Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԴԵՐՆ ԱՅԴՔԱՆ ԷԼ ՄԵԾ ՉԷ»

Ապրիլ 26,2003 00:00

«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԴԵՐՆ ԱՅԴՔԱՆ ԷԼ ՄԵԾ ՉԷ» Հարցազրույց Հանրային հեռւստատեսության եւ ռադիոյի խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի հետ Կարելի է պատկերացնել ընթերցողի տարակուսանքը՝ «Հ1»-ի ղեկավարը իրեն «հասարակության կազմակերպիչ, շարժիչ, ուղղորդիչ ուժ» չհամարի՞: Պատահում է: Մի կողմից Ալիկ Հարությունյանը երկար է աշխատել պետական կառույցներում՝ լրատվամիջոցների դերի առնչությամբ պատրանքներ ունենալու համար: Մյուս կողմից8230 բնութագրական մի միջադեպ: «1993-ի ձմեռն է, որի մասին նույնիսկ նախագահականում կատակում էին՝ «Անցնի՝ հայերով հավաքվենք-նկարվենք»: Ալիկ Հարությունյանը Տեր-Պետրոսյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալն է: Երեւանում ցույցեր, հանրահավաքներ են գումարվում, մարդիկ երթերով գալիս են նախագահական՝ պահանջելու Տեր-Պետրոսյանի հրաժարականը: Հերթական անգամ, երբ նախագահականի առջեւ վանկարկում են «Լեւո՛ն, հեռացի՛ր», Ալիկ Հարությունյանին ուղարկում են ցուցարարների հետ բանակցելու: Գնում է: Այդքան երիտասարդ մեկին տեսնելով, մարդիկ չարացածությունը թողնում են. «Տղա՛ ջան, ի՛նչ անենք՝ սխալվել ենք, դու էլ ես Լեւոնին ընտրել, մենք էլ. սխալվել ենք, ուղղել է պետք, մտածել…»: Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ պատասխան է հնչում. «Ես Տեր-Պետրոսյանին չեմ ընտրել, ով ընտրել է՝ թող նա էլ մտածի»: Նախագահականի աշխատակցի անակնկալ պատասխանից ցուցարարները այնպիսի շփոթության մեջ են ընկնում, որ այլեւս չի հնչում հարց, որին պատասխանելը Ալիկ Հարությունյանի ուժերից վեր լիներ»: Այս պատմությունը լսել էի 93-ին Ալիկ Հարությունյանից, այժմ ինքը դժվարանում էր վերհիշել միջադեպը, բայց ծիծաղեց՝ «Ասած կլինեմ»: 93-ից տարիներ են անցել, վերելքներ եւ վայրէջքներ, սակայն կաղապարներ շրջանցող մտածողությունը եւ կյանքին թեթեւությամբ նայելը կարողություն է, որ ներկայացվող հարցազրույցում էլ երեւում է: – Պրն Հարությունյան, ասում եք՝ խորհրդարանական ընտրարշավը միջազգային չափանիշներին համապատասխա՞ն եք անցկացնելու: – Ասում եմ, եւ այդպես էլ լինելու է: Միջազգային, նաեւ իմ չափանիշներին համապատասխան: «Հայլուրի» թողարկումներում համամասնական ընտրապայքարի մեջ մտած կուսակցություններ-դաշինքների ընտրարշավը լուսաբանող լրագրողները պահպանելու են օբյեկտիվությունը: Քարոզչություն ցանկալի չէ, հակաքարոզչությունն արգելված է ընդհանրապես: Հիմնական կուսակցությունների ընտրարշավը՝ ջանալու ենք առանձնապես լայնորեն լուսաբանել՝ ոչ միայն լրատվական թողարկումներում, այլեւ հեղինակային ծրագրերով: «Հայլուրից հետո» ծրագրից բացի արդեն եթերում է «131 հայ» բանավեճ-հաղորդումը, մասնակցությամբ դիմության եւ ընդդիմության ներկայացուցիչների: Կլինեն նաեւ այլ հաղորդումներ: Ընդհանրապես «Հ1»-ի եւ Հանրային ռադիոյի նոր դեմքը՝ թե՛ տեխնիկական վերազինվածության, թե՛ հաղորդաշարերի փոփոխության, թե՛ որդեգրվող նոր լրատվական քաղաքականության առումով հանրությանը կներկայացվի սեպտեմբերին, նոր եթերաշրջանի բացմանը: Խորհրդարանական ընտրարշավում կփորձեմ լրատվական-վերլուծական բլոկի նոր կողմնորոշիչները ներդնել՝ լրատվության անկողմնակալություն, հրատապություն: Խնդիր է դրված նաեւ տեղեկատվական աշխարհագրությունը ընդլայնելու՝ աղբյուրների առումով ի հաշիվ մարզերի եւ արտերկրի: – «Հ1»-ում սպասվող փոփոխությունների թեման, եթե կարելի է, թողնենք վերջաբանին: Ընտրություններին անդրադառնանք. գիտե՞ք, 95-ից ի վեր ես չեմ հիշում մի համապետական ընտրություն, որտեղ «Հ1»-ը չզբաղվեր սահմաններ անցնող հակաքարոզչությամբ, կամ առնվազն իշխանամետ քարոզչությամբ: Իմ մտքով չի անցնում, ինչու են մասնավոր ընկերությունները քծնում եւ հայհոյում, բայց «Հ1»-ի դեպքում ընդունելի բացատրություն չեմ գտնում: – Այն, ինչ եղել է՝ եղել է, չեմ պատրաստվում ժխտել: Բայց մի դրական առաջընթաց կա: Այսօր հեռուստատեսությունը եւ ռադիոն ոչ միայն ֆորմալ առումով, այլեւ ռեալ, ղեկավարվում եւ վերահսկվում են դրան կոչված պաշտոնատարի՝ խորհրդի նախագահի կողմից: Ինձ որեւէ պաշտոնյա կամ քաղաքական գործիչ չի զանգահարում ցուցումներ տալու: Ես եմ որոշում եւ խորհուրդը: Կատարվող քայլերի համար էլ, իհարկե, ես եմ պատասխանատվություն կրում: Եվ ճիշտ քայլերը եւ սխալները ինձնից են կախված, դրանք ուղղելը՝ նույնպես: Նախագահական ընտրարշավի առնչությամբ ես հիմնականում ընդունում եմ մեր հասցեին հնչած քննադատությունը, այդ թվում՝ դիտորդական առաքելությունների կողմից: Թեեւ ունեմ բացատրություններ: – Իսկ խորհրդարանական քարոզարշավում այն պահից, երբ ակնհայտ լինի «Արդարություն» դաշինքի վերահաս հաղթանակը, չի՞ կրկնվելու նախագահականի պատմությունը՝ «Ցանկանում էինք ավելի լավ, ստացվեց ինչպես միշտ»: – Նախ ընդհանրապես ես չեմ կարծում, թե հայաստանյան հեռուստաընկերությունները /գուցե հեռուստատեսությունն ընդհանրապես/ հասարակական կյանքում այդքան մեծ հեղինակություն եւ դեր ունեն, որ ընտրությունների արդյունքի վրա ազդեն: Խորհրդարանական ընտրություններում անկախությունից ի վեր առաջին անգամ համամասնական ընտրացուցակում իշխանությունը ներկայացված չէ մեկ կուսակցությամբ կամ դաշինքով: Իհարկե, ես կանխատեսումներ ունեմ, թե համամասնական քվեները ինչպես կբաշխվեն, բայց դրանք ներկայացնելը կարող է դիտվել քարոզչություն: Իսկ ընտրարշավը մինչեւ վերջ լուսաբանվելու է այն չափանիշներով, որով սկսել ենք՝ անկախ կուսակցություն-դաշինքների վարկանիշերի տատանումներից, անկախ նույնիսկ մեր հասցեին հնչող ոչ կոռեկտ գնահատականներից: Նախագահականի առնչությամբ գուցե իմ անձնական ռեակցիան է դեր կատարել: Առաջին փուլում մեծ խնդիրներ չեն եղել, ինձ թվում է, նույնիսկ ինչ-որ տեղ Դեմիրճյանի հաջողությանը նպաստել ենք, քանի որ քաղաքական գովազդի րոպեներից հետո ամենաշատը ՀԺԿ առաջնորդը երեւում էր «Հայլուրի» եթերում՝ առանց բացասական երանգի: Միայն այդ ոչխարներ մորթվելն էր, դա էլ կարելի է կատակ համարել: Խնդիրները սկսվեցին այն պահից, երբ Դեմիրճյանին միացան որոշակի ուժեր: Կարծում եմ՝ երկրորդ փուլում կատարվածը բացատրելի հակազդեցություն էր նրանց ելույթներին եւ կոչերին: Այլ հարց է, թե ինչ ստացվեց, բայց ոչինչ անձնապես ուղղված չէր նախագահի թեկնածուի դեմ, նման նպատակադրում չի եղել: – Բարեկրթությունը պարտավորեցնում է հավատալ: Սակայն ակնարկված ուժերը այժմ էլ Դեմիրճյանի կողքին են՝ «Արդարություն» դաշինքում… – Միեւնույն է, գործելու ենք օբյեկտիվության չափանիշներով: Իմ համակրանքն ու հակակրանքը եթերում չի երեւա: Ասացի չէ՞, որ քննադատությունն ընդունել եմ… – Եթե այդպես է, ՍԴ որոշմանը «Հ1»-ի արձագանքը ինչո՞ւ վերածվեց հակաքարոզչության: Ի՞նչ է նշանակում՝ ով ասես հեռուստաեթերից ՍԴ որոշում մեկնաբանի, դեռ մի կողմ թողած, որ նման իրավասություն ՍԴ-ից բացի որեւէ ատյան կամ անձ չունի: – Լավ, ինչո՞ւ՝ ով ասես: – Որովհետեւ այդտեղ չի եղել մեկը, որը բարեխղճություն կամ գոնե լրջություն ունենար իր մեկնաբանությունները ներկայացնել՝ որոշման տեքստը ընթերցած: Երկրորդը եւ բովանդակայինը՝ բոլոր այդ ՍԴ-ին դասեր տվողները կիսագրագիտության այնպիսի մակարդակում են, որ իրավունքն օրենքից չեն տարբերում: Երրորդը… – Բայց եկ ընդունիր, որ հազիվ մի հարցում այս երկրում միակարծություն էր հաստատվել: Իշխանությունն էլ, ընդդիմությունն էլ լավ կարծիքի չէին ՍԴ որոշման մասին: Ի՞նչ անեինք, կուսակցություններին ամբիոն չտրամադրեի՞նք իրենց տեսակետը հայտնելու: Քաղաքական ուժերին ենք խոսեցրել, մեր լրագրողներն էլ իրենց կարծիքն են հայտնել: – Չեմ կասկածում՝ Ձեր թողտվությամբ… – /Ծիծաղում է – Լ.Պ./ Չէ, իհարկե, որեւէ առարկություն լրագրողներին ներկայացվել չի կարող: Քաղաքական ուղղվածությունն իմ պատասխանատվության ներքո է: Տվյալ դեպքում իմ կարծիքն էլ նույնն էր: – Դուք էլ համաձայնեք, որ քննադատելու շտապողականությունը խոսում է ոչ թե հիմքերի առկայության, այլ ավելի շուտ՝ դրանց բացակայության մասին: Սակայն իմ նպատակը ընտրությունների կամ ՍԴ որոշման հանդեպ վերաբերմունք ճշտելը չէ, այլ ուղղակի ցույց տալը, որ «Հ1»-ը, հակասելով իր անվանը եւ կարգավիճակին, շարունակում է մնալ քարոզչամեքենա, եւ ոչ-օրդինար իրավիճակներում դա ավելի է ընդգծվում: Այստեղից էլ ամենաէական հարցը՝ «Հ1»-ը երբեւէ համապատասխանելո՞ւ է իր կոչմանը՝ քարոզչամիջոցից դառնալո՞ւ է լրատվամիջոց: – Դառնալու է: Դա ժամանակի խնդիր է: Նաեւ հասարակական ընկալման խնդիր է: «Հ1»-ն իր ստեղծումից ի վեր եղել է պաշտոնական լրատվամիջոց, տասնամյակներ շարունակ իրականացրել է քարոզչություն եւ իներցիայով առժամանակ դեռ այդպես է ընկալվելու, նույնիսկ՝ լրատվական քաղաքականությունը վերանայելուց հետո: Կարծում եմ, այս անկախության տարիներին լրատվությամբ հագեցվածության եւ անկողմնակալության առումով Հայաստանում կայացած միակ լրատվամիջոցը, որ արժեձող է հաստատել կամ բարձրացրել, «Ազատություն» ռադիոկայանն է: Գոնե մինչեւ վերջերս այդպես էր: Ի դեպ, «Հայլուրի» նոր տնօրենն էլ «Ազատության» լրագրողներից է՝ Գնել Նալբանդյանը: Սեպտեմբերից հետո նոր եթերաշրջանում հիմնական փոփոխությունը հենց նորացված «Հայլուրն» է լինելու: Սկսած ստուդիայի ձեւավորումից, մուտքի տեսաշարից /գլխարկից/, մինչեւ ուղիղ եթերների պարբերականությունը՝ 2-3 ժամյա ընդմիջումներով: Թղթակցական կետերն են ընդլայնվելու, մարզերից ավելի շատ են լինելու տեսանյութեր, մեր լրագրողներին ավելի հաճախ ենք գործուղելու միջազգային կարեւորության իրադարձություններ լուսաբանելու: Հայաստանում գուցե առանձնապես չենք նկատում, բայց արբանյակային կապով մեզ դիտում են նաեւ արտերկրում՝ Մերձավոր Արեւելքից մինչեւ ԱՄՆ: Մուտքը միջազգային ասպարեզ իր չափանիշներն է թելադրում: Անշուշտ, նախ՝ լրատվության ամբողջականության, հրատապության, անկողմնակալության առումով: Այնուհետեւ՝ եթերն ընդհանրապես, ամբողջության մեջ, պետք է հեռուստադիտողին գրավի: Այլապես մրցակցության դժվար է դիմանալ, կայուն հեռուստալսարան ձեւավորել եւ արդարացնել այնպիսի թանկ հաճույք, ինչպիսին արբանյակային հեռարձակման համար կատարվող ծախսերն են: Միջազգային ասպարեզում դիտարժան լինելու, իսկ Հայաստանում եթերային առաջատարի դիրքեր ապահովելու համար, հարկավոր է հաղորդումների այնպիսի ցանց ապահովել, որտեղ տարբեր տարիքային խմբերի, կրթական մակարդակի, խավային պատկանելության մարդիկ օրվա ընթացքում գոնե մի հաղորդման կողքից չկարողանան անտարբեր անցնել: Կան մշակութային, իմացաբանական հաղորդումներ, որոնք հաջողված են: Դրանք կպահպանվեն, կավելանան նորերը: Սպորտային հաղորդումները աննախադեպ աշխուժանալու են: Ե՛վ ֆուտբոլի, ե՛ւ բասկետբոլի, ե՛ւ մի շարք այլ մարզաձեւերի երկրպագուները հեղինակավոր միջազգային մրցաշարերին հետեւելու հնարավորություն կունենան «Հ1»-ի եթերից: Թոք-շոուները, մի շարք այլ հեղինակային ծրագրեր ընդդիմության հնարավորինս լայն ներկայություն կապահովեն «Հ1»-ի եթերում: Կարելի է շարունակել, բայց քանի որ ընդդիմությանը հասանք, ընդգծեմ հետեւյալը: Խորհրդարանական քարոզարշավի ավարտից հետո էլ եթերում են լինելու հաղորդումները՝ որոնք ուղղակի հենվում են ընդդիմության մասնակցության վրա: Ընդդիմությունը լինելու է եթերում: Քարոզարշավն ինչ-որ եզակի հնարավորություն չէ, եւ պետք չէ եթեր մտնել բարդույթով, թե «Հ1»-ից հանրությանը դիմելու բացառիկ հնարավորություն է ստեղծվել կամ էլ վերջին անգամ ես «Հ1»-ում: Ահա թե ինչու ցանկանում են խնդրել, որ եթերային ժամանակը զուր չվատնվի միայն իշխանություններին հայհոյելու վրա: ԼՈՒՍԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ Հ.Գ. Ինչպես տեսնում եք, չնայած դիվանագիտական անցյալին, Ալիկ Հարությունյանը չի ասում այն, ինչ կարող էր լինել սպասելի եւ հարմար, այլ առավելապես այն, ինչ մտածում է: Ի դեպ, իր այդ հակումով նույնիսկ Ֆրանսիայում ՀՀ ժամանակավոր հավատարմատարի պաշտոնում մի հիշարժան արկած է ունեցել: Փարիզում ամենամյա մի բարեգործական ձեռնարկի հասույթները այդ տարի որոշվում է տրամադրել Հայաստանին: Բնականաբար միջոցառման բացումը պետք է կատարեն Փարիզի քաղաքապետը եւ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը: Ալիկ Հարությունյանը հանդիսավոր արարողությանը հասնում է կես ժամ ուշացումով: Հասկանալի է, ինչ անհարմարություն է պատճառել ներկաներին, այնպես որ ողջույնի խոսքը սկսում է ներողությամբ. «Ներողություն եմ խնդրում ուշացման համար: Ես չափազանց անհարմար եմ զգում: Ուղղակի Դուք էլ գիտեք՝ այս ժամերին Փարիզի ավտոճանապարհներին ինչ խցանումներ են, այնուհետեւ մեքենան ինչ-որ անսարքություն ուներ, մինչեւ կարողացա տաքսի գտնել, գիտեք, դա էլ ինչ բարդություն է..»: Քաղաքապետը՝ Ժակ Շիրակը, «չի դիմանում». «Խնդրեմ, բավական չէ՝ ուշացել է, դեռ ինձ էլ քննադատում է: Ճանապարհներին խցանումներ են, Փարիզում տաքսի չի գտնվում…»: Բոլորը ծիծաղում են եւ երեւի անմիջականության համար ՀՀ ներկայացուցչին ներում ուշացումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել