Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԵՐՋՆԱԿԱՆ ԱԽՏՈՐՈՇՈՒՄ

Ապրիլ 26,2003 00:00

ՎԵՐՋՆԱԿԱՆ ԱԽՏՈՐՈՇՈՒՄ Վերջերս մի թեթեւ հայացք գցելով հեռուստաէկրանին ընթացող նախագահական ինագուրացիային, հիշեցի 1998-ի երդման արարողությունը: Ճիշտ է, այն ժամանակ էլի ոչ ոք առանձնապես ոգեւորված չէր, բայց արարողության մասնակիցների մեջ գոնե որակական տարբերություն կար: Այն ժամանակ ներկա էին առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Սպարապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ-ի ղեկավարներ Խոսրով Հարությունյանը, Ալբերտ Բազեյանը, Յուրի Բախշյանը, կաթողիկոս Գարեգին Ա-ն: Անցավ ընդամենը հինգ տարի: Հիմա՝ խնդրո առարկայի մասին: Երկիրը խորհրդարանական ընտրարշավի մեջ է: Ինչ խոսք, այս ընտրություններն իրենց հետեւանքներով տեսանելի ժամանակաշրջանում որոշիչ դեր կարող են խաղալ մեր երկրի եւ հասարակության զարգացման ուղու եւ Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքական օրակարգի ընտրության հարցերում: Մինչդեռ խնդիրը, կարծես թե, չափազանց պարզեցված է: Երկու ամիս առաջ կայացած նախագահական ընտրությունների հետեւանքով, որոնց մասնակցում էին երկրի գրեթե բոլոր քաղաքական ուժերը, մենք այսօր համարյա չենք տեսնի բեմում նոր դերակատարներին: Ընդհանուր առմամբ երկրի քաղաքական դաշտը պահպանել է նախորդ ժամանակաշրջանի իր դիմագծերը: Սցենարն էլ կարծես թե գրված է եւ իրականացվելու է: Իշխանամետ դաշտը ամեն ինչ կանի իր «հաղթանակը» ապահովելու համար, եւ դրանում նրան կօգնեն մեր «ամենակազմակերպված» պետական կառույցները՝ սկսած նախագահական աշխատակազմից, վերջացրած թաղային «հեղինակություններով»: Ըստ այդ սցենարի, ՀՀԿ-ն վերցնում է հարաբերական մեծամասնություն (արդեն հայտարարել են 60-70 տեղի մասին), ՀՅԴ-ն պետք է բավարարվի 10%-ով, «ՕԵԿ»-ը հատում է 7-8%-ի սահմանները: Ֆինանսական հոսքերի շնորհիվ կփորձեն հատել 5-6 տոկոսը ՀՌԱԿ-ը եւ ՀԺԱՄ-ը: Տեղերը բաշխվում են, հասկանալի է, ոչ թե կուսակցական գործիչների ցանկությունների համապատասխան: Նույնիսկ հանրության ուշադրությունը սեւեռվել է իշխանամետ դաշտում ուժեղ մրցակցության եւ առճակատումների վրա՝ «ինտրիգ» սարքելով ՀՅԴ-ՀՀԿ բախման շուրջ: Դա չէ էականը: Այլ այն, որ այս ընտրություններում էլ իրենց տեղերը երկրի քաղաքական վերնախավում կամրագրեն բոլոր այն պատահական մարդիկ, որոնք հայտնվեցին այստեղ 1995-ին կամ 1999-ին: Այսօր նրանց թիվը անհամեմատ աճել է: Խնդիրն այն է, որ ունենք մի քաղաքական «էլիտա», որտեղ յուրաքանչյուրը ամեն կերպ ջանում է ապացուցել, թե ինքն ամենամոտիկն է կանգնած գործող նախագահի եւ պաշտպանության նախարարի մարմիններին, որպեսզի կա՛մ էլի մի չորս տարի մնա խորհրդարանում եւ ապահովի իր «կռիշան», կա՛մ էլ հայտնվի այդ խորհրդարանում եւ նույնպես ապահովի իր «կռիշաները»: Չեմ կարծում նաեւ, որ «ընդդիմություն» կոչվող կոնգլոմերատը կկարողանա առաջ քաշել նոր լիդերներին կամ գոնե մեկին, որը կառաջարկի մեզ՝ քաղաքացիներիս, ռազմավարություն, երկրի զարգացման հստակ ուղի, հաշվարկված ռեսուրսներով, որը Հայաստանը կտանի դեպի նոր աշխարհակարգ եւ հասկանալի կլինի այդ աշխարհակարգի վաշինթտոնյան, լոնդոնյան, փարիզյան, բեռլինյան ճարտարապետներին: Այսօր դրան շատ բան է խանգարում: Սրանով պարզ է դառնում, որ գալիք ընտրությունները դժվար թե հետաքրքիր լինեն: Հաշվի առնելով, որ, ըստ հարցումների, ընտրողների մոտ 45%-ը կա՛մ չի կողմնորոշվել, թե որ կուսակցության օգտին է տալու իր ձայնը, կա՛մ էլ քվեարկելու է բոլորի դեմ եւ չի գնալու ընտրությունների, ապա պատկերը իրոք տխուր է: Մեր երկրի ճակատագիրը նորից հայտնվում է (թող նրանք ինձ ներեն, ես չեմ որակում նրանց որպես անհատականություններ, այլ որպես քաղաքական եւ պետական գործիչներ) «գորշ», «պատահական» մարդկանց ձեռքում: Մինչդեռ նրանք բոլորը պետք է դուրս բերվեն այս դաշտից, որովհետեւ խանգարում են երկրի զարգացմանը: Վստահելիորեն կարելի է պնդել, որ մարդիկ, որոնք վերջին հինգ-չորս տարվա ընթացքում իշխանություն ունեին եւ ոչինչ այս երկրի եւ նրա քաղաքացիների համար չեն արել, դեռ ավելին, ամեն կերպ փորձում են մեզ թույլ չտալ նորմալ ապրել, քանի որ իրենք են ուզում միայն «լավ ապրել», չեն անելու ոչ մի բան նաեւ գալիք չորս-հինգ տարվա մեջ: Վերոնշյալ անտարբերությունը հասարակության զգալի մասի մեջ տիրում է նրանից, որ թե՛ անցած նախագահական, թե՛ գալիք խորհրդարանական ընտրություններում չկան այն քաղաքագետները, որոնք իսկապես այլընտրանք կներկայացնեն ներկայիս իշխանությանը, որոնք պատրաստ կլինեն հանուն երկրի զարգացման ուղու վերաբերյալ իրենց պատկերացմանը՝ ելնել հոսանքի դեմ եւ կանգնեցնել իրերի այսօրվա, որեւէ լավ բան չխոստացող ընթացքը: Չեն տեսնում այդ այլընտրանքին, այդ պատճառով էլ անտարբեր են ներկայիս գործընթացների նկատմամբ, այդ պատճառով էլ չեն ցանկանում գնալ ընտրությունների: Անգամ այն մարդկանցից շատերին, որոնք քվեարկել են գործող նախագահի օգտին, բացարձակապես դուր չի գալիս այն ամենը, ինչը կատարվում է մեր երկրում: Պարզապես նրանք, իրենց կարծիքով, ընտրեցին «չարյաց փոքրագույնը»: Նմանապես շատերը, ովքեր քվեարկել էին Ս.Դեմիրճյանի օգտին, քվեարկել էին անճարությունից, չտեսնելով իրենց քվեարկած թեկնածուի մեջ հանրապետության նախագահ, բայց նրանց բոլորին այնտեղ էին հասցրել, որ ուրիշ ելք չէր մնում: Էլի ընտրում էին «չարյաց փոքրագույնը»: Սակայն երկու չարյաց (մեր դեպքում «չարերը» կարծես թե ինն էին) մեջ ընտրություն անելիս, բարուն չես գալիս: Եվ խորհրդարանական ընտրություններն էլ խոստանում են նման մի «ընտրություն» դառնալ: Մյուս կողմից, օբյեկտիվ գործընթացները վկայում են, որ սա «վերջի սկիզբն» է: Թերեւս կան «հոռետեսական» կարծիքներ, որ այլեւս ունենք այն, ինչ ունենք, եւ դա մենք «դատապարտված» ենք ունենալու եւս մի հինգ կամ 30-50 տարի: Բայց կյանքն ու պատմությունը երբեք էլ «հոռետեսական» եւ «լավատեսական» սցենարների ենթակա չեն: Պարզապես պետք է զբաղվենք երկրի «բուժմամբ»: Ազգային օրգանիզմը հիվանդ է վաղուց, վերջին տարիներին էլ բազում անգամ տրվել են նրա ախտորոշումները: Այսօրվանից ժամանակն է անցնել թերապիայի, եթե պետք է՝ անգամ վիրահատության: Այդ բուժման գինը մեզ չի հետաքրքրում: Պետք է այն վճարենք, որպեսզի հետո ոչ մեկից եւ ոչնչից չբողոքենք: Օրգանիզմը դեռ ունի դիմադրության ռեսուրս եւ մենք էլ ժամանակ դեռ ունենք, թեեւ շատ քիչ: Քանի՝ մարդ է մնացել մեզ նման մտածող եւ մեզ պաշտպանող: ՍՈՒՐԵՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական միության քաղաքական խորհրդի անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել