Լրահոս
Օրվա լրահոսը

Կարգը սահմանվել է 1988թ. ՍՍՀՄ օրենքո՞վ

Ապրիլ 30,2003 00:00

Կարգը սահմանվել է 1988թ. ՍՍՀՄ օրենքո՞վ Ուստի եւ դատարանների նախագահների խորհուրդը եզրակացրել է, որ հանրահավաքներին եւ երթերին մասնակցելու համար վարչական պատասխանատվության ենթարկելու մասին դատական որոշումներն օրինական եւ հիմնավորված են: Դատարանների նախագահների խորհուրդը ապրիլի 25-ին կայացրած որոշմամբ անհիմն ու բնագավառը կարգավորող օրենսդրության թյուրըմբռնման հետեւանք է համարել մամուլում արտահայտված այն տեսակետը, թե «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքի 180 պրիմ հոդվածը հակասում է ՀՀ Սահմանադրության 26 հոդվածին, ուստի կիրառելի չէ: Թեեւ Դատարանների նախագահների խորհուրդը գտնում է, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով հիմնականում ձեւավորվել է ճիշտ դատական պրակտիկա, այդուհանդերձ արձանագրում է, որ այդ բնագավառում դատական գործունեությունը զերծ չէ թերություններից: Մասնավորապես, ըստ խորհրդի, որոշումներում հաճախ մանրամասն չի շարադրվում իրավախախտման էությունը, ապացույցների շարադրանքն, ու դատարանի հետեւություններն արվում են հակիրճ՝ երբեմն առանց վերլուծությունների: Որոշումներից չի երեւում` արդյոք պաշտպան ունեցե՞լ է զանցառուն եւ այլն: Դրանց մի մասում բացակայում է նշում բողոքարկման իրավունքի մասին, որոշումների պատճենները դատարանները ժամանակին եւ պատշաճ կարգով չեն հանձնում զանցառուներին: Օրենսգրքի որոշ նորմերի տարաբնույթ մեկնաբանությունները բացառելու եւ միատեսակ դատական պրակտիկա ձեւավորելու նպատակով՝ Դատարանների նախագահների խորհուրդը մասնավորապես որոշել է՝ – դատարանների ուշադրությունը հրավիրել վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության որակը բարձրացնելու անհրաժեշտության վրա; – դատարանները պարտավոր են հանգամանորեն հետազոտել վարչական իրավախախտման վերաբերյալ նյութերը, պարզելու համար՝ կատարվե՞լ է արդյոք իրավախախտում, պատասխանատվության կանչված անձը մեղավո՞ր է արդյոք այն կատարելու մեջ, եթե այո, ապա նա ենթակա՞ է արդյոք վարչական պատասխանատվության եւ նրա նկատմամբ ի՞նչ տույժ պետք է կիրառվի; – դատարանները պարտավոր են վարչական պատասխանատվության կանչված անձին բացատրել փաստաբանի ծառայությունից օգտվելու նրա իրավունքը, եւ ժամանակ ու հնարավորություն ընձեռել նրան փաստաբան հրավիրելու: Դատարանի որոշումը հրապարակելիս պետք է բացատրել նաեւ որոշումը բողոքարկելու կարգը: Անհրաժեշտ է, եթե ոչ անմիջապես, ապա հնարավոր սեղմ ժամկետում զանցառուին հանձնել որոշման պատճենը: – անձին վարչական պատասխանատվության ենթարկելու որոշումը պետք է պարունակի գործի քննությամբ հաստատված հանգամանքների շարադրանքը, զանցառուի եւ գործի մյուս մասնակիցների (վկա, տուժող, փորձագետ եւ այլն) բացատրությունների, հետազոտված մյուս ապացույցների գնահատականը, ինչպես նաեւ՝ նշում որոշումը բողոքարկելու իրավունքի մասին: – դատարաններին պարզաբանել, որ Սահմանադրության 26 հոդվածով նախատեսված խաղաղ, առանց զենքի՝ ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու քաղաքացիների իրավունքը, համաձայն Սահմանադրության 44 հոդվածի՝ կարող է սահմանափակվել օրենքով: Օրենսգրքի 180 պրիմ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում ժողովների, հանրահավաքների, երթերի ու ցույցերի կազմակերպման եւ անցկացման սահմանված կարգի խախտման դեպքում: Իսկ կարգը սահմանվել է «ՍՍՀՄ-ում ժողովների, միտինգների, փողոցային երթերի եւ ցույցերի կազմակերպման եւ անցկացման կարգի մասին» 28.10.1988 թ. օրենքով, որը, ՀՀ-ում գործում է Սահմանադրության 116 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով, համաձայն որի՝ «օրենքները եւ մյուս իրավական ակտերը գործում են այնքանով, որքանով չեն հակասում ՀՀ Սահմանադրությանը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել