Լրահոս
Օրվա լրահոսը

Օրենքի առաջ բոլո՞րն են հավասար

Ապրիլ 26,2003 00:00

Օրենքի առաջ բոլո՞րն են հավասար ՀՀ կառավարության 2002թ. դեկտեմբերի 5-ի թիվ 2047 որոշման համաձայն, ՀՀ հանրակրթական համակարգի ռացիոնալացման Գործընթացի վերջնաժամկետը 2003թ. սեպտեմբերն է։ Հիշեցնենք, որ ռացիոնալացման փորձնական փուլը սկսվել է դեռեւս 1999թ. սեպտեմբերից։ Նախափորձերը կիրառվել են Էրեբունի, ապա Կենտրոն, 2003-ին՝ Արաբկիր, Մալաթիա-Սեբաստիա համայնքներում, իսկ մինչեւ 2003- 04 ուստարվա սկիզբը պետք է ներառված լինեն հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցները։ Ըստ քաղաքապետարանի կրթության վարչության ֆինանսական բաժնի պետ Լեյլա Խաչատրյանի, եթե մայրաքաղաքի դպրոցները նախատեսված են 197000 աշակերտի համար, աշակերտների իրական թիվը կազմում է ընդամենը 137000։ Նույն պատկերն է հանրապետության մարզերում։ Օպտիմալացումն ուղղված է միայն ֆինանսական միջոցների կրճատմանը, քանի որ սոցիալական վճարները բերում են գերածախսերի, իսկ 2003թ. բյուջեով պլանավորված 32,3%-ի փոխարեն այն կազմում է 45,5%։ «Պարտադիր սոցիալական ապահովագրական վճարների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն, մեկ դրույքաչափով աշխատողի համար (մինչեւ 20000 դրամ) գործատուն կատարում է 5000 դրամի չափով սոցիալական վճարում։ Իսկ ոչ լրիվ դրույքաչափ զբաղեցնող վարձու աշխատողի համար սոցիալական վճարումները կատարվում էին ոչ լրիվ դրույքաչափին համապատասխան։ Սակայն 2003թ. հունվարի 1-ից օրենքով սահմանված կարգը փոփոխվել է։ Այժմ, անկախ այն հանգամանքից, թե հանրակրթական դպրոցում աշխատողը աշխատում է լրիվ, թե ոչ լրիվ դրույքաչափով, սոցիալական վճարումը կատարվում է լրիվ դրույքին համապատասխան։ Նախորդ տարի պետությունը մեկ աշակերտի համար ծախսում էր մոտավորապես 24000 դրամ, իսկ 2003թ. հունվարի 1-ից (կապված ուսուցիչների աշխատավարձի 20%-ի ավելացման հետ) պետության ծախսը կազմում է մոտ 26000 դրամ։ Եվ քանի որ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունում խիստ մտահոգված են սոցիալական ապահովագրության վճարների գերածախսերով եւ պետբյուջեի ֆինանսական միջոցների խնայողությամբ, հետեւաբար նրանք եւս կողմնակից են համակարգի ռացիոնալացմանը։ Համակարգի ռացիոնալացման մեխանիզմը առաջին հերթին կբերի կադրերի կրճատման։ Դրանից հատկապես կտուժեն կենսաթոշակառու մանկավարժները։ Համապատասխան մարմինների կարծիքով, մանկավարժները ոչ մի առավելություն չունեն մյուսների նկատմամբ. բոլորն էլ հավասար են օրենքի առջեւ։ Գուցե տվյալ դեպքում պետական այրերը, ֆինանսական առումով, իրավացի լինեն իրենց որոշումների մեջ։ Բայց այստեղ էլ անտեսվում է կարեւոր մի հանգամանք, որ «հին», իրենց գործի մեջ արհեստավարժ մանկավարժները դպրոցի հիմնասյունն են, իսկ առանց նրանց, հաստատ կարող ենք պնդել, որ համակարգի որակական ցուցանիշները իջնելու են։ ԱՐՓԻՆԵ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել