ԱՌԱՋԻՆ ՕՐԸ՝ ՈՉԻՆՉ Երեկ հրավիրված ասուլիսում ԱԺ ընտրություններում ԵԱՀԿ գրասենյակի դիտորդական առաքելության ղեկավար Ռոբերտ Բերրին տեղեկացրեց, որ Հայաստանի նախագահի ընտրությունների վերաբերյալ իրենց վերջնական զեկույցը կհրապարակվի այսօր՝ ինտերնետային պաշտոնական էջում: Իսկ խորհրդարանական ընտրարշավի առնչությամբ Ռոբերտ Բերրին հույս հայտնեց, թե հնարավորություն կունենան եզրակացնել, որ ընտրությունները համապատասխանել են միջազգային չափանիշներին ու ՀՀ օրենքներին: Լրագրողներից մեկի հարցին, թե որտեղի՞ց նման լավատեսություն, երբ արդեն իսկ մերժել են գրանցել ընդդիմադիր մի շարք գործիչների՝ Բերրին ասաց, որ առաքելության առաջին օրը պատրաստ չեն կարծիքներ հայտնելու, չնայած հարկ է, որ օրենքը հավասարապես կիրառվի թե՛ իշխանական եւ թե՛ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների հանդեպ: ՀՀ նախագահի ընտրությունների ընթացքում այս առաքելությունը ղեկավարում էր Պիտեր Այքերը: Հարցին, թե արդյոք նա այնքան է հիասթափված, որ այս անգամ չի՞ գալու Հայաստան՝ առաքելության ներկայացուցիչները պատասխանեցին, որ Այքերը ներկայումս Մեծ Բրիտանիայում է իրենց գրասենյակի դիտորդական առաքելությունը գլխավորում: Հարցին, թե Հայաստանի իշխանություններից հավաստիացումներ ստացե՞լ են, որ ընտրությունները ոչ միայն ԱՊՀ, այլեւ եվրոպական չափանիշներին են համապատասխանում, Բերրին պատասխանեց, որ առաջին օրը նման հավաստիացումների մասին ոչինչ ասել չի կարող, բայց եւ չի կարծում, որ միջազգային չափանիշների եւ Հայաստանի օրենքների միջեւ հակասություններ կան, հակառակ դեպքում, իշխանություններն իրենց չէին հրավիրի դիտարկելու ընտրությունների ընթացքը: Մինչ Հայաստանի ԿԸՀ-ն հակված է համամասնական, մեծամասնական, Սահմանադրական հանրաքվեի քվեարկությունների համար մեկ միացյալ քվեատուփի հարմարությանը, Բերրին ասում է, որ մի քանի առանձին քվեատուփերը պետք է որ ավելի նպաստեն գործընթացի թափանցիկությանը եւ օգտակար լինեն քվեների հաշվման գործընթացին: Այս առաքելությանը ներկայումս մասնակցում է 28 դիտորդ՝ ԵԱՀԿ 17 երկրներից: Քվեարկության նախօրեին Հայաստան կժամանի եւս 250 դիտորդ: Սեփ. լր.