Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱԴՐԵՐՆ ԵՆ ՈՐՈՇՈՒՄ ԱՄԵՆ ԻՆՉ

Ապրիլ 26,2003 00:00

ԿԱԴՐԵՐՆ ԵՆ ՈՐՈՇՈՒՄ ԱՄԵՆ ԻՆՉ Ու նաեւ կործանում երկիրը Դե եթե նախագահին ենք «գցում»8230 Նախագահական ընտրությունների առաջին փուլից հետո Ռոբերտ Քոչարյանի մերձավորներից մեկը, «անանուն» մնալով, լրագրողի մոտ տրտնջացել էր, թե նախընտական իրենց շտաբների մեծ մասը չի կատարել իր գործառույթները, քարոզչության եւ ընտրողների «ուղղորդման» համար հատկացված միջոցները գլխավորապես յուրացվել են ու քարոզչական բացը լրացնելու միտումով տեղերում դիմել են լցոնման մեխանիզմին: Հարցի իրավական կողմը թողնելով համապատասխան մասնագետներին՝ դառնանք մարդկային մեր որակի խնդրին: Տեսեք ի՞նչ է ստացվում՝ նախագահը հայտարարում է բացեիբաց, թե ընտրություններն իր համար ճակատագրական են, խնդրի լուծման համար հայթայթում է անհրաժեշտ գումարը, իր իսկ ճակատագրով մտահոգված՝ իրականացնում ամենօրյա հսկողություն, բայցեւայնպես թիմի եւ իշխանական համակարգի մի հատվածը հաջողեցնում է, գլխավոր նպատակը մի կողմ թողած, մանր ու միջին ժուլիկություններ անել: Դե հիմա պատկերացրեք, թե որքա՜ն է մեր իշխանական համակարգի ժուլիկության աստիճանը այնպիսի դեպքերում, երբ նախագահը, զբաղվածության պատճառով, անկարող է ամենօրյա անձնական հսկողություն իրականացնել այս կամ այն վարկի օգտագործման գործընթացի վրա:8230 Օպերկոտ Երբ Ռոբերտ Քոչարյանը նոր էր ստանձնել վարչապետի պաշտոնը, տարածվեց հետեւյալ լուրը. նա կարգադրում է ստուգել խոշոր վարկերից մեկի օգտագործման արդյունավետությունը, եւ երբ շատ չանցած զեկուցում են, որ վարկը գրեթե ամբողջությամբ յուրացվել է ու այդ գործով «անցնում» է 25000 մարդ, նա մոլորվում է՝ չիմանալով ինչպես վարվել: Չեմ կարող հաստատել այս լուրի իսկության աստիճանը, բայց անմիջական ականատեսն եմ եղել այն իրողության, որ երբ 9-10 տարի առաջ իշխող կուսակցությունը, գաղափարական ազնիվ մղումներից դրդված, փորձեց կադրային փոփոխություններ կատարել մաքսային ծառայությունում եւ պաշտոնի նշանակեց ընտրված, գաղափարապես վստահելի համարվող տղաների, ապա նորանշանակ քառասուն պաշտոնյայից երեսունութը դարձավ կաշառակեր: Ինչպե՞ս կերանք Առաջին հանրապետությունը Պետական պաշտոնյաների նման գործելաոճը ո՛չ հհշածին է, ինչպես թյուրիմացաբար կարծում էր հին ընդդիմությունը, ո՛չ էլ Ռոբերտ Քոչարյանն է Ղարաբաղից իր հետ բերել, ինչպես թյուրիմացաբար կարծում է նոր ընդդիմությունը. այն ազգային ավանդույթ է՝ ամրագրված Առաջին հանրապետության օրերին: «Օր օրի աճող հանցավորությունն ընդունում է վիթխարի չափեր եւ վերաճելով՝ ստանում է հրեշավոր բնույթ: Երկրում ավերածությունները մեծացնում են հանցավորությունը, իսկ հանցավորությունը մեծացնում է ավերածությունը: Այս երկու երեւույթները, մեկը մյուսին նպաստելով, մեր կյանքը դարձնում են անտանելի»,- ժամանակին արձանագրել է Երեւանի օկրուգային դատախազը: «Իշխանությունները չեն պաշտպանում աշխատավոր գյուղացիության շահերը: Նրանք հովանավորում են թալանչիներին: Եվ սպանվելու սարսափը մարդկանց ստիպում է լռել: … Չափազանց սառնորեն դիտելով իրերի վիճակին, մենք պետք է ընդունենք, որ դրությունը բացարձակ ծանր է»,- սա արդեն Քարվանսարա գավառի մասին է: «Պետք է անմիջապես հեռացնել Նոր Բայազետի ողջ վարչակազմին, որի համատարած հանցավորությունը երեւում է Արտակարգ հանձնաժողովի կողմից կատարված քննությունից»,- ներքին գործերի նախարարին գրել է զինվորական նախարարը: Դատաստանական պալատի դատախազն արձանագրել է. «Ծանր փորձությունների պահին, երբ Հայրենիքը իրեն փրկելու համար պահանջում է բոլոր ստեղծագործ ուժերի լարում…, որոշ չարամիտ պաշտոնական անձինք սկսել են թույլ տալ հանցավոր անփութություն ու իշխանազանցություն եւ ճակատագրի կողմից նվիրված ազատությունը ու ժողովրդի կողմից ցուցաբերած վստահությունը դարձրել են իրենց անձնական բարեկեցության բավարարման աղբյուր եւ իրենց պաշտոնեական դիրքը օգտագործում են իրենց ստոր շահադիտական ու հակապետական նպատակներին հասնելու համար»: Սա իրավիճակի համառոտ բնութագրումն էր սոսկ: Տեռո՞ր Ինչպե՞ս վարվել, ի՞նչ մեթոդներով երկրում հաստատել օրենքի իշխանություն. այս հարցերը հուզում էին նաեւ այն ժամանակվա մտածողներին, ու եթե հիմա փրկության ծրագրեր են գրում՝ մեկ-երկու անձի վարքով պայմանավորելով իրավիճակի բարդությունը, ապա մեր նախնիները մեզանից դիտունակ էին եւ, ինչպես Կարսի նահանգապետն էր նկատել, «պետական հայացք, պետական աշխարհայեցողություն մենք չունենք»: Առաջին հանրապետության ղեկավարները նախ փորձ արեցին բացը լրացնել խոսքի ուժի միջոցով, եւ Նախարարների խորհրդի նախագահ Ալ. Խատիսյանն իր կողմից իջեցված Շրջաբերականում ընդգծեց. «Նորակազմ պետության մեջ անշուշտ պետական ծառայողների ապարատը առաջին ամիսներում չի կարող լինել միանգամայն գոհացուցիչ, եւ կարգադրությունները կատարելու տեխնիկան նույնպես չի կարող չկաղալ: Սակայն Հայաստանի պետության համար այդ շրջանն արդեն անցել է: Այժմ կառավարությունն ու ազգաբնակչությունը իրավունք ունեն պահանջելու իրենց բոլոր ծառայողներից գիտակից եւ գաղափարական վերաբերմունք դեպի իրենց ծառայությունը, տնտեսումն պետական միջոցների ու նյութերի, ամեն մեկի մեջ տեսնելու ձեռներեցություն, միաբանություն, կորպորատիվ պատվի զգացում եւ գիտակցություն, որ մեր օրերում ամեն մի ծառայող լուծում է մեծ պատմական խնդրի մասը»: Սակայն պետական ծառայողների ապարատն այդպես էլ չգիտակցեց, որ լուծում է մեծ պատմական խնդրի մի մասը: Շրջաբերականներն այլեւս անուժ էին, եւ կողոպուտն ու ավազակությունները գավառներում շարունակում էին կրել «համաճարակային բնույթ»: Նպատակ ունենալով արմատախիլ անել աճող հանցավորությունն ու անարխիան՝ բարձրագույն իշխանությունը գնաց արմատական քայլերի. Երեւանում, Դիլիջանում եւ Էջմիածնում ստեղծվեցին Հեղափոխական տրիբունալներ: Դատավճիռները վերջնական էին եւ չէին թույլատրվում ոչ վճռափոխություն, ոչ բեկանում: Սակայն ճշմարիտ գաղափար ունենալը դեռ բավարար չէր, ու, ինչպես եւ սպասելի էր, կյանքն արագ արձանագրեց, որ իշխանության միջին եւ ներքին օղակները, միջոցառումների անմիջական կատարողներն իրենք եւս չունեին «պետական հայացք, պետական աշխարհայեցողություն». արդարադատության նախարար Ս. Հարությունյանի հավաստմամբ, հեղափոխական տրիբունալները «ոչ միայն չկարողացան արմատախիլ անել հանցավորությունն ու անարխիան, այլեւ իրենք՝ անարդար ու բացահայտ կանխակալ դատավճիռներով, վերջնականորեն իրենց վարկաբեկեցին եւ անմտածված որոշումներով ապաբարոյականացրին ազգաբնակչությանը»: «Այն կաշառքները, սոսկալի ծեծն ու ճնշումը, մարդկանց վախեցնելը երբեք չենք մոռանա մենք, մենք այս դրությանը չենք եղած, այսքան կաշառք չենք տված»,- Ալեքսանդրապոլի հասարակության ներկայացուցիչներն իրենց բողոքում այսպես էին բնութագրում դաշնակցական պատժիչ ջոկատի անօրինականությունները: Հեղափոխական տրիբունալները խայտառակվելով՝ վերացվեցին: Բայց չվերացավ խնդիրը: Շատ չանցած՝ քրեական հետապնդումներ սկսվեցին ՆԳՆ, պարենի, ֆինանսների, ժողովրդական կրթության, արդարադատության եւ այլ նախարարություններում ու գերատեսչություններում աշխատող տասնյակ պաշտոնատար անձանց նկատմամբ: Կալանավորվեցին խորհրդարանի մեկ անդամ եւ խորհրդարանի գրասենյակի պետը: Քրեական գործեր հարուցվեցին մի շարք գավառային կոմիսարների ու միլիցիայի պետերի նկատմամբ: Կատարված հանցագործությունների շարքում կային կողոպուտ, բռնաբարություն՝ պղծումի ուղեկցմամբ, ծեծ եւ խոշտանգում, ապօրինի բռնագրավում: Արվածը, սակայն, բավարար չէր պաշտոնյաների ապօրինությունների հեղեղը զսպելու համար, եւ ՆԳ նախարարը 1920 թվականի մայիսին հրապարակեց հրաման, ուր մասնավորապես ասվում էր. «Հայտարարում եմ ի գիտություն Ներքին գործերի վարչության բոլոր օրգանների պաշտոնյաների՝ 1. Այն պաշտոնյան, որ կմերկացվի զեղծում կատարելիս, կաշառք վերցնելու, խուզարկության ժամանակ իրեր սեփականացնելու, քաղաքացիների վրա բռնություն դնելու եւ շանտաժի մեջ՝ առ ուշը 48 ժամվա մեջ, բանտարկությունից մինչեւ մահվան պատիժ /ընդգծումը՝ Ա.Պ./ կստանա, համաձայն Արտակարգ Դատարանի համար սահմանված օրենքների»: ՆԳ նախարարի հետ համամիտ էր նաեւ արդարադատության նախարարը. «Պաշտոնատարների գործած հանցանքները սպառնում են ստանալ համաճարակի բնավորություն: Նախարարությունը անհրաժեշտ է գտնում կռվել ահավոր այդ չարիքի դեմ արմատական ու արտակարգ միջոցներով: Այդ միջոցներից մեկը Նախարարությունը համարում է հանցավոր պաշտոնյաների կրելիք պատիժների խստացումը եւ մահվան պատժի ժամանակավոր կիրառումը՝ մասնավորապես»: Եվ 1920 թ. հոկտեմբերին կառավարությունը գնաց պաշտոնեական հանցագործությունների դեմ պայքարի էլ ավելի ուժեղացման, ընդունելով համապատասխան օրենք: Սակայն անհրաժեշտ որակի կադրերի չգոյության պատճառով ամենը մնաց թղթի վրա. 1920 թ. դեկտեմբերի 2-ին Երեւանի Օկրուգային դատարանի նախագահը դժգոհել էր արդարադատության նախարարին, որ քննչական տեղամասերում կուտակվել են «մեծ քանակությամբ գործեր, գլխավորապես այնպիսիները, որոնք ունեն պետական նշանակություն եւ առաջացնում են հասարակական ուշադրությունը: Այսպես, համարյա բոլոր պաշտոնեական եւ այսպես կոչված «լիազորական գործերը» մնացել են առանց շարժի, իսկ մեղավորները՝ ազատության մեջ: Ուշադրություն դարձրեք՝ 1920 թվականի դեկտեմբերի 2-ին՝ Առաջին հանրապետության վերջին օրը: «Ձեզ տանջող ցավը…» Առաջին հանրապետության ստեղծմանը նախորդել էր ազգային իդեալների համար գաղափարական եւ քաղաքական պայքարի 70-80 տարի տեւած շրջան, ինչի արդյունքում էլ երկրի բարձրագույն ղեկավարությունը զգալիորեն գաղափարականացված էր: Այս հանգամանքով է բացատրվում հանցավորության դեմ պայքարի նրանց վճռականությունը: Երրորդ հանրապետությանը, ցավոք, տեւա կան նման փուլ չէր հաջորդել: Բացի այդ, Երրորդ հանրապետության ժամանակ բաժանելու բան անհամեմատ շատ կար /եւ կա/ ու ամեհի է գայթակղությունը: Ասվածին եթե գումարենք նաեւ այն, որ խորհրդային փուլի վերջին տասնամյակներում տեղի էր ունեցել հասարակության էական այլասերում, ապա ներկայիս վիճակը կդառնա հեշտ հաշվարկելի: Կռիվ-կռիվ Վերոգրյալից բխում է, որ ներքին քաոսը մեզանում հիմա ավելի խճճուն է, քան Առաջին հանրապետության օրերին: Այսինքն՝ անգամ արմատական քայլերի պատրաստ, գաղափարականացված բարձրագույն ղեկավարության առկայությունը բավարար չէ հասարակական արատներից ազատվելու համար, քանզի չկա ոչ մի երաշխիք, որ մարդու մե՛ր տեսակով համալրված /համալրվելիք/ իշխանական համակարգը նաեւ այդ դեպքում չի տապալի ձգտում եւ գաղափար: Ուրեմն արտառոցից էլ արտառոց մի ելք է հարկավոր գտնել: Եվ այս բարդ պրոբլեմի շուրջ խորհելու փոխարեն մենք հարվարդներում հավանության արժանացած եւ միայն հարվարդներում կիրառելի փրկության ծրագրեր ենք փողփողեցնում ու, որպես երեխա, քանի~ տարի կռիվ-կռիվ խաղում, որ կոչվում է նախագահական ընտրություններ8230 Ումո՞վ Ընդդիմության ամենանախընտրական հանրահավաքի ժամանակ հարցրի Ստեփան Դեմիրճյանի շտաբի ակտիվիստներից մեկին. «Հայտարարում եք, թե ստեղծելու եք հասարակական արատներից զերծ պետություն: Եթե այս հանրահավաքին մասնակից 30 /40, 508230 / հազար ձեր աջակիցներից մտովի հեռացնենք բոլոր նրանց, ովքեր ժամանակին կաշառք են վերցրել, մանր ու մեծ սրիկայություն արել, ստորացել կամ ստորացրել, խաբել, պաշտոնեական դիրք չարաշահել, ապա ներկաների քանի՞ տոկոսը կմնա Հանրապետության հրապարակում»: «Հինգ տոկոսը»,- եղավ պատասխանը: «Այդ դեպքում այս բազմության միջոցով ինչպե՞ս եք կառուցելու ձեր խոստացած երկիրը»՝ հարցիս զրուցակիցս պատասխան չգտավ: Եթե կարողանայի նույն պահին հայտնվել Մատենադարանի դիմաց հանրահավաքի ելած Ռոբերտ Քոչարյանի մերձավորների մոտ, ապա միեւնույն հարցիս անկեղծ պատասխանը հաստատ չէր հասնի հինգ տոկոսի սահմանագծին: ԱՐԾՐՈՒՆ ՊԵՊԱՆՅԱՆ Հ.Գ. Հետաքրքիր է՝ ոչ ոք չուզեց ուշադրություն դարձնել, թե ի՞նչ նկատի ուներ Ռոբերտ Քոչարյանը՝ ընտրարշավի օրերին ասելով. «Եթե նախագահի թեկնածուները իմանային, թե որքա՞ն դժվար գործ է Հայաստանի նախագահ լինելը, ապա կհանեին իրենց թեկնածությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930