Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱՍԱԼՆԵՐԻՆ ՉԵՆ ՀԱՐԳՈՒՄ

Ապրիլ 29,2003 00:00

ՎԱՍԱԼՆԵՐԻՆ ՉԵՆ ՀԱՐԳՈՒՄ Երեկ Դուշանբեում Հայաստանի ղեկավարությունը մեծ խանդավառությամբ միացավ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արագ արձագանքման ուժերի միացյալ ռազմական շտաբ ստեղծելու ծրագրին: Նախատեսվում է, որ այդ շտաբը գործելու է 2004թ. հունվարի 1-ից: Թե ինչպես են ՀՀ զինված ուժերը «արագորեն արձագանքելու» Ռուսաստանին, Բելառուսին, Տաջիկստանին, Ղազախստանին կամ Կիրգիզիային սպառնացող ռազմական վտանգին, դժվար է ասել: Խնդիրը միայն այն չէ, որ մենք այն «քաշը» չունենք, որպեսզի հարաբերություններ փչացնենք հիշյալ երկրների հնարավոր հակառակորդների հետ՝ առավել եւս մասնակցենք ռազմական գործողություններին: Ինքնին այդ «շտաբը» ռազմաքաղաքական առումով սերտորեն կապում է 5 հարեւան երկիր եւ մի կղզյակ, որի անմիջական հարեւանները ձգտում են մտնել (կամ մտել են) անվտանգության բոլորովին այլ համակարգերի մեջ: Իհարկե, «կղզյակ» բառը կարելի է փոխարինել շատերի համար ավելի բարեհունչ՝ «Ռուսաստանի ֆորպոստ» /միջնաբերդ/ ձեւակերպմամբ: Կամ գուցե ավելի իրատեսական է «վասալ» բառը: Ոչ թե բարեկամ, ոչ թե գործընկեր, որպիսին մենք, անշուշտ, պետք է լինենք Ռուսաստանի համար, այլ հենց «վասալ», որն իր իշխանությունը պահպանելու համար պատրաստ է կատարել «սենյորի» բոլոր ցանկությունները: Ինչ խոսք՝ այս կարգավիճակով մեզ ոչ ոք չի հարգի: Առաջին հերթին՝ ինքը՝ Ռուսաստանը: Դրա ապացույցները մեզ են տրվում ամեն օր: Վերջինը՝ անցած շաբաթ: «Ի՞նչ ունենք այնտեղ: Սպիտակի երկրաշա՞րժ է, անսովոր թոքաբորբի համաճարա՞կ, թե՞ թուրքերն են վերադարձել», ապրիլի 26-ին այդպիսի փաստարկներով էր Դումայում ՌԴ նախագահի ներկայացուցիչ Ալեքսանդր Կոտենկովը մերժում Հայաստանի հետ «Գույք՝ պարտքի դիմաց» պայմանագրի վավերացման հրատապությունը: Ըստ «Պառլամենտսկայա գազետայի», նրա կարծիքն էին կիսում Դումայի փոխնախագահ Ժիրինովսկին եւ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լուկինը: Թե ինչու է ՌԴ կառավարությունը նման հապճեպությամբ, չսպասելով Պուտինի վերջնական գնահատականին, Դումային դեմ տվել այդ պայմանագիրը, կարելի է ենթադրել: Արդեն բազմիցս ասվել է, որ «Գույք՝ պարտքի դիմաց»-ը որեւէ օգուտ չի բերում մեր պետություններին, փոխարենը չափազանց շահավետ է երկու երկրների բարձրաստիճան իշխանավոր-բիզնեսմեններին: Վերջիններիս ռուսական կողմի ներկայացուցիչներն էլ, հավաբար, շտապեցնում են վավերացումը: Բայց խոսքը տվյալ դեպքում ավելի մտահոգիչ երեւույթի մասին է՝ այն քամահրական տոնի, որով ՌԴ ղեկավարի ներկայացուցիչը հիշատակում է Հայաստանը: Երեւի մեզ հասնում է: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել