ՓՈՐՁԱՐԿՎԵՑԻՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ Ապրիլի 30-ը ՈՒԵՖԱ-ի խաղացանկում ընկերական հանդիպումների օր է: Այսօր եվրոպական խաղադաշտերում ազգային հավաքականների մակարդակով կանցկացվեն հանդիպումներ։ Մասնավորապես, եվրոպական ընտրական 6-րդ խմբում ընդգրկված Հայաստանի հավաքականի մրցակիցները՝ Ուկրաինան եւ Իսպանիան կմրցեն համապատասխանաբար Դանիայի եւ Էկվադորի ընտրանիների հետ։ Քանի որ Հայաստանի հավաքականին չհաջողվեց անցկացնել այդպիսի հանդիպում, երեկ կազմակերպվեց երկկողմանի խաղ մեր ընտրանիների թեկնածուների միջեւ, ընդ որում, ֆուտբոլիստները, բացառությամբ Արման եւ Արտավազդ Քարամյանների, մեր հավաքականի կազմում ընթացիկ ընտրական մրցաշարում հանդես չեն եկել։ Խաղն անցավ աշխույժ եւ հետաքրքիր պայքարում։ Առաջին կեսում առավելություն դրսեւորեցին «Կարմիր» թիմի տղաները, որն արտահայտվեց «սպիտակների» դարպասն անցկացված 4 գոլերով։ Արդեն 2-րդ րոպեին Արտավազդ Քարամյանը 17-18 մետրից ուժեղ հարվածով բացեց հաշիվը։ 17-րդ րոպեին շիրակցի Արարատ Հարությունյանը պատ խաղարկելով գնդակը, Արտավազդ Քարամյանի հետ, անհատական անցումով ճեղքեց մրցակցի պաշտպանությունը եւ գեղեցիկ հարվածով կրկնապատկեց հաշիվը։ 8 րոպե անց նույն Արարատ Հարությունյանը, դաշտի կենտրոնում ընդունելով գնդակը, ճշգրիտ փոխանցումով հարվածի դուրս բերեց Գալուստ Պետրոսյանին, որն էլ մնալով մեն-մենակ դարպասապահի դիմաց, հաշիվը դարձրեց 3։0։ Առաջին կեսի ավարտից 15 րոպե առաջ, երկրորդ անգամ աչքի ընկավ Արտավազդ Քարամյանը, որի տուգանային հարվածից հետո դարպասապահ Ֆելիքս Հակոբյանը չորրորդ անգամ գնդակը դուրս հանեց սեփական դարպասից։ Իսկ ընդմիջումից հետո, երբ 2-րդ կեսից անցել էր 10 րոպե, «Բանանցի» կիսապաշտպան Ռոմեո Ջենեբյանը տուգանային հրապարակի մատույցներից դիպուկ հարվածով, հինգերորդ անգամ ստիպեց «սպիտակներին» խաղը վերսկսել կենտրոնից։ Արդարության համար նշենք, որ «սպիտակները» նույնպես կարող էին արդյունքի հասնել առաջին կեսում, բայց նպաստավոր պահերը չօգտագործեցին Արա եւ Արամ Հակոբյանները։ Ինչեւէ, 2-րդ կեսում թիմերի կազմերում կատարվեցին մի քանի փոփոխություններ, որոնք ավելի արդյունավետ եղան «սպիտակների» համար։ Նախ՝ 81-րդ րոպեին Արամ Ոսկանյանը «թրջեց» հաշիվը, հետո հանդիպման վերջին րոպեին Նովոռոսիյսկի «Չերնոմորեցի» հարձակվող Արկադի Հակոբյանը վերջակետ դրեց հանդիպմանը՝ 5։2։ ԽԱՉԻԿ ՉԱԽՈՅԱՆ