ՏՆՕՐԵՆԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ Է ԻՐ ՊԱՇՏՈՆՈՒՄ Սակայն դատական ակտերի հարկադիր կատարողներն ինչպե՞ս կկարողանան իրականացնել այդ որոշումը Սպարտակ Սահակյանը տրանսպորտային գործունեության ոլորտում է 1983-ից։ 1991-99թթ. աշխատել է Գյումրիի քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պետ եւ, ինչպես ինքն է ասում՝ «գերազանց» տիրապետում է «իր զբաղեցրած պաշտոնին»։ Տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Երվանդ Զախարյանի հրամանով նշանակվում է «Գյումրի ուղեւորատար ավտոտրանսպորտային» (ՈՒԱՏ) ՓԲ ընկերության տնօրեն եւ հասցնում է աշխատել 15 ամիս։ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանի 170-Ա հրամանով ազատվում է աշխատանքից։ Ըստ նախարարի, Ս. Սահակյանը խախտել է ուղեւորների փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթի անցկացման կարգը եւ ավելացրել է սոցապապահովագրության գծով կրեդիտորական պարտքերը։ Դիմելով Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան, տնօրենը նշված խախտումները «շինծու» համարեց եւ հայտարարեց. «Այդ հորինվածքը խոսում է ինձ աշխատանքից ազատելու պատասխանատուի ուղղակի դիտավորության կամ շահագրգիռ անձի կողմից նախարարին թյուր տեղեկատվություն տալու մասին»։ Իմիջիայլոց, դատարանում հայցվոր Սահակյանը հարցրեց պատասխանողից՝ նախարարության ներկայացուցչից՝ Ա. Գրիգորյանից, թե ո՞ր մրցույթի մասին է խոսքը կամ կառավարության որոշման ո՞ր կետն է ինքը խախտել։ Նա տեղեկացրեց, որ Գյումրի-Երեւան եւ Երեւան-Գյումրի երթուղու համար 2001թ. դեկտեմբերից անցկացվել է 3 մրցույթ։ «Եթե ես մրցույթի անցկացման կարգի խախտում թույլ տված լինեի, պատասխանողը, համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 150 հոդվածի, մինչեւ տույժ տալը պարտավոր էր տեղեկացնել եւ բացատրություն պահանջել»։ Ընդհակառակը, Սահակյանը գտնում էր, որ մրցույթի հաղթող է ճանաչվել «Տրասս- ակնթարթը», որի ներկայացրած ավտոբուսների որակական եւ տեխնիկական հատկանիշները զիջել են ընկերության «Իկարուս» մակնիշի ավտոբուսներին եւ իրեն ազատելը մի նպատակ էլ է հետապնդել. զրկել ընկերությանը մրցույթի արդյունքների դեմ բողոքարկելու իրավունքից։ Ինչ վերաբերում էր կրեդիտորական պարտքերին, տնօրենը, ինչպես 1-ին ատյանի դատարանում, այնպես էլ վերաքննիչում հայտնեց, որ ընկերությունն ընդունել է 6.703.087 դրամ աշխատավարձի եւ 15.445.230 դրամ սոցապ պարտքերով։ «Իմ աշխատած 15-ամսյա ժամանակահատվածում ոչ միայն աշխատավարձի պարտք չեմ ունեցել, այլ 2165478 դրամով պակասեցրել եմ նախորդ տնօրենի ունեցած աշխատավարձի պարտքից,- ասում է նա։- Սոցպարտքերի (մնացած 3 մլն դրամ) հարցում մեղքի իր մասնաբաժինն ունի նաեւ պետությունը»,- շարունակեց Ս. Սահակյանը։ Ուշագրավ է, որ պատասխանողը տնօրենին առանց նախազգուշացման ազատելը համարեց օրինական։ Չնայած չպարզաբանվեց, թե ինչպես են որեւէ մեկին ազատում աշխատանքից, չառաջարկելով այլ աշխատանք։ Կամ ազատում են առանց տույժի, առանց «օրինախախտից» բացատրություն պահանջելու։ Ի դեպ, նշենք, որ Գյումրի-Երեւան մայրուղու սառույցին գրվեց նախկին տնօրենի գործը։ 2000-01թթ. Շիրակի մարզի դատախազությանը ուղարկվեցին վերահսկողության տեսչության կողմից կատարված ստուգումների արդյունքները։ «Առկա է խոշոր չափի գումարի յուրացում»,- ասվեց ու սառեցվեց- Ռ. Մ.)։ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի (դատավոր՝ Սարո Արամյան) 2002թ. հոկտեմբերի 15-ի վճռով ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության Գյումրիի 2984 Ա/Շ ՊՓԲ ընկերության տնօրեն Սպարտակ Սահակյանը վերականգնվեց իր աշխատանքում։ Դատարանը զգուշացրեց, որ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը «վճիռը կամովին չկատարելու դեպքում՝ դա կկատարվի ԴԱՀԿ ծառայության միջոցով պարտապանի հաշվին»։ Նախարարությունը բողոք բերեց ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարան, որը Սուրեն Անտոնյան, Լեւոն Գրիգորյան, Գոհար Մատինյան կազմով 2002թ. դեկտեմբերի 12-ի նիստի վճռով անփոփոխ թողեց 1-ին ատյանի դատարանի վճիռը։ Սպարտակ Սահակյանը, որը նախարարի հրամանով ազատվել էր «Գյումրի ՈՒԱՏ» ՓԲԸ տնօրենի պաշտոնից, 2-րդ անգամ ըստ էության վերականգնվեց։ «Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի ԴԱՀԿ ծառայության միջոցով», շեշտվեց այս անգամ էլ։ Նախարարությունը 15-օրյա ժամկետում չդիմեց վճռաբեկ դատարան, հետեւաբար, նախկին տնօրենը պետք է աշխատատեղում գտնվեր անցյալ տարվա դեկտեմբերի 30-ից։ Սակայն՝ ինչպես։ Տեխնիկապես շատ դժվար է պատկերացնել, որ հարկադիր կատարողները, ասենք, ռետինե մահակներով վերականգնում են մարդուն իր պաշտոնում։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ