արատավորող երեւույթ է եղել, ինչի համար, սակայն, որեւէ լրատվամիջոց, կարծում ենք, պատասխանատվություն չի կրում: Ի դեպ, թերթի գլխավոր խմբագիր Շողեր Մաթեւոսյանից տեղեկացանք նաեւ, որ ժամանակին ՀԿԿ-ն մասնավորապես «Ծտի խելքով կուսակցությունը» հրապարակման առնչությամբ որեւէ առարկություն չի ներկայացրել եւ հերքում չի պահանջել: Թերթը ժամանակին տպագրել է Խորեն Սարգսյանի հերքումը նույն հրապարակման առնչությամբ, որտեղ վերջինս պարզաբանել էր, թե ՀԿԿ բյուրոյի հիշյալ նիստին նա ներկա չէր եղել: Ավելի հետաքրքիրն այն է, որ ՀԿԿ 1-ին քարտուղարն իր հայցադիմումում ինքնակամ ստանձնել է նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի պաշտպանությունը՝ նկատելով, թե «անպատիժ մնալով 04.03.03թ. հոդվածից հետո, խմբագրությունը որոշել է ավելի «խտացնել» գույները եւ 25.03.03թ. թերթում հանցանք կատարելու զրպարտանքներ է արել ոչ միայն Կոմկուսի ղեկավարության, այլեւ պաշտպանության նախարարի հասցեին»: Նկատի ունենալով մինչ այդ՝ դեռ 2001-ի մարտից սկսած, նախ՝ «Չորրորդ իշխանության» գույքը բռնագրավելու, ապա՝ թերթի հիմնադիրը հանդիսացող «Օգոստոս» գործակալության դեմ Պետական եկամուտների նախկին նախարարության ծավալած ապօրինությունները, ապա նաեւ՝ «Հոկտեմբերի 27»-ի վերաբերյալ հրապարակումների առնչությամբ թերթի գլխավոր խմբագրին Զինդատախազություն հրավիրելն ու այդ հրապարակումների հեղինակներին բացահայտելու, թերթի համար «իրավական հետեւանքով» սպառնալու փաստերը՝ պետք է նկատել, որ իշխանությունները ոչ մի առիթ բաց չեն թողնում «Չորրորդ իշխանության» դեմ ճնշումներ գործադրելու՝ ընդհուպ մինչեւ թերթը կասեցնելու համար: Թերեւս, այս շղթայի շարունակությունն էին ոչ միայն 2001-ի նոյեմբերին ՊՆ վարչության պետ Սեյրան Անթանեսյանի այցը թերթի խմբագրություն եւ նրան ուղղած սպառնալիքները, այլեւ՝ թերթի թղթակցի՝ Մհեր Ղալեչյանի դեմ միայն օրերս ձեռնարկված բռնարարքը: Այս շղթան, իհարկե, պատահականություններ որակելը միամտություն կլիներ: Այս է պնդում նաեւ թերթի գլխավոր խմբագիր Շողեր Մաթեւոսյանը: Նա կարծիք հայտնեց, թե ՀԿԿ առաջնորդի հայցադիմումը՝ թերթը կասեցնելու պահանջով, հերթական պատվեր է եւ փող աշխատելու նոր ձեւ: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031