ԱՂԱՍԻ ԱՐՇԱԿՅԱՆԸ ԳՐԱՆՑՎԵՑ Երեւանի Կենտրոն, Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը (դատավոր՝ Գայանե Կարախանյան) վճռեց «ՀՀ ԿԸՀ-ի 2003 թ. ապրիլի 20-ի թիվ 102 ա որոշումը ճանաչել անվավեր եւ Աղասի Արշակյանին համարել գրանցված «Ազգային միաբանություն» կուսակցության համամասնական ընտրական ցուցակում։ Դատարանի վճիռն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից եւ ենթակա չէ բողոքարկման»։ Նկատենք, որ Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանը տրամագծորեն հակառակ եւ նույնքան անբեկանելի վճիռ էր կայացրել, այսինքն՝ մերժել էր պրն Արշակյանի գրանցումը մեծամասնական ընտրություններին մասնակցելու։ Տրամաբանությունը հուշում է, որ եթե «սեփականությունը թաքցնելու» մեղադրանքը ճիշտ էր մի դեպքում, ապա այն ուժի մեջ կլիներ նաեւ երեկ։ Եվ՝ հակառակը։ Այստեղից կարելի է ենթադրել, որ երեկվա որոշումը քաղաքական էր։ Ինքը՝ պրն Արշակյանը, երեկ թեկուզ եւ բավականին վրդովված եւ հուզված, լավատես էր եւ մինչեւ վերջին պահը հույս ուներ, որ դատարանն արդար վճիռ կկայացնի։ Այնուամենայնիվ, վերջին օրերի գերլարված նյարդերը տեղի տվեցին եւ Աղասի Արշակյանը մինչ դատարանն անցավ խորհրդակցական սենյակ, հեռացավ դատարանից։ Մինչ դատարանի վճռի հրապարակումը, «Առավոտը» հեռախոսով կապվեց «ԱՄ» նախագահ Արտաշես Գեղամյանի հետ եւ խնդրեց, որ վերջինս ներկայացնի դատարանից իր սպասելիքները։ Վճռի հրապարակումից 15 րոպե առաջ Գեղամյանն ասաց. «Մտքովս անգամ չի անցնում, որ Աղասի Արշակյանի դիմումը կմերժվի։ Այստեղ չկա որեւէ կետ, որը խանգարի Աղասի Արշակյանին գրանցվելու»։ «ԱՄ» առաջնորդը վճռից հետո նշեց, որ ուրախ է այս իշխանությունների համար, որ դատարանը նման արդար վճիռ կայացրեց։ «ԱՄ» նախագահն իր կուսակցության շանսերը բարձր գնահատեց եւ ասաց, թե ինքը վստահ է, որ «ԱՄ»-ն ապագա ԱԺ-ում 30 տոկոս քվե է ստանալու։ Սեփ. լր.