Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչ անում եք՝ ձեզ եք անում

Ապրիլ 26,2003 00:00

Ինչ անում եք՝ ձեզ եք անում Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուեյի երեկ կայացած ամենամսյա հանդիպումը լրագրողների հետ որեւէ առանձնահատուկ հայտարարությամբ չնշանավորվեց։ Պարոն Օրդուեյը հերքեց կարծիքն այն մասին, որ Ջորջ Բուշի շնորհավորական ուղերձը մեր նախագահին այնքան էլ շնորհավորական բովանդակություն չունի. ասելով, որ «ես ծանոթ եմ նաեւ այլ ուղերձների եւ մեծ տարբերություն չեմ տեսնում»։ Իսկ թե ինչու այն չի հրապարակվել՝ «դա ձեր իշխանությունների որոշելիք հարցն է, ես այդ ուղերձը համարում եմ մի նախագահի նամակ մյուս նախագահին եւ ստացողը պիտի որոշի՝ ինչպես վարվել դրա հետ»։ Որեւէ կարծիք իր կողմից Ջոն Օրդուեյը չարտահայտեց, թեպետ «հանդիպումներ են եղել ընդդիմության հետ, որպեսզի տեղյակ լինեմ, թե ինչ է կատարվում»։ Պարոն դեսպանը որեւէ տեսակետ չհայտնեց նաեւ Սահմանադրական դատարանի հայտնի վճռի վերաբերյալ, կրկին համարելով, որ «բոլոր մեկնաբանություններն ու գնահատականները ձեր երկրի մասին են, ինձ համար չեն եւ իմ մեկնաբանության խնդիրը չէ», եւ որ «ցանկացած նման դեպքից, երեւույթից պետք է դաս քաղի միայն տվյալ երկրի իշխանությունն ու հասարակությունը»։ «Իսկ միջազգային դիտորդների գնահատականները ոչ մի դեր չխաղացի՞ն եւ այսուհետ է՞լ դեր չունեն» հարցին հետեւեց Ջոն Օրդուեյի պարզաբանումը միջազգային դիտորդների առաքելության մասին ընդհանրապես, այն է՝ «անաչառ գնահատական տալ ընտրություններին, ինչն արվում է տվյալ երկրի ժողովրդավարական զարգացման համար»։ Ինչ վերաբերում է խորհրդարանական ընտրություններին, ապա ԱՄՆ դեսպանը պատրաստ է գնալ ընտրատարածքներ, ինչպես արել է նախորդ ընտրությունների օրերին։ Ամերիկյան Սենատն առայժմ չի հաստատել Հայաստանին տրվող օգնության այս տարվա չափը, սակայն պարոն Օրդուեյը վստահ է, որ «Իրաքյան պատերազմի վրա կատարված ծախսերը դեր չեն խաղա այդ գործում»։ Մեզ հետաքրքրեց, թե ինչո՞ւ է գնալով աճում ԱՄՆ մուտքի վիզա ստանալու համար սահմանված գումարի չափը, որը վաղուց հատել է 50 դոլարի սահմանագիծը։ Պարոն Օրդուեյը նշեց, որ այդ գումարն անփոփոխ է բոլոր երկրներից ԱՄՆ մեկնել ցանկացողների համար եւ որ այն աճում է՝ կապված հիմնականում անվտանգության ծառայության բարելավման հետ։ Դեսպանի տեղեկացմամբ, երկիր մուտք գործելու ԱՄՆ դեսպանատան թույլտվությունը ստանալու համար վճարվող գումարի չափն այժմ 100 դոլար է։ Ի դեպ, առաջվա պես մերժվում է դիմորդների մեծ մասը։ Պարոն Օրդուեյը մարդու իրավունքների ոտնահարում չի տեսնում այն հարցում, որ մերժում ստանում են նաեւ առանց «կրիմինալ» կամ կասկածելի անցյալի, ավելին՝ պատշաճ ու հիմնավոր փաստաթղթեր ունեցող հայ քաղաքացիներ։ «Հիմնական որոշիչ դերը չմերժվելու համար այն է, որ դիմորդը կարողանա մեր աշխատակցին համոզել, թե անպայման կվերադառնա»,- ասաց պարոն դեսպանը։ Ու քանի որ վերջին տարիներին «անթիվ-անհամար հայեր ներկայացրել են կեղծ փաստաթղթեր ու չեն վերադարձել, մենք չենք կարող երաշխավորել որեւէ մեկի համար ու մերժումների քանակն, ինքնըստինքյան, բարձրացել է»։ Ի դեպ, ըստ տրված տեղեկության, վերջին մեկ-երկու տարում ԱՄՆ գնացողների թիվը նվազել է, վերջին ամիսներին էլ այդ «նվազ» թիվը մնացել է անփոփոխ։ Պարոն Օրդուեյը չբացառեց, որ նվազման համար որպես ազդեցիկ գործոն կարող էր հանդիսանալ նաեւ մուտքի վճարի աստիճանական թանկացումը։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել