«ԴԵՌ ՎԱՂ Է ՏԱԼ ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ -ՋԵՅՀԱՆԻ ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏԸ» Իրաքյան պատերազմի ավարտից հետո վերլուծաբաններն էլ ավելի հաճախ են անդրադառնում այն հարցին, թե «որքանով կփոխվի ԱՄՆ վերաբերմունքը իրենց երկրների եւ տարածաշրջանների նկատմամբ»: Վրաց առաջատար քաղաքագետ, «Զարգացման եւ համագործակցության կենտրոնի» տնօրեն Իվլիան Խաինդրավայի հետ հարցազրույցի ստորեւ ներկայացվող հատվածում արծարծվում է ներկայումս հարավկովկասյան տարածաշրջանում ԱՄՆ շահերի խնդիրը: – Իրաքյան պատերազմը եւ ընդհանրապես այս ողջ ճգնաժամը մեկնաբանվում է տարբեր տեսանկյուններից: Ոմանք պնդում են, որ ԱՄՆ-ն ղեկավարվում էր լրջագույն ու արմատական աշխարհաքաղաքական փոփոխությունների հասնելու ցանկությամբ, մյուսները կարծում են, որ բոլոր գործողությունների նպատակն ու պատճառը նավթն էր եւ միայն նավթը: Սրանցից ո՞րն է ավելի մոտ իրականությանը: – Մենք բազմաթիվ առումներով ապրում ենք բացառիկ ժամանակներում: Եվ այդ բացառիկության դրսեւորումներից մեկն այն է, որ մարդկությունը մինչ այժմ չի ապրել այնպիսի հզոր տերության օրոք, ինչպիսին ԱՄՆ-ն է: Ոչ Ալեքսանդր Մակեդոնացու, ոչ Չինգիզ Խանի, եւ նույնիսկ XIX դարավերջի Բրիտանական կայսրության ժամանակները չեն կարող համեմատվել այսօրվա իրավիճակի հետ: Որովհետեւ մինչ օրս չի եղել այնպես, որ մի պետությունը կարողանա անմիջականորեն ազդել աշխարհի բառացիորեն ցանկացած կետի վրա: Եվ երբ սեպտեմբերի 11-ին այդ տերությանը դաժան մարտահրավեր նետեցին (մարտահրավեր, որին իմ կարծիքով արժանի չէր), նա սկսեց պատասխան տալ: Սկզբում ԱՄՆ-ն գործեց Աֆղանստանում: Բայց ոչ աշխարհը ու ոչ էլ իրենք՝ ամերիկացիները, դա չընկալեցին որպես սեպտեմբերյան մարտահրավերին համարժեք քայլ: Այդ պատճառով գործողությունը սկսեց ծավալվել, եւ հաջորդ թիրախը դարձավ Իրաքը: – Այսինքն, դուք համարում եք, որ Իրաքը հակաահաբեկչական պայքարի շարունակությո՞ւնն է: – Իրաքի դեպքում կա հարցերի մի ամբողջություն: Նախեւառաջ սա ԱՄՆ-ի ուժի եւ հնարավորությունների ցուցադրումն էր: Ընդ որում՝ ցուցադրում ողջ աշխարհին առանց բացառության: Նաեւ՝ հանցավոր բռնապետական ռեժիմների նկատմամբ անհանդուրժողականության ընդգծում: Չէ որ Հուսեյնի ռեժիմը ռեպրեսիվ էր: Մենք գիտենք, որ մոտ 4-5 մլն իրաքցիներ ստիպված էին արտագաղթել երկրից, բազմաթիվ քաղաքացիներ գտնվում էին բանտերում, քրդերի դեմ կիրառվել էր քիմիական զենք եւ այլն: Այս պատմության մեջ կա նաեւ Իսրայելին ապահովագրելու, եւ այդպիսով պաղեստինա-իսրայելական արդարացի կարգավորման համար հուսալի դաշտ ստեղծելու նպատակ: Վերջապես, ամերիկացիները, գուցե ինչ-որ չափով նաեւ անգլիացիները, Իրաքում կունենան առաջնահերթություններ, եւ այդ առումով ակնհայտ է, որ ֆրանսիացիներն ու գերմանացիներն արդեն անցել են այս ամենի կողքով: Այնուամենայնիվ, իրաքյան գործողություններից առաջ Վրաստան ու Ադրբեջան սկսեցին ներմուծվել խողովակներ՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի համար: Ես կարծում եմ, որ դժվար թե որեւէ մեկը ուզենար միջոցները քամուն տալ. չէ որ նույն այդ ամերիկացիները բավական պրագմատիկ մարդիկ են: Համաշխարհային շուկայում իրաքյան նավթի հայտնվելուց հետո կասպյան նավթի նշանակությունը հնարավոր է նվազի: Բայց ես Բաքու- Թբիլիսի-Ջեյհան նավթատարը միշտ համարել եմ քաղաքական, եւ հետո միայն տնտեսական ծրագիր: Երբ նավթատարը հասնի իր ծրագրային հզորություններին, Վրաստանի եկամուտները կկազմեն տարեկան 55 մլն դոլար: Նույնիսկ Վրաստանի ծիծաղելիորեն չնչին բյուջեի համար սա որոշիչ գումար չէ: Այդ փողերով միանգամից լավ չես ապրի, առանց այդ 55 միլիոնի Վրաստանը որպես պետություն չի փլուզվի: Բայց ես վստահ եմ, որ ամերիկացիները առաջվա նման հետաքրքրված են այս ծրագրի քաղաքական նշանակությամբ: Համոզված եմ, որ Վրաստանի եւ Ադրբեջանի իշխանությունները ԱՄՆ-ից երաշխիքներ են ստացել, որ այս ծրագիրը կիրականացվի՝ անկախ իրաքյան գործերից: – Երաշխիքներ, որոնք ստացվել են իրաքյան գործողություններից անմիջապես առա՞ջ: – Ակնհայտ է, որ այն պահին, երբ որոշվում էր Իրաքում ռազմական գործողության հարցը, երբ վրացական եւ ադրբեջանական ղեկավարները քննարկում էին այդ պատերազմի նկատմամբ իրենց վերաբերմունքը, հենց այդ ընթացքում էլ ստացվել են նավթատարի մասին երաշխիքները: Նավթատարը Ադրբեջանի եւ Թուրքիայի համար ոչ միայն քաղաքական, այլեւ տնտեսական ծրագիր է: Կարող է նշանակություն ունենալ նաեւ այն պատճառով, որ ամերիկացիները շահագրգռված են որքան հնարավոր է շատ աղբյուրներից էներգառեսուրսներ դուրս բերել համաշխարհային շուկա, հետաքրքրված են երկրորդական, «ամեն դեպքի համար» գործող նավթային ծրագրերով: Բացի այդ, մենք անկայուն ժամանակներում ենք ապրում, չկան մնայուն իրողություններ, ԱՄՆ աննախադեպ գերակայությունն էլ հավերժ չի լինի: Ղազախական նավթի հետ կապված իրավիճակն էլ սառեցված չէ: Եթե ինչ-որ բան փոխվի ռուս-ղազախական հարաբերություններում, չի բացառվում, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարը կարող է ստանալ հավելյալ խթան: Հետագայում նավթի արդյունաբերման տեսանկյունից կարող է նպատակահարմար դառնալ ղազախական նավթը Բաքու-Թբիլիսի-Ջեյհանին միացնելը: Այնպես որ, ակնհայտորեն դեռ վաղ է տալ Բաքու-Թբիլիսի-Ջեյհանի հոգեհանգիստը: – Ինչո՞ւ է ԱՄՆ-ն նման ծախսեր անում կասպյան նավթատարի համար, եթե, ինչպես ցույց տվեցին իրաքյան իրադարձությունները, քաղաքական խնդիրները կարելի է լուծել ոչ քաղաքական միջոցներով: Ի՞նչ իմաստ ունեն քաղաքական նման զբաղմունքները: – Իհարկե, ժողովրդավարության հաստատման համար ողջ աշխարհով մեկ խաչակրաց արշավանք կազմակերպելը ԱՄՆ օրակարգում չկա: Այնուամենայնիվ, Միացյալ Նահանգները շահ ունի աշխարհի տարբեր մասերում, այդ թվում նաեւ Հարավային Կովկասում իր հենակետերն ունենալու մեջ: Մանավանդ որ, այս հարցում այդ շահագրգռությունը փոխադարձ է: Բացի գաղափարախոսական կողմից, ակնհայտորեն երեւում են նաեւ զուտ պրագմատիկ նպատակներ: Երբեմն Հարավային Կովկասով այդ պրագմատիկ հետաքրքրությունը որոշակիորեն զայրացնում է, այդ թվում նաեւ ինձ, քանի որ պահեր են լինում, երբ պրագմատիզմը գերակշռում է որոշ արժեքների: Ասենք՝ նույն Շեւարդնաձեի ռեժիմն արժանի չէ ամերիկացիների այսպիսի ջերմությանը: Թեեւ Շեւարդնաձեի ռեժիմը ռեպրեսիվ համարել չենք կարող. դա ոչ թե ռեպրեսիվ, այլ թույլ ռեժիմ է, վատ վարչարարություն, իշխանության վատ իրականացում, հայտարարությունների եւ իրականության տարանջատվածություն: Բայց եկեք խոստովանենք, որ Շեւարդնաձեի ռեժիմը վտանգներ չի առաջացնում ոչ հարեւանների, ոչ էլ սեփական բնակչության համար: Ալիեւի ռեժիմը ավելի կոշտ է, ավելի ասիական: Բայց երբ կշեռքի վրա դրվում են պրագմատիկ եւ գաղափարախոսական շահերը, պրագմատիզմն այնուամենայնիվ դեռեւս գերակշռում է: Իսկ ընդհանրապես ինձ թվում է, որ ամերիկյան ձեւով աշխարհակարգն ավելի լավ է, քան համաշխարհային խառնաշփոթը: ԼԱՈՒՐԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ «Ռեգիոն» կենտրոնwww. hetq.am/ru/region/html