«ՄԻԱԿ ՌԵԱԼ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ» Երեկ «Արդարություն» դաշինքը, ի դեմս Ստեփան Դեմիրճյանի, Սեւանի ավազանի գյուղերում հիշեցնում էր, որ այցելելով իրենց, կատարում է առանձին տարածաշրջան գալու իր խոստումը։ Պարզվում է, նախագահական ընտրություններին, ինչպես ասաց պրն Դեմիրճյանը, «վարդենիսցիներն ու մարտունեցիները չեն թողել», որ նա Գեղարքունիք մտնի։ Այցելության առաջին գյուղում՝ Զովաբերում, գյուղացիներից մի քանիսն անհանգստացել էին, որ չհասցրին ժամանողների ոտքի տակ ոչխար մորթել։ «Ոչինչ, գնալուց կմորթեք»,- հանգստացրեց մեկը։ Այդպես էլ արեցին։ Չնայած տեղացող ձյանը եւ ուժեղ քամուն՝ բոլոր հանդիպումներն անցկացվեցին բաց երկնքի տակ։ Դրա խորհրդանիշն էլ գտնվեց։ «Էս սեւ-մութ ամպերը իրենց (իշխանությունների- Ա. Գ.) գլխին են կուտակվել»,- ասաց ԱԺԴ փոխնախագահ Վարդան Գրիգորյանը։ Մրցակիցների հասցեին կատակներն էլ գյուղից գյուղ կրկնվում էին՝ «ՀՌԱԿ-բռակ», «Հորինած երկիր» եւ այլն։ Այս անգամ հանդիպումների մասնակիցներին բուկլետներ էին բաժանվում՝ «Արդարություն» դաշինքի նախընտրական ծրագրային դրույթները՝ «Այլ ճանապարհ չկա»։ Դրանցից Ստ. Դեմիրճյանը հարկ համարեց ներկայացնել «գյուղին վերաբերողներից ամենակարեւորը»՝ «գյուղը պետք է լինի պետության ուշադրության կենտրոնում»։ Զովաբերում հիշեցին նաեւ այն զովաբերցիներին, որոնք, ըստ Վ. Գրիգորյանի, «ապացուցեցին, որ արդարության (կամ «Արդարության»- Ա. Գ.) համար պայքարող են»։ Ընդդիմության հանրահավաքներից հետո մի քանի ապօրինի ձերբակալվածների անունները տվեց արդեն Ստ. Դեմիրճյանը։ Այն տպավորությունն էր, որ Ռ. Քոչարյանի հետ հեռուստաբանավեճից հետո պրն Դեմիրճյանն արդեն մտապահում է նման ցուցակները։ «Արյուն թափվեց» նաեւ Դդմաշենում։ Իհարկե՝ դարձյալ ոչխարի։ Ծրագրայինի նման ելույթ այստեղ ունեցավ Ալբերտ Բազեյանը՝ նշելով հողի լիարժեք եւ արդյունավետ օգտագործման ու գյուղացու վարկավորման անհրաժեշտությունը։ Մնացածը դարձյալ խոսում էին այն մասին, որ այսօրվա իշխանության միակ իրական ընդդիմությունը «Արդարությունն» է։ Իհարկե՝ դաշինքը, ոչ թե, ինչպես որակեց Վ. Գրիգորյանը, «կոոպերատիվ «Արդարությունը»։ Դդմաշենում Արամ Գ. Սարգսյանը անորոշ սպառնաց. «Չփորձեք նորից ահաբեկել ժողովրդին»։ Թեեւ կարծում է, որ «ժողովուրդը կդիմանա ճնշումներին, եթե իմանա, որ արդարություն կհաստատվի»։ Այս գյուղի գլխին դաշինքի ղեկավարներին սպասում էր հեծյալների մի խումբ, որը ավտոշարասյունը ուղեկցեց մինչեւ հարեւան Ծաղկունք գյուղը, հետո էլ՝ Գեղամավան։ Հեծյալներից մեկը վահանի նման բռնել էր ստվարաթղթի վրա ամրացված Ստ. Դեմիրճյանի պլակատը։ Վարսեր գյուղում լրագրողներով մեքենայի մեջ փորձում էինք որոշել, թե վերջերս ինչ արտահայտություն է ամենաշատը ասել Ստ. Դեմիրճյանը։ Այդ պահին մեգաֆոնից հնչեց վերջինիս ձայնը՝ «Հետեւողականություն եւ հաստատակամություն է պետք։ Մնացածը ժամանակի հարց է»։ Համեմատությամբ՝ ամենասակավամարդը Սեւան քաղաքի հանդիպումն էր։ Հավաքվածներից մեկն ասաց, որ պատճառը վատ եղանակն է։ Մեզ ավելի արժանահավատ թվաց մեկ այլ պատասխան, որ մի քանիսից լսեցինք. «Պատճառը միգուցե վախն է»։ Պարզվում է, այստեղ մի-երկու աշխատատեղ կա, որտեղ մարդկանց նվազագույն աշխատավարձ են տալիս։ Փոխարենը շատ լավ շանտաժ են անում դրանով։ Եվ երեւում է, ինչպես ներկաներից ասացին, «այլ պատգամավորներ» լավ էլ աշխատել էին, մինչեւ ընդդիմությունը կժամաներ։ Այստեղ մեր նշած հինգ հազար դրամ ընտրակաշառքը նույնիսկ փայլ առաջացրեց որոշների աչքերում. «Ի՞նչ հինգ հազար։ Հազար դրամ էլ որ տան, մարդիկ համաձայն են»։ Սեւանում «Արդարության» հետ հանդիպման եկել էին նաեւ Ծովագյուղից եւ Լճաշենից, ուր եւ ուղեւորվեց դաշինքի վերնախավը՝ ավարտելու երեկվա այցը։ ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ