Լրահոս
Օրվա լրահոսը

Համաճարակ՝ Ֆանտան գյուղում

Ապրիլ 29,2003 00:00

Համաճարակ՝ Ֆանտան գյուղում Կոտայքի մարզի Ֆանտան գյուղում առայժմ անհայտ հիվանդության համաճարակը բռնկվել է մարտին, սակայն Առողջապահության նախարարությունը դրա մասին իմացել է ընդամենը մեկ շաբաթ առաջ, երբ հիվանդների թիվն անցել է 130-ից, եւ մարզի բժիշկներն այլեւս չեն կարողացել թաքցնել համաճարակի փաստը: «Մեր տնից երեքը ծանր են, Չարենցավանի հիվանդանոցում են պառկած: Քույրս է, նրա երեխան եւ եղբորս կինը: Քրոջս աղջիկը մի ամիս տանը պառկած էր: Բժիշկները նոր են եկել ու իմացել: Մեռանք դեղ առնելով, անասունը սաղ ծախեցինք՝ դեղի տվեցինք: Բժշկի էինք տարել մեր հարսին՝ Լուսինեին, ասում էին կոկորդի քաղցկեղ ունես, հիմա էլ անալիզներից հետո ասում են էս հիվանդությունն է»,- պատմում է Անդրանիկ Հովհաննիսյանը: Հիվանդների հետ զրույցներից պարզվեց, որ բոլորը սկզբում կոկորդի ցավ են ունեցել, այնուհետեւ աղիքների խանգարում, ոսկորների, հոդերի ցավ, ջերմություն: Ֆանտանցիները պատմեցին նաեւ, որ բժիշկները համաճարակի աղբյուրը համարում են ջուրը եւ արգելել են գյուղի ջրի օգտագործումը: Ապրիլի 27-ին Ֆանտան գյուղի գյուղապետարանից փորձեցինք պարզել, թե ինչպիսին է իրավիճակը: Մեր ներկայանալուն պես փոխգյուղապետը միանգամից բռնկվեց. «Լավ է, որ առաջինը ինձ մոտ եք եկել: Մենք ոչինչ չունենք ասելու լրագրողներին»: Նրա թշնամական վերաբերմունքը մեզ ստիպեց այլեւս ոչ մի հարց չտալ: Շնորհակալություն հայտնելով՝ դուրս եկանք զրուցելու գյուղացիների հետ: Մեր ետեւից անմիջապես դուրս նետվեց մի երիտասարդ եւ սկսեց բարոյական քարոզ կարդալ. «Դուք չեք հասկանում, որ պետության մեջ գաղտնիքներ կան, որոնց մասին չպետք է խոսել: Այս մասին ավելի լավ է ուրիշները չիմանան»,- հորդորում էր երիտասարդը: Հետո գյուղացիներից իմացանք, որ նա չարենցավանցի է, ինչ-որ կուսակցության նախընտրական շտաբից, արդեն մի քանի ամիս կցված է այս գյուղին, սկզբում նախագահական, այժմ էլ՝ խորհրդարանական ընտրությունների համակարգողն է Ֆանտանում: Գյուղացիներից մեկն էլ ավելացրեց, որ ընտրությունների ժամանակ նա փող էր բաժանում: Գյուղապետարանից դեռ չհեռացած՝ դուրս եկավ փոխգյուղապետը՝ ասելով, որ բժիշկը ուզում է մեզ հետ խոսել: Իսկ բժիշկը Առողջապահության նախարարության պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության պետի տեղակալ Ղազարոս Հակոբյանն էր: Նա հրաժարվեց պաշտոնապես տեղեկություններ տալ, փոխարենը խոստացավ դա անել 5 օր անց՝ հինգշաբթի օրը: Նրանից կարողացանք իմանալ միայն, որ կասկածելի հիվանդությունը տոլարենիա է կոչվում: Սակայն առայժմ ուսումնասիրություններ են կատարվում եւ վերջնական որեւէ բան չեն կարող ասել՝ ինչ հիվանդություն է, որտեղից է սկսվել վարակը: «Առաջներում տարին երկու անգամ ջրի հորերը մաքրում էին, բայց հիմա ո՞վ է մաքրում: Օձ է մտնում, սատկած շուն, առնետ: Առաջ կեղտը մաքրում էին հորից, հիմա ո՞վ է անում: Երկրորդ հորն էլ ունենք, սակայն էներգիայի պարտք ունենք, դրա համար էլ անջատված է պոմպը»,- բարկացած ասաց ֆանտանցի Անիկ Հովհաննիսյանը: «Էս ջրի հարցը բոլոր մեծերը պիտի հավաքվեն, բոլոր կուսակցությունները, որ լուծեն, էն էլ, չգիտեմ՝ գլուխ կբերե՞ն, թե՞ չէ»: «Դեկտեմբերի 5-ին Ամերիկայի դեսպանը եկավ, ջուրը բացեցին, մեկ շաբաթ հետո ջուրը կտրեցին: Ասում են՝ ահագին փող է փոխանցել դրա համար: Հեռուստատեսությամբ մի քանի անգամ ցույց տվեցին, որ Ֆանտանը ջուր ստացավ: Երկու տրուբա ներկեցին, դեսպանը եկավ, ցույց տվեցին, գնաց: Մի շաբաթ հետո ջուրն անջատեցին»,- ասում է ֆանտանցի Հակոբը: Ֆանտանցիները անհանգստացած են նաեւ, որ իրենց արտադրած կաթն ու մածունը չեն կարողանում վաճառել Չարենցավանում: Քաղաքում լուրեր են տարածվել, թե դրանք վարակիչ են: Չարենցավանի «Լուսալիք» հեռուստաընկերությամբ քաղաքի սանիտարական բժիշկը հաղորդել է, որ վտանգ չկա, որ կարող են օգտագործել կաթն ու մածունը, սակայն միեւնույն է, մարդիկ վախենում են գնել ֆանտանցիների արտադրանքը: ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆՀԱԿՈԲ ՊՈՂՈՍՅԱՆ www.hetq.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930