Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԵՐՋՆԱԿԱՆ ՊԱՌԱԿՏՈՒՄ

Մայիս 01,2003 00:00

ՎԵՐՋՆԱԿԱՆ ՊԱՌԱԿՏՈՒՄ Սուրեն Սուրենյանցը բանավիճում է «Ազգային միաբանության» գաղափարախոսի հետ «Ազգային միաբանության» գաղափարախոս Հմայակ Հովհաննիսյանը, որին որպես այդպիսին ամենայն լրջությամբ ընդունում է նաեւ Արտաշես Գեղամյանը, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանին եւ ընդդիմությանը մի շարք մեղադրանքներ էր հասցեագրել՝ վկայակոչելով Ա. Բազեյանի՝ մեր թերթին տված հարցազրույցը: Վերլուծելով Ա. Բազեյանի հայտարարությունը, թե՝ նախագահական ընտրությունների ո՛չ 1-ին, ո՛չ 2-րդ փուլերի ընթացքում իշխանություններն ընդդիմության հետ երկխոսություն չնախաձեռնեցին եւ անգամ ընդառաջ չգնացին ընդդիմության նախաձեռնությանը, Հմայակ Հովհաննիսյանը եկել էր այն եզրահանգմանը, թե ընդդիմությունն ուզում էր ժողովրդի «աչքից հեռու» իշխանավորների հետ մտնել անդրկուլիսային փոխպայմանավորվածությունների մեջ: Այն դեպքում, երբ, ըստ Հ. Հովհաննիսյանի, ընդդիմությունը ժողովրդին դարձնելով «թնդանոթի միս», ու «փողոցներով քարշ» տալու գնով՝ «ժողովրդի մեջքի ետեւում, իշխանավորների հետ առանձնացած՝ ձգտում է ինչ-ինչ հարցեր լուծել՝ անդրկուլիսյան բազարների միջոցով»: «Հանրապետության» քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը՝ հակադարձելով Ա. Գեղամյանի գաղափարախոսին, նկատեց. «Բոլորին է հայտնի, թե ընդդիմադիր կոչվող որ կուսակցությունն է իշխանության հետ անդրկուլիսային համաձայնությունների մեջ մտնում»: Ս. Սուրենյանցի դիտարկմամբ, դա հատկապես այս օրերին շատ ավելի ցայտուն է, քանի որ ընտրարշավի ժամանակ ժողովուրդը պարբերաբար հարցեր է տալիս հենց «Ազգային միաբանության» վարքագծի մասին: «Օրինակ, հարցնում են՝ 1-ին փուլից հետո ի՞նչն էր պատճառը, որ նա չպաշտպանեց Ս. Դեմիրճյանի թեկնածությունը,- նշեց Սուրենյանցը՝ ավելացնելով,- եւ այդքանից հետո՝ անդրկուլիսյան պայմանավորվածությունների մեջ մեղադրել Բազեյանին կամ մեր կուսակցության որեւէ գործչի, որոնց գործունեությունը, ի տարբերություն «Ազգային միաբանության», բավականին հրապարակային է, առնվազն ծիծաղելի է: Մանավանդ, երբ դա ասում է մի մարդ, որն ընդամենը մեկ տարի առաջ ուղղակի հավակնում էր եւ ամեն ինչ անում էր՝ Քոչարյանի իդեոլոգի դերակատարությունն ունենալու համար»: «Ըստ պրն Սուրենյանցի, 1-ին փուլից հետո, երբ մենք վերլուծում ենք Գեղամյանի կուսակցության վարքագիծը՝ հանգում ենք այն եզրակացության, որ Գեղամյանը հավակնեց դառնալ, այսպես կոչված, վերահսկելի ընդդիմություն»,- հայտարարեց Սուրեն Սուրենյանցը: Նախագահական ընտրությունների 2-րդ փուլին չմասնակցելու վերաբերյալ «Ազգային միաբանության» այն հիմնավորումը, թե՝ երբ 1-ին փուլը կեղծված է, ապա ոչ մի երաշխիք չկա, թե 2-րդ փուլը նույնպես չի կեղծվելու, եւ դրանից հետո ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացնելը Ս. Սուրենյանցն այսպես մեկնաբանեց. «Այդ դեպքում տարօրինակ է նրանց մասնակցությունն ԱԺ ընտրություններին. ի՞նչը փոխվեց: Նրանց ներկայացրած հիմնավորման մեջ գոնե մեզ համար ոչ մի փաստարկված մոտիվացիա գոյություն չունի: Ակնհայտ էր, որ 1-ին փուլից հետո նրանց նման վարքագիծը պետք էր, որպեսզի չպաշտպանվի Ս. Դեմիրճյանի թեկնածությունը: Մենք էլ ենք հայտարարում, որ 1-ին փուլի արդյունքներն ակնհայտորեն կեղծվել են, բայց կարծում էինք, որ 2-րդ փուլին պիտի մասնակցենք՝ մեր քաղաքական պատասխանատվությունն արձանագրելու համար»,- ասաց Ս. Սուրենյանցը՝ ավելացնելով, թե տարօրինակ օրինաչափությամբ՝ «Ազգային միաբանության» համամասնական ցուցակում ընդգրկված թեկնածուները «Հանրապետություն» կուսակցության ղեկավարների վերաբերյալ հնչեցնում են նույն բացասական դիրքորոշումները, ինչ իշխանամետ գործիչները: Իսկ ժողովրդին «թնդանոթի միս» դարձնելու մասին Հ. Հովհաննիսյանի հայտարարության առնչությամբ Ս. Սուրենյանցն ասաց. «Առնվազն անտրամաբանական է, որ մարդը մեզ մի դեպքում անդրկուլիսյան պայմանավորվածությունների մեջ է մեղադրում, մյուս դեպքում՝ ամենահրապարակային քաղաքական միջոցառում կազմակերպելու մեջ: Մենք ժողովրդին «թնդանոթի միս» չենք դարձնում: Մենք օգտագործում ենք քաղաքական պայքարի բոլոր ձեւերը, այդ թվում՝ հանրահավաքները: Ընտրություններն էլ են քաղաքական պայքարի ձեւ, ասուլիսներն էլ, հանրահավաքներն էլ»: ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031