ԱՄՆ ղեկավարությունը պատժամիջոցներ է կիրառում ԱՄՆ-ի պաշտոնյաները հայտարարել են, որ Իրաքում դեռ մի քանի տարի չի կարող ձեւավորվել աշխատունակ կառավարություն եւ որ նույնքան ժամանակ կոալիցիոն ուժերը կպահպանեն իրենց ռազմական ներկայությունը այդ երկրում։ Բնականաբար, այդ հայտարարությունը չի կարող գոհացնել տարածաշրջանի համարյա բոլոր պետություններին։ Միաժամանակ ամերիկացիները սկսել են ճնշում գործադրել ՄԱԿ-ի վրա, որպեսզի վերջինս վերացնի Իրաքի հանդեպ գործող տնտեսական սանկցիաները, որոնք, առաջին հերթին, վերաբերում են նավթի արտահանման սահմանափակումներին։ Պարզ ասած՝ ամերիկացիները ուզում են երկար իշխել նվաճած երկրում, անսահմանափակ արտահանել եւ վաճառել նրա ընդերքում գտնվող նավթը։ Չէ՞ որ հենց դա էր պատերազմի իրական նպատակը, իսկ մասսայական ոչնչացման զենքի առկայությունը (որը մինչ օրս չի հայտնաբերվել) ընդամենը առիթ էր։ Ի պատասխան ամերիկացիների պահանջի, Ռուսաստանը հայտարարեց, որ սանկցիաները կարող են հանվել միայն զանգվածային ոչնչացման զենքի որոնման ավարտից հետո, ինչը կարող են իրականացնել միայն միջազգային տեսուչները։ ԱՄՆ-ն, բնականաբար, կտրականապես դեմ է տվյալ դիրքորոշմանը եւ պնդում է, որ կոալիցիոն զորքերը ինքնուրույն կշարունակեն զենքի որոնման աշխատանքները։ Ակնհայտ է, որ օրերից մի օր ամերիկացիները «կհայտնաբերեն» զանգվածային ոչնչացման զենքի մի մեծ պահեստ եւ ոչ ոք չի կարողանա ճշտել կամ հերքել այդ փաստը։ Տեսականորեն պատերազմը արդարացված կլինի, սակայն համայն աշխարհը չի հավատա, որ դա ֆալսիֆիկացիա չէ (բայց ԱՄՆ-ին դա, ինչպես երեւում է, չի հետաքրքրում)։ ԱՄՆ-ի ղեկավարությունը այսօր զբաղված է ավելի կարեւոր խնդրով՝ պատժել բոլոր այն տերություններին, որոնք չեն սատարել Իրաքում պատերազմական գործողություններին։ Հատկապես մեծ ճնշում գործադրվեց Սիրիայի վրա, որը մասամբ տեղի տալով հայտարարեց, որ կհանձնի ամերիկացիներին իր երկրի տարածքում թաքնվող իրաքյան պաշտոնյաներին եւ որ ընդհանրապես պատրաստ է համագործակցելու ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի հետ։ Ամերիկացիների ամենամեծ զայրույթը առաջացնում է Ֆրանսիան։ Ամերիկյան ղեկավարներն ասում են, որ նա անպայման պետք է զղջա ԱՄՆ-ին չսատարելու համար։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա «պատժամիջոցները» արդեն սկսվել են կիրառվել՝ Կովկասը հայտարարվեց ԱՄՆ-ի ազգային շահերի գոտի, իսկ Վրաստանի հետ կնքվեց պայմանագիր, ըստ որի, ամերիկյան զինվորական միավորումները կարող են ազատ տեղաշարժվել Վրաստանի տարածքում։ Դա, իհարկե, հարված էր Ռուսաստանի ինքնասիրությանը՝ արդյունքում ՌԴ Պետդուման ընդունեց մի բանաձեւ, ըստ որի, ԱՄՆ-ի նման դիրքորոշումը հարվածում է Ռուսաստանի անվտանգության շահերին (եւ իսկապես հարվածում է)։ Չմոռանանք, որ այդպիսով Հայաստանն էլ է հայտնվում ԱՄՆ-ի ազդեցության գոտում։ Լա՞վ է դա, թե՞ վատ։ Առաջին հերթին փորձենք դիտարկել Ղարաբաղի խնդրի տեսակետից։ Եթե ԱՄՆ-ն իսկապես կարողանա դուրս մղել Ռուսաստանին տարածաշրջանից, ապա նրա դիրքորոշումը ղարաբաղյան խնդրում կարող է ավելի բարենպաստ լինել Ադրբեջանի համար՝ ելնելով հենց ԱՄՆ-ի շահերից։ Իսկ ճնշում գործադրելու լծակը մենք ազգովի արդեն տվել ենք՝ դա ժողովրդավարության հետ ոչ մի կապ չունեցող նախագահական ընտրությունների անցկացումն էր (թվում է, որ խորհրդարանական ընտրություններն էլ կանցնեն նույն ոճով)։ Մռայլ հեռանկար է, որը մեր ղեկավարությունը կարծես թե չի գիտակցում։ Միակ հույսն այն է, որ ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը վերջիվերջո լեզու կգտնեն, իսկ Կովկասը կմնա առավելապես Ռուսաստանի ազդեցության ոլորտ։ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՂԱՄԱԼՅԱՆ