«Պրոցեսը սկսել է նախագահը» Երեկ մամուլի ազգային ակումբի հյուրը ՀՀ նախագահին կից Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Հարությունյանն էր, որը լրագրողներին ներկայացրեց հանրաքվեի դրված նախագծի որոշ կետեր, ենթակետեր, ինչպես նաեւ այլ երկրների փորձը։ Լրատվամիջոցների ներկայացուցիչներն էլ փորձում էին պրն Հարությունյանից ճշտել, թե ինչ սպասելիքներ ունի՝ հանրաքվեի դրվելիք տարբերակը կընդունվի՞ հանրության կողմից, թե՞ կմերժվի, կամ, ի վերջո, ե՞րբ է հանրությունը տեղեկացված լինելու՝ ինչն է փոխվել եւ ինչո՞ւ է փոխվել Սահմանադրության մեջ։ Սահմանադրական փոփոխությունների մասին բազմաթիվ կարծիքների շարքում կա նաեւ հետեւյալը. հանրապետության նախագահն ամենեւին էլ շահագրգռված չէ, որ հանրաքվեի դրվող Սահմանադրության տարբերակն ընդունվի։ Նման եզրակացության համար հիմք է ծառայել այն, որ Ռ. Քոչարյանը օրերս գյուղակադեմիայում ուսանողության հետ հանդիպման ժամանակ հայտարարեց. «Ընտրությունը ժողովրդինն է, թող նախընտրի, դրանով էլ կաշխատենք»։ Ակնհայտ է, որ որեւէ նախագահի համար գործող Սահմանադրությունը բավականին հաջող է ձեւված եւ ճգնաժամային իրավիճակներից ելքեր, այնուամենայնիվ, հուշում է։ Իսկ Սահմանադրական փոփոխությունների այս աղմուկը, ըստ այդ տեսակետի, պարզապես ռեւերանս էր Եվրոպայի խորհրդին, մոտավորապես այս ենթատեքստով՝ տեսա՞ք, փոփոխություններ արվեցին, դրվեցին հանրաքվեի, ժողովուրդը չընդունեց, ի՞նչ եք ուզում։ Մեր հարցին պատասխանելով՝ իշխանություններն ուզո՞ւմ են, որ անցնի իրենց տարբերակը, Արմեն Հարությունյանն ասաց. «Ես քննադատողներին չեմ հասկանում, մի կողմից՝ ասում են, թե իբր նախագահի լիազորությունները մեծացնում ենք, մյուս կողմից՝ ասում են՝ չեն ուզում անցնի։ Հիմա ես ձեզ ասեմ՝ իշխանություն ասելով՝ ո՞ւմ նկատի ունեք»։ «Վա՜յ»,- զարմացան լրագրողները, իհարկե՝ Ռ. Քոչարյանին նկատի ունենք. «Ռոբերտ Քոչարյանն այդ քայլն արել է, նախաձեռնել է եւ իր իրավունքն իրականացրել է, ի՞նչ է նշանակում՝ չի ուզում անի։ Ինչ վերաբերում է Եվրոպայի խորհրդին, ուրեմն դա էլ է քաղաքական շահարկում։ Մի հատ ուշադիր ժամանակագրությանը նայեք, տեսեք՝ ե՞րբ սկսվեց պրոցեսը, եւ ե՞րբ ԵԽ-ն միացավ պրոցեսին։ ԵԽ-ն երբեք որեւէ պետության չի կարող եւ չի էլ թույլ տա իրեն՝ պարտադրել, որ Սահմանադրությունը փոխվի, որովհետեւ եթե մենք այնպիսի Սահմանադրություն ունենայինք, որը ԵԽ-ն չընդուներ, Եվրոպական կոնվենցիան մենք չէինք վավերացնի, կասեին՝ Սահմանադրությունը փոխեք, հետո։ Հաջորդը՝ երբ որ դու պրոցես ես սկսում, ԵԽ-ն մասնակցում է դրան. այսինքն՝ ԵԽ ճնշում չի էլ եղել, պրոցեսը սկսել է նախագահը եւ եթե սկսել է, իր մոտեցումն ունի։ Ի՞նչ է, ուզում եք նախագահին պարտադրել, որ ինքը գնա ստիպի՞, որ մարդիկ ընդունեն»։ Քոչարյանին, իհարկե, ոչ ոք չի պարտադրում, պարզապես նախագահը պետք է համապատասխան միջոցառումներ իրականացնի, որ մարդիկ իմանան, թե ինչի՞ն են 25 օր հետո «այո» կամ «ոչ» ասելու։ Ըստ Արմեն Հարությունյանի. «իմանում են, հոդվածները գրվում են, ելույթներն ունենում ենք, շուտով բրոշյուր կտպվի, անվճար, ամեն ինչ արվում է, էլ ի՞նչ եք ուզում։ Ես ձեզ ավելին ասեմ՝ մենք ցանկանում էինք ինքներս դա անել, բայց մարդու իրավունքների ժողովրդավարության ինստիտուտից ինձ հետ կապնվեցին, թե իրենք ուզում են այդ հարցն անել, խնդրում էին տեխնիկապես օգնել։ Մենք օգնեցինք, որ իրենք անեն, չեն անի՝ մենք կանենք»։ Մ. ԵՍԱՅԱՆ