ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ. ԲՈՂՈՔՆԵՐԸ ՄԵՐԺՎՈՒՄ ԵՆ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական եւ զինվորական պալատը երեկ նախատեսել էր լսել թվով 11 գործ, որից 5-ը՝ դատապարտյալների վճռաբեկ բողոքներ էին, 1-ը ամբաստանյալի, 1-ը տուժողի իրավահաջորդի, 2-ը՝ պաշտպան-փաստաբանի։ 1 վճռաբեկ բողոք էր ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից։ Հատկապես հետաքրքիր էին, բնականաբար, դատապարտյալների վճռաբեկ բողոքների քննությունները, որոնք ներկայացնում էին դատապարտյալների պաշտպանները։ Վճռաբեկ պալատը՝ Մհեր Խաչատրյան, Մարգո Սիմոնյան, Դավիթ Ավետիսյան, Զինավոր Ղուկասյան, Հովիկ Ղուկասյան, Սամվել Օհանյան կազմով լսեց 10 տարի ազատազրկման դատապարտված, Թուրքիայի օգտին լրտեսության մեջ մեղադրված, թուրքագետ, լրագրող Մուրադ Բոջոլյանի վճռաբեկ բողոքը։ Նրա պաշտպանը՝ փաստաբան Հովիկ Արսենյանը պահանջում էր կարճել քրեական գործը, դադարեցնել քրեական հետապնդումն իր պաշտպանյալի նկատմամբ։ «Հայրենիքի դավաճանություն արարք թույլ չի տվել Բոջոլյանը եւ նրա նկատմամբ օպերատիվ-հետաքննչական գործողություններ են սկսվել (գաղտնալսում) առանց քրգործ հարուցելու»։ Հակադրվելով այս փաստարկին՝ պալատի նախագահ Մհեր Խաչատրյանն ասաց. «Օպերատիվ հետախուզական աշխատանք է թույլատրվում քրգործ հարուցելուց առաջ»։ Հետեւեց դատավորի հետեւյալ հարցը. «Թուրքական կողմին նյութեր տրամադրելը մեր անվտանգության հետ կապ ունի՞»։ Փաստաբանը հայտնեց, որ չի հիմնավորել, որ Բոջոլյանը տեղեկություններ է հաղորդել թուրքական հետախուզությանը։ Պալատի դատավորներին հետաքրքրում էր, թե ինչո՞ւ է նա նախաքննության ժամանակ տվել «ինքնազրպարտչական ցուցմունքներ»։ Ըստ Հ. Արսենյանի, Մ. Բոջոլյանը գնացել է այդ քայլին իր եւ կնոջ անվտանգությունից ելնելով։ «Իսկ ինչո՞ւ ընտրվեց անմեղ մարդը» հարցին պաշտպանն իր պատասխանն ուներ. «Նախընտրական շրջան էր, նա հանդիսացել էր Լեւոն Տեր-Պետրոսյանի թարգմանիչը։ Կարծում էին, թե նախկին նախագահն իր թեկնածությունը կդնի եւ վարկաբեկիչ ուղղվածությունը կար»։ Դատավորներն այնքան «խորացան», որ հետեւեց գործի հետ առնչություն չունեցող հարց. «Լեւոն Տեր-Պետրոսյանի վարչակազմից քանի՞սն են նստել»։ Հետեւեց պաշտպանի խոսքը. «Ինքը պարտավոր չէ իմանալ»։ Վճռաբեկ դատարանը Մ. Բոջոլյանի դատավճիռը թողեց անփոփոխ։ «Առավոտն» անդրադարձել է կրկնակի վարչական կալանք ստացած (5+15 օր) Էդիկ Սիմոնյանի գործին։ Հանրահավաքից հետո մարդուն ազատազրկել են, դրանով իսկ խախտելով Եվրոպական կոնվենցիայի 5, 7, 6, 10, 11 հոդվածները։ Է. Սիմոնյանի ներկայացուցիչը՝ Արմեն Մկրտչյանը, դատարանին դիմելով ասաց, որ ինքը վաղօրոք գիտեր, որ մերժվելու է այս գործը նույնպես (իր դառը փորձից ելնելով), ինչին հետեւեց դատավորներից մեկի ռեպլիկը. «Նոստրադամուսի հետ կապվա՞ծ եք»։ Պալատը բողոքը թողեց առանց քննության։ Անփոփոխ թողնվեց նաեւ Սարի թաղի Վրեժի՝ Վրեժ Ղազարյանի վճռաբեկ բողոքը։ 2 տարի 6 ամիս ազատազրկման է դատապարտվել 1-ին ատյանի դատարանով, 2 տարի՝ վերաքննիչով։ Մեղադրվել է ինքնաշեն որսորդական հրացան եւ «Մաուզեր» պահելու մեջ (առանց թույլտվության)։ Ըստ պաշտպան Վ. Հախվերդյանի, որսորդական հրացանը պատկանել է Ղազարյանի հանգուցյալ հորը եւ պահվել է մոր ննջասենյակում, իսկ մաուզերը՝ Դրաստամատ Կանայանինը, նվեր էր։ Ակնարկելով, թե Քրօրենսգրքում չկան բացառություններ նվերի կամ թալիսմանի համար, այս մի բողոքն էլ մերժվեց։ «Հիմա ի՞նչ անենք, մաուզերն էլ ձեռքներիցս գնա՜ց»,- տրտնջաց պաշտպանը։ Ի դեպ, ցանկացած բողոք ներկայացվում էր այսպես. «Ինչպես գիտեք, Եվրոպական կոնվենցիայով խախտվել են այս, այս, այս իրավունքները»։ Միջհարեւանական վեճի արդյունքում 2-րդ կարգի հաշմանդամ Սերյոժա Պետրոսյանը պատժի փորձաշրջանը չավարտած, նորից է դատապարտվել՝ մետաղի ձողով հարեւանին հարվածելու համար։ Ս. Պետրոսյանի պաշտպան Մարուսյա Չիլինգարյանը (ՀՓՄ անդամ) հայտնեց, որ վեճում առկա է «հոգեկան հուզում» եւ իր պաշտպանյալն էլ գործել է ինքնապաշտպանության սահմաններում։ Ինքնապաշտպանական բնազդն էլ ստիպեց, որ Ս. Պետրոսյանը պալատում «բացվի»։ «Դարձրել են ինձ խուլիգան։ Եթե խուլիգան չեմ, ո՞նց կդարձնեն» եւ փորձեց ներկայացնել միջհարեւանական կռիվը: Երբ նախագահողը ցանկացավ նորից «գործատեղ» վերադարձնել Ս. Պետրոսյանին, ասելով, թե «դու նույն ջրում լողացել ես», հետեւեց պատասխանը. «Ո՞ւր են իմ կարմիր թղթերը։ Չեմ լողացել, ուզում են լողացնել»։ Այս մի դատապարտվածի բողոքն էլ մերժվեց։ Եվ «արդարություն չկա» բղավելով հեռացավ։ Եվրոպական կոնվենցիան էլ հեռացավ փաստաբանի թղթերի հետ։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ