Լրահոս
Օրվա լրահոսը

ԶԱՐԹՈՆՔԻ ԱՎԵՏԻՍԸ

Ապրիլ 26,2003 00:00

ԶԱՐԹՈՆՔԻ ԱՎԵՏԻՍԸ Չարիքի հոգեվարք Այն պահից, երբ շրջանառության մեջ դրվեց թեզն առ այն, թե այլ թեկնածուի ընտրվելու պարագայում կարող է խաթարվել երկրի կայունությունը, ժողովրդի մի ստվար զանգված, որը դյուրահավատորեն ընդունելով ճշմարտանման կարգախոսները, պատրաստ էր ձայն տալ գործող վարչակազմին, իսպառ հրաժարվեց նման քայլից: Պատճառը մեկն էր, որը թեեւ կարող էին չձեւակերպել, բայց միանշանակ զգալի էր անգամ ամենապարզունակ մտածելակերպի անձանց շրջանում. արդյո՞ք այս մարդուն իրոք այլընտրանք չկա: Սա նույնքան վիրավորական հնչեց, որքան հասարակության կոչերին չարձագանքելու, ավելին՝ դրանք արհամարհելու իշխանության պահվածքը: Նշանակում է՝ հերքվում են հայ ժողովրդին դարերով բնորոշ արարելու, ստեղծելու, լավից՝ լավագույնին ձգտել – հասնելու եւ միշտ լավագույնների մեջ լայն ընտրություն ունենալու մասին պատկերացումները: Այդպիսով, «տկարամիտ», «անկարող», «խեղճ», «հաշտվող» եւ ժողովրդին բնութագրող այլ հոմանիշների աստիճանի իջեցվեցին ընտրազանգվածի հետ տարբեր խարդավանքներով բախտախաղի դիմած իշխանությունների գնահատականները: Ասել է թե՝ մինչ օրս հանդուրժածին այլընտրանք չկա: Իրականում վտանգը ոչ այնքան նման մտքեր մոգոնելն է, որքան դրանց հեղինակների եւ հասցեատիրոջ կողմից ներշնչվելն ու անպարտելիության, որը նրանց համար նույնն է, թե՝ անպատժելիության խաբկանքով վարակվելը: Գործող իշխանության ինքնավերարտադրությունը ենթագիտակացական վտանգի զգացում առաջացրեց անգամ կաշառված – ահաբեկված – ճարահատյալ կողմնակից դարձածների ճամբարում: Եթե իշխանափոխությունը հանգեցնում է ապակայունացման, ապա պետք է աշխարհի բոլոր ծայրերում դադարեցնել ժողովրդավարական ընտրությունների կարգը եւ խուսափել նոր, առաջադեմ, համարձակ որեւէ նախաձեռնությունից: Նշանակում է՝ «Լավ, թե վատ՝ հիմա սա է» կարգախոսը հասցնել պետական քաղաքականության եւ ազգային մտածելակերպի մակարդակի: Նաեւ՝ հաշտվել ստի, կեղծիքի, սարքովի ու ակնհայտ կանխամտածված սպանությունների, ստորաքարշության, անինքնասեր ու անպատիվ կենսակերպի հետ: Կյանքը ցույց տվեց, որ հենց «վերընտրության» պարագայում խախտվեց իրական կայունությունը, ավելի ճիշտ ու ավելի որոշակի՝ կայունություն ապահովող ամենամեծ գործոնը՝ մարդկանց հավատն իրենց ձայները կողոպտողների նկատմամբ: Մնաց, սակայն, ժողովրդի հավատն առ Աստված եւ սեփական ուժերը, որը փորձությունների ժամանակ ավելի ամրապնդվեց: Փորձի պակասի անհեթեթ «փաստարկների» մասին: Նախ պարզենք, թե ինչ կենսափորձ նկատի ունենք: Ա՞յն, որի արդյունքում ստեղծվել ու հաջողությամբ գործում է Հայաստանի, բառացիորեն ամենաժամանակակից, աշխատանքային կարգապահությամբ, արդյունավետությամբ, պետության հանդեպ պարտավորությունների լիարժեք կատարման, աշխատողների վարձատրության եւ բազմաթիվ այլ առումներով օրինակելի ձեռնարկություն: Ոմանց համար՝ մի «օբյեկտ», որն ակնհայտորեն թերագնահատելով թե ուղղակի, թե փոխաբերական առումներով, հանձնվեց արտերկրին՝ ապաշնորհ ղեկավարության պատճառով կուտակած պետական պարտքի դիմաց: Ընդամենը «գույք՝ պարտքի դիմաց» ձեւակերպմամբ: Իսկ թե ինչպես են «ձեւավորել» եւ ում գրպանները լցրել պետության համար ծանր բեռ դարձած պարտքը, իրոք, այլ քննարկման առարկա է: Հիմա՝ խոսքը նմա՞ն փորձին է վերաբերում, որի մասին ամեն ոք, այդ թվում «փորձ չունենալու» մեղադրանք ներկայացնողը, կերազեր, թե՞ այլ փորձի, որը լավ է իսկապես չունենալ: Ստելու, կեղծելու, չեղած քաղաքացիությամբ նախագահ դառնալ-վերընտրվելու, այլոց նվաճումներն իրեն վերագրելու, հասարակությունն ու քաղաքական ուժերը պառակտելու. նման հարցերում որեւէ պաշտոնի հավակնորդը, թող տա Աստված, այդպես էլ անփորձ մնա: Պատերազմի եւ բանակի մասին այնքան հաճախ հնչեցվող «փաստարկը»: Նախ հարց է, թե իրականում ովքեր են մեծագույն ավանդ ունեցել ժողովրդի արյամբ ձեռք բերած հաղթանակի եւ բանակների կայացման գործում եւ ուր են այդ նվիրյալներն այսօր: Երկրորդ՝ «պատերազմ անցած» լինելը դեռ չի նշանակում հաջողակ լինել պետության կառավարման հարցերում եւ հավակնել ժողովրդի հարգանքին, վստահությանն ու սիրուն՝ երկրի առաջընթացն ապահովելու համար: Ի վերջո, միգուցե սահմանադրական փոփոխություններում արժե հավելել եւս մեկ դրույթ առ այն, որ «ՀՀ նախագահի թեկնածուն պետք է անպայման անցած լինի պատերազմի բովով»: Վերջապես, «պատերազմի մարդու» հոգեբանությունն անընդունելի է խաղաղ ժամանակների համար. ոչ միայն մարդու բարեկեցությունը, այլեւ կյանքն, ընդհանրապես, պատերազմի տրամաբանությամբ մեծ գին չունեն: Թե չէ՝ ակամայից այլ բնագավառում նույն տարիներին իրենց պարտքը հայրենիքի նկատմամբ պատվով կատարած նվիրյալներից շատերին շարունակ նետվելու են պարսավանքներ եւ մեղադրանքներ: Իսկ պատերազմի եւ խաղաղության, բանակի ինքնակոչ «գիտակները» լավ կլիներ լրջորեն մտահոգվեին երկրի պաշտպանության, ինչպես նաեւ ազգային անվտանգության հայեցակետի մշակման մասին: Թե չէ՝ հեղհեղուկ «կոմպլեմենտարիզմը» վաղ թե ուշ կարող է վտանգել երկիրը: Իսկ անհամար ձախողումներից աններելին, թերեւս, հաղթանակած ժողովրդի երկու հատվածների միջեւ սեփական օրինակով սեպ խրելն ու փոխադարձ ատելության մթնոլորտի ձեւավորումն է։ Սա՝ հոգեբանական եւ հոգեբարոյական առումով, միգուցե, ամենացավալին է: Երկրի տնտեսական անվտանգության ապահովման եւ հնարավոր առաջընթացի առումով անդառնալի վնաս է հասցված նոր-նոր ձեւավորվող տնտեսությանը. երկրի ազգային հարստության մի զգալի մասն օտարվել է՝ հանձնվել արտասահմանցիներին, հատկապես ռազմավարական նշանակության ձեռնարկությունները, որոնք փաստացիորեն մեկուսացվել են ազգային տնտեսությանն ինտեգրվելու, հեռանկարում դրանց մասնակցությամբ համապետական ծրագրերի իրականացման գործընթացներից: Հինգ տարում մասնավորեցվել են ոչ թե պարապուրդի մատնված, այլ հիմնականում մեծ շահույթներ ապահովող արդյունաբերական եւ այլ ոլորտի բոլորին հայտնի կառույցները: Ըստ էության, մեզ պարտադրում են վերջնականապես հրաժարվել երկրի համար կենսական նշանակություն ունեցող համակարգերից, որոնք այսօր տնօրինում են լույսը, ջուրը, հեռախոսն ու հաղորդակցության մյուս միջոցները: Անցնելով օտարների ձեռքը, դրանք դարձել են գրեթե անվերահսկելի: Ընդ որում, անհեթեթությունը հասել է նրան, որ բաշխիչ ցանցերի սեփականատեր է դարձել անհայտ ընկերություն, որը ոչ մի կապ չունենալով էներգետիկայի հետ, ինքը սկսեց որոնումներ՝ մասնագիտացված այլ ընկերությանն այն կառավարման հանձնելու նպատակով: Մի՞թե նույնը չէր կարող անել պետությունը՝ առանց մեծ ախորժակ ունեցող միջնորդի: Մնում է միամտորեն հավատալ, որ քաղաքական եւ իշխանական վերնախավն անմասն է երկրի ունեցվածքը յուրացնողներին ընձեռված գայթակղություններից: Ակներեւ է, որ «իշխանություն» վերահռչակվածներն իրենց վաղուց սպառել են: Նրանք երկրին ոչ մի լավ բան տալ չեն կարող եւ ի վիճակի չեն: Վերջապես՝ նրանց հատուկ է ոչ թե տալը, այլ առնելը, ավելի ճիշտ՝ փախցնելը, կողոպտելը: Ժողովուրդն այլեւս չի ուզում ինքնակոչներին եւ բռնակալներին տալ իր կողմից վճարվող հարկերից գոյացող աշխատավարձերը, քանի որ ժողովրդի հացն ուտելով՝ ձերբակալում, ծեծի են ենթարկում եւ ամենավերջին պիտակները կպցնում իրենց իսկ կերակրողին: Իրականում, ժողովուրդն ու ժողովրդի իրական ընդդիմությունը՝ ինքնակոչները, իրար հետ ոչ մի ընդհանուր բան չունեն՝ ոչ նպատակների, ոչ էլ գործելակերպի առումով: Իշխանությունը, որը հիմնված է ստի, կեղծիքի, անօրինականության վրա, իրեն դատապարտել է կործանման: Այսպես, օրինակ, ամենաաղմկոտ «փաստարկը», որով փորձում էին մարդկանց աչքին թոզ փչել, 2001թ. 44.000, իսկ 2002թ. իբր 35.000 աշխատատեղերի ստեղծման մասին սուտն է: Միակ պետական կառույցը, ուր ստույգ գրանցվում են բոլոր աշխատատեղերը, կենսաթոշակային հիմնադրամն է: Երբեւէ տեսե՞լ եք, որ մամուլում հրապարակեն այդ կառույցի հաշվետվությունները: Դա կլիներ քաղաքական ինքնասպանություն, քանի որ կբացահայտվեր իրենց իսկ մոգոնած սուտը: Այնուամենայնիվ, մեզ հաջողվել է ձեռք բերել վերջին երկու տարիների ամփոփագրերը եւ ահա թե ինչպիսին են դրանք. 2001թ.՝ Հայաստանում գրանցված է եղել մոտ 669.000 աշխատատեղ /յուրաքանչյուրի համար մուծվել է 5.000-ական դրամ՝ կենսաթոշակային հիմնադրամի հաշվին/, 2002թ. այդ թիվը կազմել է 507.603, իսկ 2003թ.՝ 470.624: Գյումրիում, ուր երեւակայական աշխատատեղերի «ավելցուկ» են ստեղծում եւ աշխատանք առաջարկում հարեւան բնակավայրերից «խոպան» մեկնելու փոխարեն, պատկերը հետեւյալն է՝ 2002թ. հունվարի 1-ին՝ 22.332-ից աշխատատեղերը 2003թ. հունվարի 1-ին կրճատվել են մինչեւ 16.320-ի: Ինչպես երեւում է թվերից, տեղի է ունեցել գործազրկության ավելացում, այսինքն՝ աշխատատեղերի զանգվածային կրճատումներ: Հարց է առաջանում. որտեղի՞ց է այս ցինիկ սուտը: Թե՞ հույս ունեն, որ զանգվածային արտագաղթի միջոցով երկրից դուրս են քշել բոլոր այն մասնագետներին, ովքեր ի վիճակի կլինեն մերկացնել իրենց: Մոռանում են խոսել ժողովրդագրական աննախադեպ ծանր վիճակի մասին: Ավելացել են մահացությունները: Երկրում միայն վերջին չորս տարում մոտ երեք անգամ կրճատվել է բնական աճը: Այլ խոսքով, ավելանում է միայն ժողովրդին իշխող ընտանիքների թվաքանակը, իսկ հասարակ ժողովուրդը գնալով նոսրանում է. այսինքն մարդիկ ավելի շատ մահանում են, քան ծնվում: Ընդ որում, ավելացել է ոչ բնական մահով վախճանված մարդկանց թիվը: Երիտասարդները շարունակում են լքել իրենց հայրենիքը: Բնակչությունը գնալով «ծերանում» է: Երիտասարդ մասնագետներից շատերն այդպես էլ չեն կարողանում երկրում գտնել իրենց տեղը: Ավելին՝ նրանց լինել-չլինելը բոլորովին նույնն է իշխանությունների համար: Ավելին՝ բարձրաստիճան պաշտոնյաներից ոմանք արդեն ողջունում են նման միտումը, նշելով, որ արտագաղթի հետեւանքով թեթեւանում է պետության սոցիալական բեռը: Աճում է մանկատների, երեւակայական բարերարների հույսին մատնված ծերանոցների թիվը: Զավակները կտրվում են ծնողներից, անկարող դառնում նրանց խնամել կյանքի վերջին օրերին: Վտանգավոր չափերի են հասել հիվանդությունները: Հանրապետության մի շարք բնակավայրերում կանայք ծննդաբերում են տներում: ՀՀ առողջապահության նախարարության տվյալներով Հայաստանում 10 երեխայից 1-ը ծնվում է տանը։ Իսկ նման դեպքերի մասին տեղեկությունները հիմնականում արգելված է հրապարակել: Այսօր աճել է մանկամահացությունը: Միայն թոքախտով, քաղցկեղով հիվանդների թիվն աճել է 30%-ով, նյարդային համակարգի հիվանդների թիվը՝ 21%-ով: Այս տխուր վիճակագրությունը կարելի է շարունակել, իսկ այլ դեպքերի մասին տեղեկություններն արգելված է հրապարակել: Սակայն առավել կարեւոր է հիշել՝ հավանաբար, այսօրինակ գործերի շարունակության համար էին իրենց ընտրողներին համոզում տալ քվեները: Ակնհայտորեն վտանգված է երկրի սոցիալական անվտանգությունը: Իրականում, իշխանության վերաբռնազավթումից հետո, շարունակվում է հասարակության բեւեռացումը, երբ մարդկանց մի խումբը կտրուկ բարելավում է իր կյանքի պայմանները, իսկ բնակչության մեծ մասը գտնվում է աղքատության եզրից էլ ցածր մակարդակում՝ մի կերպ քաշ տալով իր գոյությունն ու արդեն չհավատալով ոչ մի բարեփոխման: Միայն վերջին երկու տարվա ընթացքում նոր ստեղծված արդյունքի՝ տարբեր ապրանքների սպառումը նվազել է 15 տոկոսով: Սա՞ է բարեկեցության բարձրացումը, թե այն, որ ամենաաղքատ խավի «եկամուտները» 26 անգամ, այսինքն 2600 տոկոսով զիջում են ամենահարուստ խավի եկամուտներին /Ջինի գործակից/: Այս մղձավանջի մեջ անգամ փորձում են աճպարարություն անել եւ թվերը ներկայացնել իրենց օգտին, պատճառաբանելով, թե, գիտե՞ք, մինչ 1998թ. այդ տարբերությունը կազմում էր 32 եւ «մոռանում» հիմնավորել, որ դա տեղի է ունեցել ոչ թե աղքատների կենսամակարդակի բարձրացման կամ հարուստների կենսամակարդակի անկման, այլ շատ ավելի պարզ՝ ամենաաղքատների ճարահատյալ զանգվածային արտագաղթի հետեւանքով: Քանի որ աշխատունակ որակյալ մասնագետներից ով կարող է՝ արդեն մեկնել է, իսկ ծերերն ու երեխաներն էլ իրենց հացն այլ երկրում չեն կարող ինքնուրույն վաստակել, իշխանությունները սուրճի մրուրի մեջ արդեն գուշակություններ են անում հնարավոր ներգաղթի մասին: Եթե կա ներգաղթ, ապա, այո, արտագաղթածներից ոմանք վերադառնում են, միայն թե՝ մի մասը՝ սպանված. մասնավորապես, պարբերաբար Ռուսաստան մեկնած հայ երիտասարդների դիակներ են բերվում: Այս ամենն արձանագրվում է եւ ցավալի թվերն, իրոք, կարելի է ստուգել: Երբեմն բերում են նաեւ երիտասարդ կանանց դիակներ, որոնց թիվն այնքան աճել է. իրականությունը ստիպել է հայ կնոջը զբաղվելու նաեւ մարմնավաճառությամբ՝ գոյատեւելու կամ ընտանիք պահելու համար: Այսօր լրջորեն վտանգված է ոչ միայն սեզոնային աշխատանքի մեկնող տղամարդու, այլեւ «խոպան» մեկնող կնոջ կյանքը: Իսկ երեւակայական «ներգաղթին» առնչվող նախագահական նախընտրական քարոզարշավի ժամանակ հորինված թվերն ու երեւույթներն այնքան էին կտրված իրականությունից, որ ոչ մի կերպ չէին մոտենում անգամ միջազգային փորձագետների կամ հասարակական անկախ կազմակերպությունների դիտարկումներին ու հաշվարկներին: Ստիպված սկսեցին վերանայել ցցուն ստերը: (շարունակելի) ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել