Լրահոս
Օրվա լրահոսը

«ՁԳՁԳՈՒՄՈՎ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՀԻՄՆՈՎԻՆ ՔԱՆԴԵԼ «Ա1+»-Ը»

Ապրիլ 30,2003 00:00

«ՁԳՁԳՈՒՄՈՎ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՀԻՄՆՈՎԻՆ ՔԱՆԴԵԼ «Ա1+»-Ը» Վճռաբեկ դատարանն ապրիլի 25-ին Ազգային հանձնաժողովի դեմ 5 հեռուստաընկերությունների բողոքի քննությունը հետաձգեց մինչեւ մայիսի 8-ը՝ կողմերին հնարավորություն տալով մինչ այդ հաշտության համաձայնագիր կնքել մրցույթի բոլոր մասնակիցների մասնակցությամբ: Պատճառաբանությունը, որ ներկայացրեց Վճռաբեկ դատարանի Տնտեսական եւ քաղաքացիական գործերով պալատի նախագահ Արման Մկրտումյանը՝ «մրցույթի հետագա ձգձգումներից խուսափելու համար», թվում է բավական ազնիվ: Սակայն այս հերթական ձգձգումն իրականում այլ պատճառներ ունի. մեկնաբանում է Փաստաբանների միջազգային միության նախագահ Տիգրան Տեր-Եսայանը, որն անցած մեկ տարվա ընթացքում դատարաններում ներկայացրել է ե՛ւ «Ա1+»-ի, ե՛ւ «Նոյյան Տապանի» շահերը: Նա նախ ընդգծեց, որ Վճռաբեկ դատարանի այս որոշմամբ եւս մեկ անգամ հետաձգվեց դեռ անցած տարվա հոկտեմբերին հայտարարված կապուղիների մրցույթը: Մինչդեռ, ըստ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի բանաձեւի՝ Հայաստանի իշխանությունը «վճռական պարտավորություն» էր ստանձնել հենց 2002-ի հոկտեմբերի 25-ին անցկացնել հաճախությունների մրցույթ, որին պիտի հնարավորություն ունենային մասնակցել «Ա1+»-ը եւ «Նոյյան Տապանը»: Հայտարարված մրցույթը դատական քաշքշուկների պատճառով հետաձգվում է արդեն կես տարի. ընդ որում՝ ինչպես նշեց Տիգրան Տեր-Եսայանը՝ «Ե՛վ բողոքներ բերելու, ե՛ւ դատաքննության ժամկետների իմաստով՝ բոլոր գործողություններն իրականացվել են վերջնաժամկետին»: Մինչդեռ անցած տարի Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի դեմ «Ա1+»-ի եւ «ՆՏ»-ի հայցերը քննվում ու մերժվում էին շատ արագ: «Անգամ ժամեր ու օրեր չէին տրամադրում»,- հիշեցրեց փաստաբանը: Այժմ, երբ թվում էր, թե սպառված են այլեւայլ ատյաններ դիմելու միջոցով ձգձգելու հնարավորությունները՝ Վճռաբեկ դատարանը եւս երկու շաբաթով հետաձգեց խնդրի լուծումը, երբ մեկ շաբաթն էլ էր բավական՝ պարզելու, թե հնարավո՞ր է հաշտությունը: Արման Մկրտումյանը հայտարարեց, թե մրցութային փաթեթները լրամշակման համար վերադարձնելու վերաբերյալ «Դար 21»-ի, «Երեւան»-ի, «ԷՎ»-ի, «ԱրմենԱկոբ»-ի եւ «TV-5»-ի պահանջը խելամիտ է, քանի որ նրանց համար ստեղծվել են անհավասար պայմաններ. մրցույթի այլ մասնակիցներից երկու ամիս ուշ ներկայացնելով իր առաջարկը՝ «ՆՏ»-ն կարող է շահեկան վիճակում լինել»: Մինչդեռ պրն Տեր-Եսայանը նկատեց, թե չարժե «ՆՏ»-ին դարձնել քավության նոխազ. «Նախ՝ չմոռանանք, որ «ՆՏ»-ն այդ բոլորի կապուղիների համար հայտ չի ներկայացրել, այլ մրցակից է միայն CNN-ը վերահեռարձակող «ԷՎ» ընկերությանը: Այսինքն՝ մնացած 4-ի պարագայում քննությանը չի դիմանում այն փաստարկը, թե «ՆՏ»-ն շահեկան վիճակում է: Ավելին՝ «ՆՏ»-ն չգիտի էլ, թե CNN-ն ինչ առաջարկ է ներկայացրել»: Հիշեցնենք, որ «Ա1+»-ն էլ հայտ է ներկայացրել այդ 5-ից միայն 3-ի կապուղիների համար: Առավել տարօրինակ է «Դար 21»-ի պարագան, որի զբաղեցրած կապուղու համար չկա որեւէ այլ հայտ: «Թե այդ հեռուստաընկերությունն ինչու է դիմել դատարան, երբ միայն ինքն իր հետ է մրցելու՝ անհասկանալի է»,- ասաց Տիգրան Տեր-Եսայանը: Հեռուստաընկերությունների հնգյակն այս առնչությամբ մեկ այլ պատճառաբանություն ունի, թե մրցույթի ձգձգման հետեւանքով խախտվել են իրենց ծրագրերում ամրագրված ներդրումային եւ ժամկետային պարտավորությունները: Շեշտելով, թե այդ պարտավորությունները մի քանի ամսվա համար չեն նշվում, այլ 7 տարվա՝ փաստաբանն ասաց. «Նույն ժամկետում նաեւ «Ա1+»-ն է առաջարկ ներկայացրել, որում կան համանման ժամկետներ: Այդ ինչպե՞ս եղավ, որ մեկը նման մտավախություններ չունի, իսկ մյուսներն ունեն»: Հիշեցնենք նաեւ, որ Տնտեսական դատարանի քննության ընթացքում էլ եղավ հաշտություն կնքելու առաջարկ, որն իր նիստում մերժեց Ազգային հանձնաժողովը: «Իսկ ինչո՞ւ ա՛յն ժամանակ ՀՌԱՀ-ը չարեց հանդիպելու եւ ընդհանուր հայտարարի գալու առաջարկ,- հարցրեց Փաստաբանների միջազգային միության նախագահը:- Եթե հանձնաժողովը պատրաստ էր 5 հեռուստաընկերությունների փաթեթները վերադարձնել մեկ շաբաթով՝ թող վերադարձներ փետրվարին: Այժմ արդեն մի փոքր անտրամաբանական եւ անիմաստ է, որ ամիսներ հետո, երբ արդեն ավարտվում են դատաքննության բոլոր գործընթացները՝ նո՜ր պիտի կնքեն հաշտության համաձայնագիր»: Եթե փաթեթները վերադարձվեն լրամշակման (հիշեցնենք, որ որեւէ երաշխիք չկա, թե արվելիք փոփոխությունները կվերաբերեն միայն ժամկետներին), կխախտվեն հիմնականում «Ա1+»-ի իրավունքները: Իսկ եթե չվերադարձվեն՝ Վճռաբեկ դատարանը, արդեն իսկ արտահայտած դիրքորոշման համաձայն, գործը կուղարկի վերաքննիչ դատարան, այսինքն՝ մրցույթը դարձյալ կձգձգվի: Անկեղծ ասած, արդեն հասկանալի էլ չէ, թե ինչու չի կայանում մրցույթը. չէ՞ որ արդեն իսկ լուծված է այն խնդիրը, որ ընտրությունների ընթացքում որեւէ հնարավորություն չտան «Ա1+»-ին վերադառնալու եթեր: Սակայն Տիգրան Տեր-Եսայանն իր բացատրությունն ունի, թե ինչու են շարունակում դատավարությունների պատրվակով ժամանակ շահել. «Ա1+»-ն անգամ փակված վիճակում է համարվում վտանգավոր: Խնդիրն այս է, քանի որ այս հեռուստաընկերությունը փակված վիճակում էլ է առայսօր շարունակում գոյատեւել եւ անգամ կարողանում մրցել՝ իրենից ուժ է ներկայացնում: Այսինքն՝ այս հեռուստաընկերությունը դեռ հիմնովին չի քանդվել, չի կորցրել դիմադրողականությունը: Երկարատեւ ձգձգումների միջոցով փորձում են լուծել «Ա1+»-ին ցայտնոտի մեջ գցելու խնդիրը»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել