Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՄԵՐ ԻՄԱՑԱԾ ԲԱՌԵՐԸ ՎԱՂՈՒՑ ԼՔՎԵԼ ԵՆ ԻՍԿԱԿԱՆ ԻՄԱՍՏՆԵՐԻՑ»

Ապրիլ 26,2003 00:00

«ՄԵՐ ԻՄԱՑԱԾ ԲԱՌԵՐԸ ՎԱՂՈՒՑ ԼՔՎԵԼ ԵՆ ԻՍԿԱԿԱՆ ԻՄԱՍՏՆԵՐԻՑ» «Գնալը կամ մնալը լուրջ խնդիր է։ Չես կարող ասել, ում գնալն է ճիշտ, ում մնալը՝ սխալ։ Մարդը իրականացվելու խնդիր ունի, բայց տեղ չկա։ Ծրագրավորող է, երաժիշտ է, մասնագետ է, հո բոմժ չի՞ դառնալու։ Գնում է։ Իմ պատկերացմամբ՝ տեղաշարժը միշտ լինելու է։ Բախտ որոնողները գնալու են, բախտ գտածները հետ են գալու։ Պետք չէ խուճապի մատնվել։ Ես փիլիսոփայորեն եմ մոտենում այս հարցին։ Կարեւորը՝ հերսոտած չգնան»,- երկրից գնացողների, այսօր խիստ ծեծվող թեմայի՝ արտագաղթի մասին ասում է շաբաթօրյա այս շարքի առաջին զրուցակիցս՝ Տիգրան Պասկեւիչյանը։ -Հասարակության մեջ գրողների դերը միշտ կարեւորվել է: Խորհրդային կարգերի փլուզումից հետո, կարծես, գրողը կտրվեց իրականությունից։ Խզումը հանգեցրեց նրան, որ գրողները կերպար, գրական հերոս ստեղծելու խնդիր ունեցան: Ինչո՞ւ այդպես եղավ: – Մենք ապրում ենք երկու դարաշրջանների սահմանագծին։ Հազարամյակների մասին չէ խոսքը։ 1987-ին սկսված գործընթացը, որն իրականում հեղափոխություն էր, բայց դժվար է վստահաբար հեղափոխություն անվանել, կարծես դեռ չի գտել իր հանգուցալուծումը, թեեւ վերադարձի տեղ ու հնարավորություն չկա։ Երկարատեւ ու դժվարին անցման ժամանակներ են. պետք է հասցնես մտածել քեզ հետ տանելիքի մասին ու պետք է կարողանաս տանել։ Գրականությունը հանգիստ է սիրում, տասը-տասնհինգ տարում կերպարներ փնտրելը, կարծում եմ, բավական շուտ է։ Իրականությունն այնքան հարափոփոխ է, որ դեպքը հազիվ լրագրողներն են ամրագրում։ Իրականությունն աղճատված է, եւ այդ իրականության հերոսն արժեքներ չունեցող, արժեք չգիտակցող մոլորված մարդն է, որին գրականություն բերելը մեղք կհամարվի։ Մի խնդիր էլ կա։ Մենք մշակութային համեստ պաշարով փոքրաթիվ ժողովուրդ ենք, մեր մշակույթը շուկա չունի ու մեծ-մեծ բաներ ստեղծել չենք կարող։ Բացի այդ, պիտի դեռ կողմնորոշվենք՝ ռու՞ս ենք, թե՞ ամերիկացի, եվրոպացի՞ ենք, թե՞ ասիացի, ունե՞նք սեփական արժեքային համակարգ, թե՞ կրողն ենք ինչ-որ անհասկանալի մենթալիտետի։ Ասենք, ես ինձ եվրոպացի համարեմ, բայց համապատասխան կերպար ստեղծել չեմ կարողանա, որովհետեւ չգիտեմ ժամանակի հերոսը վերելակն արտաքնոց դարձնո՞ղն է, տասը հոգու համար նախատեսված միկրոավտոբուսի քսանհինգերորդ ուղեւո՞րն է, գերժամանակակից BMW-ի տե՞րն է, որն ինտելեկտով զիջում է իր իսկ մեքենային, պրեզիդենտ կամ պատգամավոր դառնալու աներկմիտ ինքնավստահություն ունեցո՞ղն է, թե՞ ՆՓԱԿ-ի կամ bnagir.am-ի ջահելությունը։ – Շատերն ասում են, վերադառնանք արմատներին։ Կարծում ես դա՞ է փրկությունը։ – Ես կասեի, վերադարձ պատրանքներին։ Որտե՞ղ են այդ արմատները։ Ի՞նչ զորություն ունեն, որ վեր կենանք ու գնանք նրանց մոտ։ Թումանյանը մեզ համար գրեց «Անխելք մարդը» հեքիաթը, որ հիմա վերադառնանք արմատների՞ն։ Այս վերադարձի մասին հաճախ խոսում են մարդիկ, որ ոչ հայերեն գիտեն կարգին, ոչ էլ կապ ունեն արմատական դավանանքի հետ։ Այդ արմատները մեր լեզվի վրա են ու Երեւանից ընդամենը 20 կիլոմետր հեռու։ Վերադարձ ասողները ձգտում են լեգալացնել անցյալի մասին հորինված սուտը։ Անկեղծ ասած, ինձ համար անցյալը նույնքան անորոշ է, որքան ապագան, բայց համեմատության մեջ ապագան առավել քան որոշակի է։ Վերադարձ ասողները մեզ ուզում են տանել մեր առասպելական հոր մոտ, որովհետեւ իրենք պատրաստ չեն եւ չեն կարող հայրություն անել այսօր։ – Այսինքն նորից պատրանքների ու տեսիլքների մասին է խոսքդ։ Հակառակ կողմից գանք։ Գրականության, արվեստի մեջ կերպարների բացակայությունը բերում է հասարակության մեջ ռեալ հերոսների, կերպարների բացակայության: – Հա, պատրանքների ու տեսիլքների մասին է խոսքս։ Մարդը, լինի գրականության մեջ, թե իրականության, պետք է տեսիլք ունենա, եթե չունեցավ, երկուսն էլ կաղավաղվեն։ Մարդու ազատությունը պետք է լինի ինքնագիտակցված, ոչ թե Եվրախորհրդից պարտադրված։ Պատկերացնում ես, օրինակ, մի գործի հերոս, որ Եվրախորհրդից ազատություն է ստացել եւ օրնիբուն մտածում է՝ արվամո՞լ դառնա, թե՞ աղանդավոր։ Ազատությունն ինքնագիտակցող մարդը չկա։ Դեռ վախն ու վիրավորանքը պետք է հաղթահարվեն։ Ու պետք է հաղթահարվեն ոչ թե դիրքերի փոփոխությամբ, այլ ներումով ու ինքնամաքրմամբ։ – Շատ բառեր, բառիմաստներ, ամբողջ լեզվամտածողությունն այսօր այնքան են աղավաղվել, որ մի բառ ասելիս` չգիտես ինչպես կընկալվի եւ ստիպված շեշտում ես, որ նկատի ունես բառի բառարանային, բուն իմաստը: Ու երեւի ամենից շատ չարաշահվել է «ազգային» բառը։ – Իսկապես չարաշահվել է ու չարաշահվում է։ Ասում են` «ազգային դիմագիծ»: Արի, մտածենք` ո՞րն է մեր ազգային դիմագիծը. դու գիտե՞ս, ես չգիտեմ: Գիտեմ միայն, որ ազգային լինելու երեք բաղադրիչ կա՝ մեր լեզուն, մեր հավատը եւ մեր իրական Հայրենիքը։ Կամ ասում են` «հայ կնոջ կերպար»: Ինչո՞վ է տարբերվում հայ կինը ռուս, անգլիացի կամ չինացի կնոջից, ես չգիտեմ: Պարզ բան է, որ հայերի մեջ կան եւ պարկեշտ, առաքինի, կրոնասեր վարքի տեր կանայք, եւ պոռնիկներ ու մարմնավաճառներ։ Կամ ասում են` «հայ ընտանիք»: Ինքս ապրել-մեծացել եմ ավանդապահ ընտանիքում: Ավանդապահ ընտանիքը եւ լավ կողմեր ուներ, եւ անհեթեթ։ Վերցնենք լավն ու փորձենք կրկնել այսօր։ Չի ստացվի, անհնար է կրկնել։ Այսօրվա կյանքի տեմպն ու ռիթմն ուրիշ են։ Անցյալում եղածից պետք չէ հրաժարվել, պետք է յուրացնել այն ու գտնել այսօրվա համար կիրառելի ձեւեր։ Ասում եմ՝ յուրացնել, որովհետեւ միայն այդպես է կարելի բացահայտել խնդրո առարկայի արժեքը։ Հակառակ դեպքում կլինի դետալների անհաջող վերարտադրություն։ Պետք է հրաժարվել ստախոսությունից։ Ասում ենք «շինարար ազգ», «քարից հաց քամող ազգ», կամ ասում ենք` մեր կոնյակը աշխարհի ամենալավ կոնյակն է։ Սրա էֆեկտը գործում է մինչեւ առաջին անգամ արտասահման մեկնելդ։ Հետո գալիս է դառը հիասթափությունը։ – Այսօր ստեղծագործող մարդու վրա ճնշումներ կա՞ն: – Բոլոր ժամանակներում ճնշումը ոչ թե դրսից, այլ ներսից է եղել: Լուսահոգի Ռաֆայել Իշխանյանը մի անգամ պատմեց, որ պատերազմից հետո իր գրած բանաստեղծությունները տարել է տպագրելու, ասել են` «շատ լավ է, մի հատ էլ Ստալինի մասին գրի` կտպենք»: Այսօր մենք Ռաֆայել Իշխանյան անունով բանաստեղծ չունենք, որովհետեւ նա պարզապես հրաժարվել էր բանաստեղծություն գրել։ Մարդու ազատությունը երեւի սկսվում է հրաժարվել կարողանալուց։ Հակառակն էլ կարող եմ ասել։ 2000 թվականի օգոստոսին Հանրապետության հրապարակում նշվում էր մեր Անկախության Հռչակագրի 10-ամյակը։ Գրասենյակիս պատուհանից պարզ լսելի էր հաղորդավարի ձայնը։ Կարդում է Հռչակագրի տեքստը, չի կարդում ստորագրությունները՝ ՀՀ ԳԽ Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյան, ՀՀ ԳԽ քարտուղար Արա Սահակյան։ Վստահ եմ, այդ միջոցառման սցենարը գրողին, որը քաղաքապետարանի կամ թաղապետարանի ինչ-որ կուլտմասավիկ պիտի եղած լիներ, ոչ ոք հատուկ չէր զգուշացրել մկրատել Հռչակագրի (պատմական փաստաթղթի) ստորագրությունները։ Քաղաքի ժարգոնով ասած, մարդը վնուշկեքի մեջ է եղել։ Բայց լսողը կարող էր մտածել, որ ամենավերին ատյաններից մատ են թափ տվել խեղճ կուլտմասավիկի վրա։ Նշածս երկու դեպքում էլ կարեւորը նախադեպն է։ Իշխանյանից առաջ մի անտաղանդ պնակալեզ (կամ մի քանի) գործն առաջ տանելու համար մի հատ էլ (կամ մի քանի) առաջնորդին նվիրված ստիխ էին գրել, եւ դա դարձել էր կյանքի կանոն։ Կուլտմասավիկի դեպքում էլ նույնն է լինելու։ Ճնշումը մեզնից դուրս է ծավալվում, ու որքան մենք փոքրանում ենք, ինքն այնքան մեծանում է։ Այստեղ նորից հիշեմ տասը հոգու համար նախատեսված միկրոավտոբուս խցկվող քսանհինգերորդ ուղեւորին։ Ինքն է, չէ,՞ ընտրում վիզը ծուռ երթեւեկելու ձեւը եւ քանի որ ինքն է ընտրել, չի ընդդիմանում, երբ վարորդը պատրաստվում է վերցնել քսանվեցերորդին։ Այսպես է։ – Այսօր կարծես սովորական երեւույթներ են դարձել միտինգները, տարբեր հանրահավաքները: 1988-ի միտինգների ժամանակ բոլորի ցանկությունը մեկն էր, միացումը գաղափարական էր, հետեւաբար ռեալ ուժ էր: – Ֆրունզե Դովլաթյանի «Բարեւ, ես եմ» ֆիլմում մի հատված կա՝ վավերագրական կադրերով։ Շախմատի առաջնությանը, որտեղ Տիգրան Պետրոսյանը պիտի չեմպիոն դառնար, Երեւանի օպերայի հրապարակում հետեւում էին բազմաթիվ մարդիկ։ Այս կադրերի վրա հնչում է ֆիլմի հեղինակի կամ հերոսի հարցը. «Ի՞նչն է բերել նրանց այստեղ, շախմատի նկատմամբ սե՞րը, թե՞ վիրավորված ազգի արժանապատվությունը»։ 88-ին վիրավորված ազգի արժանապատվությունն էր՝ գումարած տեղեկատվության պակասը։ Դրանից հետո էլ մարդիկ հրապարակներ են դուրս գալիս նույն պատճառով։ Վիրավորանք կա ու վիրավորանքը վտանգավոր լիցքեր ունի։ Կարծում եմ, եթե մարդիկ իրենց տանն ունենային «Ա1+» կամ դրա նման մի հեռուստաալիք, հրապարակներ դուրս չէին գա։ Չունեն, դուրս են գալիս։ Ժողովուրդն այլ կարծիք իմանալու պահանջ եւ իրավունք ունի: – Հասարակության, մարդկանց այսօրվա դեֆորմացիաներն ինչի՞ հետեւանք են: – Բոլոր դեֆորմացիաները գալիս են հոգեւորի բացակայությունից։ Որքան պակասում է հոգեւորը, այնքան մարդն ավելի շատ է ձգտում նյութին։ Բայց հակառակը չի լինում՝ նյութականի ավելացումից մարդը չի ձգտում հոգեւորի։ Հավասարակշռության համար պետք են հոգեւոր ծանրակշիռ արժեքներ։ Հոգեւոր ասելիս հաճախ հասկանում ենք մեր վանքերն ու խաչքարերը, կրոնականն ու ծիսականը։ Իմ կարծիքով, ամենակարեւոր արժեքն ինքնագնահատումն է։ Եթե ես չհասկանամ, որ իմ 1 ու 82 հասակով, 100 կգ քաշով ԱՄԲՈՂՋԻ մի աննշան, չնչինագույն մասնիկն եմ, կդառնամ անկառավարելի՝ պատրաստ կյանքի վայելքների համար ամեն ստոր բան անելու։ Պետք է ընտրել գաղափարներ, որոնք ձեւակերպված են թանձրացական գոյականներով։ Երբ քաղաքական մարդիկ ասում են՝ արդարություն, դրա վերացականությունը ինձ տեղափոխում է վերգոյական միջավայր՝ կանաչ պարտեզում իր ձայնի նման անմարմին մի թռչուն է երգում ու շուրջը ճերմակ թեւերով հրեշտակներ են ֆռֆռում։ Իսկ եթե ասեն հաց, կպատկերացնեմ ցորենի արտ, որտեղ կա աշխատանք եւ արդյունք։ Ասում են՝ աղքատության վերացում, չիմանալով անգամ, թե ինչ է այն։ Անկեղծ ասեմ, ես էլ չգիտեմ, թե ինչ է աղքատությունը։ Եվ սա երեւի նորմալ է։ Որովհետեւ եթե տանդ լույս կա, տաք ջուր կա, տաք ու համեղ ճաշ կա, ինչքան էլ վառ երեւակայություն ունենաս, չես պատկերացնի աղքատությունը։ Մի անգամ նկարահանման համար եղա մի ծայրահեղ աղքատ ընտանիքում ու հասկացա, որ մեր իմացած բառերը վաղուց լքվել են իրենց իսկական իմաստներից։ Ես եղա, տեսա եւ հասկացա։ Իսկ թեկնածուները, որ չեն եղել, չեն տեսել ու չեն հասկացել, ընդամենն ուզում են աղքատության ձայները շահել։ Լավ չի, չէ՞։ – Այս վիճակից ելքը ո՞րն է: – Ճշգրիտ ինքնագնահատումն արդեն ասացի։ Երկրորդ ամենակարեւոր խնդիրը կրթությունն է։ Մենք պետք է կրթվենք։ Մենք պետք է մեր երեխաներին կրթենք մարդկային ժամանակակից արժեքներով։ Խոսքն ինտերնետի մասին չէ։ Եվ ամենակարեւորը՝ ժողովրդին պետք է տալ ընտրության հնարավորություն։ Սա կարող է լինել նաեւ սխալվելու հնարավորություն։ Պիտի սխալվելով հասկանա, որ հենց այնպես ուռա-ուռա չեն գոռում։ Ժողովուրդը կենսունակ է։ Կսխալվի եւ կուղղի իր սխալը։ Պետք է սխալվի, որ ձեռ քաշի միֆերից, հրաժարվի պատրանքներից։ – Մտավորականությանը միշտ ինչ-որ դերեր է վերագրվում: Այսօր արդեն պարտադիր երեւույթ է դարձել, որ մշակույթի գործիչը պետք է քաղաքական կյանքում իր մասնակցությունն ունենա: Ո՞րն է, կամ կա՞ այդպիսի դեր: – Սովորաբար PR-ի նպատակով մտավորականներին օգտագործում են։ Մեզ մոտ էլ են փորձում անել դա, բայց կարծում եմ՝ չի ստացվում։ PR-ը շատ լուրջ գործ է եւ դրա համար օգտագործված ամեն ինչ պետք է բացառիկ ազդեցիկ լինի։ Մասնագետը պիտի հաշվի. այս կամ այն դերասանը, գրողը կամ պարողն իր թեկնածուին քանի ձայն է բերելու կամ բերելո՞ւ է, թե՞ ոչ։ Ցավոք, մեզ մոտ մտավորականներին PR-ի մասնագետները չեն ընտրում, իրենք գնում ու ներկայանում են, որ հետո ինչ-ինչ հարցեր լուծեն։ Մեծ հաշվով, մտավորականների մասնակցությունն ընտրություններին իրականացվում է աղքատության վերացման ծրագրի շրջանակում։ Մի կարծիք էլ կա, թե նրանք բոլորը ծախված են։ Ես չեմ բացառում համակրանքի կանխավարկածը, բայց համակրելու դեպքում իսկ մտավորականը պետք է տասն անգամ մտածի, իր խոսքն օգո՞ւտ է, թե՞ վնաս, ինքն իրավունք ունի՞ այդպես խոսելու, թե՞ ոչ։ – Իսկ ինչպե՞ս ես վերաբերվում տեղային հակադրություններին՝ ղարաբաղցի, երեւանցի, ապարանցի, գյումրեցի, քաղաքացի, գյուղացի եւ այլն։ – «Ուրախ քաղաք է. մի քաղաք է, ուր գյուղացիք իրար գեղցի են կոչում». ասել է Արմեն Շեկոյանը եւ ես բան չունեմ ավելացնելու։ ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել