Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՈՉԱՐՅԱՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է, ՈՐ ԴՈՒՐՍ ՄՆԱՆՔ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻՑ

Ապրիլ 26,2003 00:00

ՔՈՉԱՐՅԱՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է, ՈՐ ԴՈՒՐՍ ՄՆԱՆՔ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻՑ Կարծում է Հայաստանի առաջին նախագահի նախկին խորհրդական Վահագն Խաչատրյանը -Թեեւ 1996-ին էլ անվավեր չհայտարարելով նախագահի ընտրության արդյունքները՝ ՍԴ-ն իր որոշման մեջ դարձյալ նշեց տեղի ունեցած խախտումների եւ կեղծիքների մասին, այնուամենայնիվ՝ նախկին իշխանությունն ավելի հանգիստ արձագանքեց դրան, քան այժմ: Ձեր կարծիքով՝ ո՞րն է ներկա արձագանքի պատճառը: – 1996-ին իշխանության գնահատականը միանշանակ էր, թե դա այնուամենայնիվ Սահմանադրական դատարանի որոշումն է եւ պետք է ընդունվի եւ հարգվի որպես այդպիսին: Հասկանալի է, որ ներկա իշխանությունն ինչպես իրավապահ համակարգի մնացած օղակներն էր պատկերացնում իր կրունկի տակ՝ այնպես էլ տրամադրված էր ՍԴ նկատմամբ, թե այն իր որոշմամբ պետք է հստակ արձանագրի, որ Ստեփան Դեմիրճյանի ներկայացրած բողոքը հիմնավոր չէ, եւ չպիտի լինեին այլ դրույթներ: Կարծում եմ՝ այս պատկերացումների չարդարացումն էր պատճառը, որ իշխանությունը հանկարծակիի եկավ ու անմիջապես սկսեց հայտնել իր դժգոհությունը՝ ամեն կերպ փորձելով հիմնավորել, թե ՍԴ-ն անցել է իր լիազորությունների սահմանը եւ չէր կարող ընդունել այդպիսի որոշում: Քոչարյանի գլխավորությամբ հասան այն աստիճանի, որ տարածեցին վարկաբեկման մի ալիք՝ անգամ մոռանալով, թե ամեն դեպքում՝ ՍԴ-ն ընդունել է իրենց ցանկալի ամենակարեւոր որոշումը եւ անփոփոխ թողել ընտրության արդյունքները: – Սակայն կարծիք կա, թե այս ամենը միայն խաղ է. իրականում որոշումը գոհացրել է իշխանությանը, բայց միջազգային հանրությանը ցուցադրելու համար, թե ՍԴ որոշումը նաեւ իրենց է նեղել՝ դժգոհության ցույցեր են անում: Հիմնավո՞ր եք համարում այսօրինակ մեկնաբանությունները: – Ամենատխուրն այն է, որ եթե նույնիսկ խաղ է՝ այն շատ թանկ է արժենում՝ դրա հետեւանքով վարկաբեկվում է ՍԴ-ն: Չեմ կարծում, թե միայն խաղի համար վճարեին այդ գինը: Թեեւ, իհարկե, Ռոբերտ Քոչարյանի համար ինչպես ՍԴ-ն, այնպես էլ պետական որեւէ կառույց արժեք չէ եւ նշանակություն չունի՝ կարեւորն իր սեփական խնդիրներն են: Այդ սկզբունքը նկատի առնելով՝ կարծում եմ, թե սա խաղ չէ՝ իշխանության վերաբերմունքն իրոք այդպիսին է: – Կարծում եմ՝ առիթ ունեցել եք շփվել Գագիկ Հարությունյանի հետ եւ կարող եք գնահատել՝ արդյոք իր մարդկային խառնվածքի առումով հնարավո՞ր էր, որ նա որոշում կայացներ առանց այն նախապես համաձայնեցնելու կամ գոնե դրա մասին իրազեկելու իշխանությանը: – Բարդ է գնահատելը: Համենայն դեպս, չէի ցանկանա, որ ՍԴ-ն ընդուներ նման որոշում՝ հաշվի առնելով, որ Ստեփան Դեմիրճյանի ներկայացրած հիմնական փաստերը որեւէ կերպ չհերքվեցին եւ ընդհակառակն՝ քննության ընթացքում հիմնավորվեց, թե խախտումներն այն չափերի են եղել, որ ընտրություններն անպայման պետք է ճանաչվեն անվավեր: Ցավում եմ, որ ՍԴ-ն չունեցավ նման որոշում կայացնելու համարձակություն: Ինչ վերաբերում է Գագիկ Հարությունյանին՝ ընդունված որոշումը բնորոշ է նրան: Եվ հաշվի առնելով, թե ինչ ճնշման տակ է նա գտնվում այսօր, ու նաեւ որոշումներ ընդունելիս նրա զգուշավորությունը, քաղաքական անցած ուղին՝ կարծում եմ, որ ինչ-որ հարցերում նա ձեռք բերած կլիներ համաձայնություն պետական առանձին օղակների հետ: Բայց համոզված եմ, որ դժգոհության բուն առարկա հանդիսացող որոշման հատվածը հստա՛կ չի եղել համաձայնեցված՝ համենայն դեպս, իշխանության հետ: – Արդյոք մտահոգի՞չ չէ, որ այս սաստիկ քննադատությունից եւ ՍԴ-ի վարկաբեկումից հետո ստեղծվեց մի իրավիճակ, որ Հայաստանում գոյություն չունի պետական որեւէ ատյան, որն անվիճելի հեղինակություն, արբիտր կլիներ ներքաղաքական վեճերում, որի եզրակացությունը կլիներ վճռորոշ: – Նաեւ այդ առումով եմ ասում, թե ափսոսում եմ, որ ընդունվեց այսպիսի որոշում: Իրոք, առաջացել է մի իրավիճակ, երբ քաղաքացիները չունեն վստահության որեւէ նշույլ իշխանության որեւէ օղակի նկատմամբ: – Անդրադառնանք այս ամենի հանդեպ միջազգային կառույցների որոշակիորեն փոխված վերաբերմունքին: Ասենք, ԵԽ ԽՎ պատվիրակության ղեկավարը տեսակետ արտահայտեց, թե հանրաքվեները լավագույն ճանապարհը չեն նման խնդիրներ կարգավորելու համար: Ձեր գնահատմամբ՝ ինչի՞ հետեւանք է դիրքորոշման փոփոխությունը; – Համաձայն չեմ այդ գնահատականին, թե փոխվել է: Սրանից ավելին ոչ ոք, մանավանդ նրանք, ովքեր ծանոթ են միջազգային այդ կառույցների Հայաստանին վերաբերող փաստաթղթերին՝ չէր էլ կարող պատկերացնել: Ավելին գրելը կնշանակեր ասել, թե մեր երկրի հետ այլեւս գործ չեն ունենալու, արժանի չենք քաղաքակիրթ աշխարհի հետ որեւէ կերպ հարաբերվելու: Համոզված եմ, որ դիտորդները չեն նահանջել իրենց եզրակացություններից: Ընդհակառա՛կն: Ռասել Ջոնսթոնն այժմ էլ վերահաստատեց իրենց գնահատականները, թե ընտրությունները Հայաստանում ընթացել են մեծ խախտումներով: Եվ Քոչարյանին ԱՄՆ-ի կամ Մեծ Բրիտանիայի ղեկավարների ուղերձներից ակնհայտ է, որ չեն փոխվել նաեւ նրանց դիրքորոշումները: Ինչ վերաբերում է հանրաքվեի վերաբերյալ Ռասել Ջոնսթոնի կարծիքին՝ ես էլ եմ նրան համակարծիք: Չեմ կարծում, թե արժե ժողովրդի վզին փաթաթել այն խնդիրները, որոնք կարելի է լուծել օրենքների միջոցով: – Այսինքն՝ Դուք նո՞ւյնպես անհաջող առաջարկ եք համարում վստահության հանրաքվեի անցկացումը: – Իմաստ չունի նման հանրաքվե անցկացնելը. վստահության հարցն արծարծվեց ընտրությունների ընթացքում, եւ ակնհայտ է, որ Ռոբերտ Քոչարյանն արժանացավ անվստահության: Ինչո՞ւ է պետք նորից խնդիրներ ստեղծել հասարակության համար: Բացի այդ՝ ինչո՞ւ պետք է այս ամենն էլի մեկ տարի մնա այս վիճակում, առավել եւս՝ ներքաղաքական ու արտաքին քաղաքական առկա խնդիրների պայմաններում: – Միջազգային հանրությունը կարեւորում է խորհրդարանի առաջիկա ընտրությունը՝ այն դիտելով իբրեւ Հայաստանի վերջին շանս՝ ապացուցելու, որ մեր երկրին խորթ չեն եվրոպական արժեքները: Ձեր կարծիքով՝ կա՞ որեւէ երաշխիք, թե Հայաստանը կկարողանա սրբագրել նախագահի ընտրության ժամանակ տեղի ունեցածը: – Տպավորություն ունեմ, թե միջազգային կառույցները «կրակն են ընկել» մեր ձեռքը եւ իրենք էլ չգիտեն՝ ինչպես վարվել մեզ հետ: Երկու ձեւ ունեն՝ կամ «կարմիր քարտ» ցույց տալ Հայաստանին եւ ասել, թե մեզ հետ այլեւս չեն շփվելու, քանի որ չենք կատարում ստանձնած որեւէ պարտավորություն, կամ էլ պիտի փորձեն շտկել իրավիճակը: Նրանք այժմ ընտրել են, ինձ համար առավել ընդունելի, երկրորդ ճանապարհը՝ իշխանությանը եւս մի հնարավորություն տալ, որ պետության զարգացումը վերադառնա այն կանոններին, որոնք ձեռք են բերվել Եվրախորհրդի հետ նախնական պայմանավորվածությունների շնորհիվ: Բայց ուղղակի համոզված եմ, որ հիասթափություն են ապրելու, քանի որ խորհրդարանի նախընտրական արշավն էլ սկսվեց օրենքի խախտումներով՝ նկատի ունեմ ԿԸՀ որոշումը, որով հիմնավորվեց, թե ինչու պետական պաշտոնյաներն իրավունք ունեն չազատվելով աշխատանքից՝ մասնակցել քարոզարշավին, նաեւ մի շարք ընդդիմադիր գործիչների չգրանցելը: Մեկ այլ վտանգ կա, որի մասին հրապարակավ խոսում են ե՛ւ Արտակ Սահրադյանը, ե՛ւ Ռոբերտ Քոչարյանը, թե ի՜նչ պարտադիր է, որ եվրոպական կառույցների գնահատականը մեր ընտրությունների վերաբերյալ լինի լավը: Կարծում եմ՝ նրանք նույնիսկ ցանկանում են, որ Եվրախորհուրդն ընդունի այդպիսի որոշում եւ մեր նկատմամբ պատժամիջոցներ կիրառվեն, կամ էլ՝ ինչպես Բելառուսի պարագայում էր, ժամանակավորապես կասեցնեն մեր անդամակցությունը: Հասարակության համար այդ ամենը կունենա շատ բացասական զարգացումներ: Իսկ իշխանավորների համար՝ հակառակը. նրանք հնարավորություն կունենան առավել ամրապնդել իրենց բռնատիրական մոտեցումները: Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել