Հայաստանը համայն հայության հայրենիքն է Սա հայերիս համար սրտամոտ, հոգեհարազատ գաղափար է, որի շուրջ էլ պիտի միավորվեն աշխարհով մեկ ցրված հայերը։ Սահմանադրությամբ Հայաստանը հռչակելով ամենայն հայության հայրենիք, մենք հույս ու հավատ ենք ներշնչում սփյռքահայերի մեջ։ Այժմ գործող Սահմանադրությունը մշակելիս՝ ես որքան էլ փորձեցի այս գաղափարը ներառել Սահմանադրության մեջ կամ հատուկ շեշտել անկախության հռչակագրում՝ ոչինչ չստացվեց։ Բայց ոմանք դրա փոխարեն դնում էին երկքաղաքացիության հարցը։ Ես դեմ էի վերջինիս, պատճառաբանելով, որ այն միակողմանի լուծել հնարավոր չէ։ Անհրաժեշտ կլինի երկու կողմերի իրավական, օրենսդիր մարմինների միասնական, միահամուռ լուծում, որը կապված է լուրջ ու անհաղթահարելի դժվարությունների եւ խոչընդոտների հետ։ Մինչդեռ Հայաստանը ամենայն հայության հայրենիք հռչակելը միայն մեզնից է կախված, եւ մենք դրան պիտի գնանք։ Հայերիս թիվը աշխարհում այժմ կազմում է ավելի քան 10 մլն մարդ, որի 1/3-ն է ապրում Հայաստանում, մնացածը ցրված է մի քանի տասնյակ երկրներում։ Ընդ որում, շուրջ 2,5 մլն-ը՝ Ռուսաստանում եւ համարյա այդքանը՝ ԱՄՆ-ում։ Աշխարհով մեկ ցրված ազգը, բնականաբար, պիտի ունենա իր յուրահատուկ սահմանադրությունը՝ այս հիմքի վրա սահմանադրությունը թելադրում է համապատասխան պետական կառուցվածքի ձեւը, բովանդակությունը։ Եթե մինչեւ հիմա ցրվածությունը եղել է մեր ազգի դժբախտությունը, եւ մենք դրանից շատ ենք տուժել, ապա այժմ, երբ ունենք մեր անկախ պետականությունը, հայերիս ցրվածությունը կարող է օգտակար դեր ունենալ մեզ համար։ Հայտնի է ճապոնական հրաշքը, երբ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ճապոնացի բարձրագույն կրթություն ստացած երիտասարդներին ուղարկում էին արտասահմանյան զարգացած երկրներ՝ կրկնակի բարձրագույն կրթություն ստանալու, եւ այնտեղի գիտելիքները հայրենի երկրում ներդնելու նպատակով։ Հենց դա էլ ապահովեց Ճապոնիայի թռիչքային զարգացումը, որը բնութագրվեց որպես «ճապոնական հրաշք»։ Այժմ, մեր ճակատագրի բերումով, կանգնել ենք հայկական հրաշք գործելու շեմին։ Չէ՞ որ հայկական Սփյուռքը հատկապես լայն տարածում ունի կապիտալիստական զարգացած երկրներում։ Սփյուռքում գումարներ մուրալու փոխարեն՝ կարելի է ուղղորդել երիտասարդներին դեպի հայրենի երկիր՝ այստեղ բնակվելու, տուն ու տեղ դնելու, տնտեսությունը զարգացնելու նպատակով։ Մենք պիտի կարողանանք առավելագույնս օգտվել ստեղծված հնարավորություններից։ Մենք պիտի ստեղծենք մեր հայկական հրաշքը։ Նշեմ, որ մոտ 10 տարի առաջ ես իմ միջոցների հաշվին կազմակերպեցի «Պարմանի» համազգային ուսանողական բարեգործական հասարակական կազմակերպությունը։ Այդ տարիների ընթացքում շուրջ 40 մլն դրամով օգնեցինք պետական բուհերի վճարովի բաժիններում սովորող կարիքավոր ուսանողներին, բացի այդ, 4 անգամ հրավիրվել են համազգային ուսանողական վեհաժողովներ, որոնց մասնակցել է Սփյուռքի մոտ 200 ուսանող։ Ըստ էության, դա Սփյուռքի ուսանողների համար իրենց երկրում ձեռք բերած գիտելիքները հայրենիքում ներդնելու հնարավորություն է ստեղծում։ Այսինքն, դա ճապոնական հրաշքի յուրովի նմանակումն է Հայաստանում։ Ի դեպ՝ այդ վեհաժողովների արդյունքները տպագրվեցին առանձին գրքույկներով։ Ցանկացողները կարող են օգտվել մեր գրասենյակից։ Իսկ ինչպե՞ս եմ պատկերացնում Հայաստանը համայն հայության հայրենիք հռչակելը սահմանադրական փոփոխություններում։ Առաջարկում եմ՝ պառլամենտը կազմված լինի երկու պալատից՝ վերին եւ ստորին։ Վերին պալատում ընտրվում են հիմնականում Սփյուռքի եւ մասամբ՝ Հայաստանի բնակիչները։ Համամասնությունը կորոշվի առանձին քննարկմամբ։ Ընդ որում, վերին պալատում կքննարկվեն համահայկական, ստորին պալատում՝ Հայաստանին վերաբերող խնդիրները։ Բոլոր դեպքերում, ՀՀ օրենսդիր մարմնի կառուցվածքը, գործունեության դաշտը, պարամետրերը անհրաժեշտ կլինի որոշվել՝ ելնելով հայերիս տեղաբաշխման ներկա իրավիճակից եւ քաղաքական իրադրությունից։ Սրանք, անշուշտ, դժվար որոշվելիք հարցեր են, որոնք պահանջում են լայն եւ համակողմանի քննարկումներ։ Կարծում եմ, վերը թվարկված հարցերը պիտի ըստ ամենայնի քննարկվեն մասնագետներից կազմված հատուկ խմբում։ Քննակմանը պիտի հրավիրել նաեւ մեր գրագետ եւ լայնախոհ լրագրողներին, որոնց մեջ, ըստ էության, կան սուր մտքի եւ մայրենիին հրաշալի տիրապետողներ։ Անշուշտ, բարեփոխված սահմանադրական քննարկումները պիտի լուսաբանվեն մեր ընթացիկ մամուլում։ Այդ նշանակում է՝ առանց ուշացնելու պետք է սկսել քննարկումները։ ԳՐԻԳՈՐ ԱՎԱԳՅԱՆ «Պարմանի» համազգայինուսանողական բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս