Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԴԵՆ ԿԱՏԱՐՎԱԾ Է

Ապրիլ 26,2003 00:00

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԴԵՆ ԿԱՏԱՐՎԱԾ Է «Հայկական ավիաուղիների» փակման գործարքի վերաբերյալ մեր նախորդ հրապարակումից մինչ օրս չի գտնվել որեւէ իրավասու անձ, որը կհամաձայներ առաջ քաշված հարցերի շուրջ արտահայտել պաշտոնական տեսակետը։ Բայց գործարքը հասարակական հետաքրքրություն է ներկայացնում, ուստի, ոլորտից քաջատեղյակ եւ բարձրակարգ մասնագետի խնդրեցինք վերլուծել այն։ Մասնագետը, սակայն, չցանկացավ, որ իր անունը կամ ով լինելը նշենք։ Մեր մի շարք զրուցակիցներ, այդ թվում՝ ՀԱՈՒ-ից, միանշանակ կարծիք են հայտնում, որ ՀԱՈՒ-ն այլեւս փրկել հնարավոր չէր։ Պետք է մասնավորեցվեր, սնանկ հայտարարվեր կամ լուծարվեր։ Նույն կարծիքին է նաեւ վերոհիշյալ մասնագետը։ Սակայն հարց է ծագում, թե արդյոք լավագույն տարբերակո՞վ դա արվեց (ինչպես հայտնի է, ՀԱՈՒ-ն փակվում է, որը նույնն է, թե սնանկ է հայտարարվում)։ Ըստ պայմանագրի, ռուսաստանյան «Սիբիր ավիաուղիներ» ընկերությունը ներդրում է կատարում հայկական «Արմավիա» ընկերությունում, վերջինս կառավարությանը որոշակի գումար է վճարում, որի դիմաց ստանում է օդուղիների սպասարկման ՀԱՈՒ-ի լիցենզիաների ծանրակշիռ մասը։ Մեր մասնագետը լրացրեց. «Բացի կանխիկ գումարը, հետագա ներդրումները, «Արմավիան» պայմանագրով պարտավորվել է փոխադրումների համախառն ծավալի տարեկան առնվազն 8% աճ ապահովել (4.3 (j) կետ)»։ Թե մեր տեղեկություններով, թե վերլուծաբանների կարծիքով, «Արմավիային» ընտրելու հարցում քիչ դեր չի խաղացել նաեւ այն հանգամանքը, որ վերջինիս հետեւում կանգնած է իր հզորությամբ Ռուսաստանում երկրորդը համարվող «Սիբիր ավիաուղիները»։ Ավելի վաղ «Հայկական միջազգային ավիաուղիները» «Առավոտին» ասել էր, թե նույնպիսի գործընկեր ինքն էլ ուներ՝ Ռուսաստանում առաջինը համարվող «Աերոֆլոտը»։ Երբ վերոհիշյալ մասնագետի հորդորով խնդրեցինք համագործակցության մասին պայմանագրի պատճենը, պարզվեց, որ «Աերոֆլոտը» ՀՄԱ-ում ոչ թե բաժնեմաս ունի, այլ այս երկու ընկերությունների միջեւ համագործակցության մասին հուշագիր կա ստորագրված, որով «Աերոֆլոտը» պատրաստակամություն է հայտնում ՀՄԱ-ի հետ համագործակցելու հարցերը քննարկել։ Մասնագետները բացատրեցին, որ տեսականորեն եւ գործնականում չի բացառվում, որ նման հուշագիր ցանկացած ընկերություն կարող է կնքել ցանկացած աշխարհահռչակ եւ հեղինակավոր ֆիրմայի հետ։ Այնպես որ, կառավարության կողմնակալության վերաբերյալ մեր վերապահումը վերլուծաբանը հերքեց։ Սակայն քննարկենք «Սիբիրի» ֆինանսական վիճակը (որքանով որ այն հրապարակային է), ինչպես նաեւ դրա հնարավոր անդրադարձն այս գործարքի վրա։ Նշենք, որ «Սիբիրի» ֆինանսական վիճակը մեզ հետաքրքրում է այնքանով, որքանով այն առնչվում է Հայաստանի օդային ուղիների սպասարկումն ապահովելուն։ Պայմանագրով նախատեսվում է, որ «Արմավիան», որի բաժնետոմսերի 67%-ը «Սիբիրինն» է, ՀԱՈՒ-ի «փակման օրվա դրությամբ պետք է համապատասխանի ICAO-ի եւ Եվրամիության՝ Եվրոպայում թռիչքների անցկացումը կարգավորող պահանջներին», շահագործի արեւմտյան օդանավ, ավելի ուշ՝ JAR-145-ի, JAR-Ops1-ի պահանջներին։ Ըստ էության, սրանք աշխարհում առավելագույն նորմերն են, որ ընդհանրապես պահանջվում են ավիաընկերություններից։ Քննարկենք, թե արդյոք «Սիբիրն» ի վիճակի՞ է «Արմավիան» հասցնել այդ մակարդակի։ AVIA.RU ինտերնետային էջում տեղադրված է «Սիբիր» ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Տասունի հարցազրույցը, որում լրագրողի հարցին պատասխանելով, ասում է. «Դեռեւս առկա է ավիապարկը փոխելու խնդիրը։ Տեխնիկան սպառում է իր ռեսուրսները, իսկ նորերը չեն հայտնվում։ «Յակ-40» եւ «ԱՆ-24» ինքնաթիռներն առավելագույնը 3 տարուց կանհետանան ավիաշուկայից։ «ՏՈՒ-154Բ» մոդելը դուրս կգրվի արդեն 2 տարուց։ Որպես հիմնական ինքնաթիռ, առայժմ մնում է «ՏՈՒ-154Մ»-ն։ Բայց դրա վերանորոգման համար էլ են պահանջվում ֆինանսական միջոցներ, որոնք չկան։ Ինչ վերաբերում է նոր տեխնիկային, ապա դրա բաժինն առայժմ աննշան է»։ Ավելի ուշ Վլ. Տասունը դժգոհում է այն հանգամանքից, թե ՌԴ ավիացիոն շուկայում սուբյեկտները հավասար իրավունքներով չեն հանդես գալիս, որ «Աերոֆլոտին» արտոնություններ են տրված։ Չնայած տնօրենների խորհրդի նախագահը զուգահեռաբար խոսում է նաեւ ընկերության ձեռքբերումների, ավիափոխադրումների աճի մասին, այնուամենայնիվ, վերոնշյալը մտածելու տեղիք է տալիս, թե արդյոք «Արմավիան» կարո՞ղ է կատարել իր պարտավորությունները։ «Առավոտը» խնդրեց «Արմավիայի» ներկայացուցիչներին՝ մեկնաբանել Վլ. Տասունի տեղեկությունները, սակայն «Արմավիան» նպատակահարմար չգտավ անդրադառնալ «Սիբիրի» վիճակին: Մասնագետը, որի հետ զրուցել ենք, նկատեց, որ «Սիբիրի» առողջ լինելը, բարգավաճելը նպաստում է «Արմավիային», ըստ երեւույթին, «Սիբիրն», ինչպես եւ աշխարհի շատ այլ ավիաուղիներ, պրոբլեմներ ունի, որոնք փորձում է լուծել»։ Բայց ըստ մեր մասնագետի, այստեղ կարեւորը եւ մեզ համար երաշխիքն այն է, որ պարտավորությունների չկատարման պարագայում պայմանագրում նախատեսված են նաեւ պատժամիջոցներ եւ լիցենզիայի դադարեցման կարգ (պայմանագրի 8-րդ եւ 9-րդ կետեր)։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ Հ. Գ. «Առավոտը» ՀԱՈՒ -ի աշխատակիցների խնդրանքին ի պատասխան, պատրաստակամություն էր հայտնել արծարծել նաեւ նրանց գործազրկության հարցը, սակայն ավելի ուշ վերջիններս հրաժարվեցին իրենց խնդիրները հրապարակայնորեն քննարկելու մտադրությունից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել