Նորացված Անդրանիկ, նորացված Թումանյան Սա է մեր բաժին «ուրախությունը» Ապրիլի 26-ին, «Կարեն Դեմիրճյան» կենտրոնում սունդուկյանցիները հանդես եկան «Մեր բաժին ուրախությունը» ներկայացմամբ։ Հիշեցնենք, որ պիեսի հեղինակը ՀՀ մշակույթի նախարար Ռոլանդ Շառոյանն է։ «Հզոր հայրենիք» կուսակցության ղեկավարությունը, պետական այրերն ու թատրոնների ղեկավարները մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին նախարարի պիեսի նկատմամբ։ Այն դիտելու էր եկել նաեւ ինքը՝ նախարարը, իսպանացի գրող Գոնսալո Գուարշի հետ։ ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավար Գագիկ Մանասյանն ասաց, որ ներկայացումը որեւէ կապ չունի «Հզոր հայրենիք» կուսակցության քարոզարշավի հետ։ Մինչդեռ «Հզոր հայրենիքի» նախագահ Վարդան Վարդապետյանից տեղեկացանք, որ «Մեր բաժին ուրախության» ցուցադրությանն աջակցել է «Հզոր հայրենիքը»։ Այսպես թե այնպես, «Կ. Դեմիրճյան» կենտրոնի դահլիճի ողջ երկայնքով փակցված էր հսկա մի ցուցապաստառ՝ Թումանյանի հայտնի տողով. «Իմ նոր հայրենիք, հզոր հայրենիք»։ Նախարարի պիեսը Զորավար Անդրանիկի ու ամենայն հայոց բանաստեղծի՝ Հովհաննես Թումանյանի մասին է։ Ավելի ճիշտ, Ռ. Շառոյանը որոշել էր ժողովրդի մտածողության մեջ բյուրեղացած-նստած երկու կերպարներ յուրովի մեկնաբանել։ Արդյունքում, ստացվել է խեղճուկրակ, լալկան, գեղջկամիտ, սրա-նրա վրա ճղճղացող Թումանյան (Տիգրան Ներսիսյան) եւ անճարակ, թուլամորթ, անդեմ, անտաշ Անդրանիկ (Մուրադ Ջանիբեկյան), որն անգամ սիրած օրիորդին աթոռ առաջարկելու շնորհք չունի։ Ներկայացումը դիտելիս նույնիսկ կասկած է առաջանում. արդյոք թուր բռնած կա՞, Ռ. Շառոյանի եւ բեմադրիչ Վ. Շահվերդյանի Անդրանիկը զինվորական էր, թե ոչ։ Անդրանիկի «տղամարդկությունը» բռնում է միայն ներկայացման ավարտին, երբ վերջապես սկսում է գիտակցել, որ ոչնչի համար ազգը մեղավոր չէ եւ «ասիկա կուսակցություններու մեղքն է» եւ մյուս կողմից, հազարամյակներով ժողովուրդը վատ է ապրելու, մինչեւ Աստված չսրբագրի նրա ճակատագիրը։ Բոլորին անարգանքի սյունին է գամում նաեւ «նորացված» Թումանյանը, պահանջելով. «Երբ մի ժողովուրդ սովամահ է լինում փողոցներում, պիտի մոռանալ ամեն ինչ ու գնալ նրան փրկելու։ Էսքա՛ն բան»։ Ճիշտ նույն ձեւով նա խարազանում է կեղծ «ժողովրդասերներին»։ «Անհատներ կան, որ եթե առնես բարձր պաշտոնը՝ տակը բան չի մնա»,- խիստ արդիական եզրակացության է գալիս Շառոյանի Թումանյանը։ Նա նաեւ ռուսամետ է, մեղադրում է ժողովրդին՝ նրան պատուհասած աղետի (եղեռնի) համար եւ զայրանում. «Ռուսաստանը մեր կողքին է, բայց շարունակ Արեւմուտք ենք նայում։ Էնքան նայեցինք, մինչեւ մեր արեւը խավարեց»։ «Մեր բաժին ուրախության» հերոսները մեկ Նարեկացուց են կտորներ արտասանում, մեկ՝ Թումանյանից, մեկ էլ հանկարծ մարկեսաբար որոշում, որ «մարդ սիրելով կարող է հարյուր տարի էլ մենության մեջ ապրել»։ Ներկայացման մեջ շատ են ձգձգված տեսարանները, երկարաշունչ մենախոսությունները։ Այն պահին, երբ որեւէ հերոս ինքն իր հետ կռիվ է տալիս, մյուսներն անշարժանում են, դառնում դեկորների մի մասը՝ սպասելով իրենց «հերթին»։ Ողջ ներկայացման ասելիքն այն էր, որ մեր բաժին ուրախությունը եղեռնից փրկված բեկորներն են, որոնք երազում են «փշուր մի խաղաղություն»։ Նրանք խոսում էին արեւելահայերենով, թեեւ գաղթել էին Արեւմտյան Հայաստանից (բացառությամբ Ծովինարի)։ Փոխարենը Անդրանիկը մեկ ժամանակակից գրական արեւելահայերենով էր խոսում, մեկ՝ արեւմտահայերենով, որը, սակայն, պարունակում էր Թիֆլիսի բարբառին բնորոշ տարրեր։ Ժամանակ առ ժամանակ Թումանյանն էլ հիշում է, որ պիտի խոսի Լոռվա առոգանությամբ։ «Մեր բաժին ուրախությունը» իր թերություններով չէր կարող դուր գալ հանդիսատեսին: Դրա համար էլ շատերը ներկայացման առաջին մասի ավարտից հետո լքեցին դահլիճը: Իհարկե, բրավոներ եւ ծաղկեփնջեր էլ եղան: Բայց դրանք, ընդամենը, կազմակերպչական լավ աշխատանքի արդյունք էին: Չէ՞ որ ներկայացումը նախարարական էր: Գ. ՀԱԿՈԲՅԱՆ