Լրահոս
Օրվա լրահոսը

Հացաթխման արտադրամասը վնասում է առողջությանը

Ապրիլ 30,2003 00:00

Հացաթխման արտադրամասը վնասում է առողջությանը «Տարիներ շարունակ մեր բնակարանի օդափոխության խողովակից այրվածի, խանձածի տհաճ հոտեր են գալիս եւ ծխով լցնում բնակարանը»,- պատմում է Չեխովի թիվ 10 շենքի 148 բնակարանի բնակչուհի Անահիտ Ալավերդյանը: 1998թ-ից բարձրահարկ շենքի նկուղում գործում է «Դավիթ եւ Քոչարյաններ» ընկերությանը պատկանող հացաթխման արտադրամասը, որտեղից թթխմորի արտանետումը Ա. Ալավերդյանի ընդհանուր առողջական վիճակի վատթարացում է առաջ բերել՝ գլխապտույտ, ողնաշարի ցավեր, հոգնածություն։ Բազմիցս դիմել է բժիշկների, ընդունել դեղեր, սակայն՝ ապարդյուն։ Ա. Ալավերդյանը վստահ է, որ պարբերաբար իր բնակարանը լցվող արտանետումները առաջացնում են թունավորում։ Ընդհանուր հիգիենայի եւ մասնագիտական հիվանդությունների ինստիտուտի թունաբանության լաբորատորիայի վարիչ Էմիլ Բաբայանը մեր զրույցի ժամանակ նշեց, որ պետք է պարզել, թե ինչ վառելիք են օգտագործում արտադրամասում։ Եթե օդում լինեն խմորասնկեր, ծծմբի օքսիդ, ապա դրանք առաջ են բերում թունավորումներ։ Շենգավիթ համայնքի թաղապետի տեղակալ Ի. Նազարեթյանը Ա. Ալավերդյանի դիմումին պատասխանել է, որ «Դավիթ եւ Քոչարյաններ» ընկերությունը գրանցված է 21.12.99 թ. ՀՀ պետռեգիստրի կողմից եւ նրա գործունեության տեսակների մեջ է մտնում նաեւ հացաբուլկեղենի եւ մակարոնեղենի արտադրություն։ Ընկերությանը տրվել է արտադրություն կազմակերպելու համաձայնություն՝ պահանջվող նորմերը պահպանելու պայմանով։ Իսկ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքը արտադրության կազմակերպման, ինչպես նաեւ այն արգելելու հարցում համայնքի ղեկավարին որեւէ իրավասություն չի տալիս։ Ելնելով բնակչության առողջության պահպանման շահերից, ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության Շենգավիթի տարածքային կենտրոնը Շենգավիթի շրջանի հիգիենիկ եւ հակահամաճարակային հսկողության կենտրոնի եւ Հրշեջ պահպանության վարչությանը 14.01.03 թ. թիվ 02վ/11 գրությամբ հանձնարարել է «Դավիթ եւ Քոչարյաններ» ՍՊԸ-ին անմիջապես դադարեցնել Չեխովի թիվ 10 շենքի նկուղային հարկում գործող արտադրամասի գործունեությունը։ Սակայն Երեւան քաղաքի Շենգավիթի տարածքի գլխավոր պետական սանիտարական բժշկի կայացրած որոշումը նույնպես չի կատարվել, եւ արտադրությունը շարունակել է իր գործունեությունը, որը դադարեցնելու համար 29.01.03թ. թիվ 02վ/21 գրությամբ նյութերը ներկայացվել են Շենգավիթի տարածքի դատախազին։ Շենգավիթ համայնքի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Ա. Ղարիբյանը մեզ գրավոր հայտնել է հետեւյալը. «Երեւան քաղաքի Շենգավիթի տարածքի հիգիենիկ եւ հակահամաճարակային հսկողության կենտրոնի գլխավոր պետական սանիտարական բժիշկը՝ 09.04.03թ. Շենգավիթ համայնքի դատախազությանը գրավոր հայտնել է այն մասին, որ Երեւանի «Դավիթ եւ Քոչարյաններ» ՍՊ ընկերության տնօրենը 08.04. 03թ. տեղեկացրել է, որ Երեւանի Չեխովի փողոցի 10 հասցեում գտնվող հացաթխման արտադրամասի գործունեությունը 05.04. 03թ-ից դադարեցվել է»։ Սակայն Ա. Ալավերդյանը մեզ տեղեկացրեց, որ արտադրամասը ոչ մի օր չի դադարեցրել իր գործունեությունը։ Հարցին, թե ինչու չի դիմում դատարան՝ պաշտպանելու իր իրավունքները, Ա. Ալավերդյանը պատասխանեց. «Որովհետեւ չեմ հավատում»։ ԹԱԳՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ www.hetq.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել